«Սա նախազգուշացում էր, որ եթե ՀԱՊԿ-ը չի պաշտպանելու Հայաստանի շահերը, մենք դիտարկելու ենք այլընտրանքային տարբերակներ». քաղաքագետ

«Մեդիալաբի» զրուցակիցն է քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը

– Պարոն Օրդուխանյան, պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը Մոսկվա այցից առաջ Երևանում Զասի հետ հանդիպմանը բավականին կոշտ հայտարարություններ հնչեցրեց: Մասնավորապես նա նշել էր. «Մեր համբերությունը նույնպես անսպառ չէ, և մեր սահմաններին ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման բացակայության պարագայում մենք իրավունք ենք վերապահում խնդիրը լուծել ուժի կիրառմամբ»: Ինչով եք սա պայմանավորում, ինչ-որ բան փոխվե՞լ է մեր քաղաքականության մեջ, թե՞ ոչ:

– Արշակ Կարապետյանի հայտարարությունը հետևեց ՀԱՊԿ-ի կողմից ամիսներ շարունակ անգործությանը: Քանի որ մենք դաշնակցային հարաբերություններում իրավունքի շրջանակում մնացինք, սա կարծես թե նախազգուշացում էր, որ եթե ՀԱՊԿ-ը չի պաշտպանելու Հայաստանի շահերը, Հայաստանը դիտարկելու է այդ թվում նաև այլընտրանքային տարբերակներ:

Ես կարծում եմ` հայտարարությունը դրան էր ուղղված: Իհարկե մենք չպետք է թույլ տայինք, որ նրանք գային և տեղակայվեին մեր տարածքում, բայց կարևորը, որ հիմա դա ասվեց պաշտպանության նախարարի մակարդակով: Դրան էլ հետևեց արդեն Զասի հայտարարությունը, որը վտանգ տեսավ մեր սահմաններին:

Սա ցույց է տալիս, որ երբ մենք փորձում ենք ներկայանալ որպես պետություն, այդ դեպքում մեզ հետ հաշվի են նստում, այդ թվում նաև՝ ՀԱՊԿ-ի շրջանակում: Սա թերևս Մոսկվայում Սերգեյ Շոյգուի հետ հանդիպումից առաջ դիրքորոշման արտահայտում էր, և ես կարծում եմ, որ եթե ՀԱՊԿ-ը հետևություններ չանի այդ իմաստով, Հայաստանը բացեիբաց հայտարարեց, որ ինքն իրավունք ունի միջազգային իրավունքի շրջանակներում օգտագործել իր ողջ զինանոցը, և որպես այդպիսին կհամարեն նաև այլընտրանքային տարբերակների դիտարկումը, որովհետև Ֆրանսիայի կողմից մենք վստահաբար ունեցել ենք պաշտպանության ոլորտում աջակցության առաջարկ:

– Նաև Զասն ասում էր, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունից էլ մեծ ակնկալիքներ ունի: Սա ի՞նչ է նշանակում:

– Երբ Հայաստանը ցույց տվեց դիրքորոշում, այդ ժամանակ ՀԱՊԿ-ում հասկացան, որ սուբյեկտի հետ գործ ունի, որքան էլ մենք այսօր թուլացած վիճակում լինենք: Դա ցույց տվեց, որ Հայաստանը շատ կարևոր է ռազմավարական իմաստով և լուռ կամակատար չի դառնալու:

Սա հստակ մեսիջ էր, որ եթե ՀԱՊԿ-ը շարունակի իր անգործությունը, ապա մենք բոլոր իրավունքներն ունենք դիտարկելու այլընտրանքային տարբերակներ մեր պետության սահմանները և ինքնիշխանությունը, այդ թվում՝ սահմանների անխախտելիությունը պաշտպանելու համար:

– Հաշվի առնելով Զասի այս հայտարարությունները, կարո՞ղ ենք կանխատեսել, որ փոփոխություններ կլինեն ՀԱՊԿ-ի դիրքորոշումներում: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը Արցախի հարցով դառնում է անխուսափելի, և արդյոք Ռուսաստանը կփորձի՞ դա կանխել:

– Ռուսաստանը՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներից մեկը, այդ իրավունքն ունի, սակայն եթե Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի շահերին դեմ գնացող վարքագիծ ցուցաբերի, վերջնականապես ցույց կտա, որ ինքը որևէ կերպ Հայաստանի հետ ռազմավարական դաշնակցության ընդհանուր եզրեր և աղերսներ չունի:

Այդտեղ փորձությունը կլինի Ռուսաստանի համար: Եթե, ենթադրենք՝ Ռուսաստանը դեմ քվեարկի, սա ևս մեկ անգամ Հայաստանին հնարավորություն կտա դիտարկելու այդ թվում նաև շատ ավելի խորքային իմաստով պաշտպանական այլընտրանքներ:

Ես կարծում եմ, որ երբ մենք ցույց տվեցինք դիրքորոշում, այդ ժամանակ մեզ հաշվի առան: Երբ խոնարհ ենք մնում, մեզ ավելի շատ են պարտադրում լուծումներ: Այս դեպքում մենք արտահայտեցինք դիրքորոշում, և մեկ օր հետո արդեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրթերից հնչեցին մտահոգություններ՝ կապված Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի կողմից սպառնալիքների հետ:

– Կարծում եք՝ ՀԱՊԿ-ը որոշակի քայլեր կկատարի՞ Հայաստանի անվտանգության հետ կապված:

– Ո՛չ, ես մնում եմ այն կարծիքին, որ ՀԱՊԿ-ը գործնականում իրենից ոչինչ չի ներկայացնում, որովհետև ՀԱՊԿ անդամ պետությունների միջև ռազմավարական իմաստով այնքան հակասություններ կան, որ այդ կառույցը երբեք չի կարող լինել կուռ, միասնական, ռազմավարական:

Այդ թվում ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ում կան պետություններ, որոնք իրենց ռազմավարությամբ շատ ավելի թյուրքական տրամաբանության մեջ են տեղավորվում, քան Հայաստանի, Բելառուսի կամ Ռուսաստանի հետ համատեղելի շահերի իմաստով: Այնպես որ, սա ֆորմալ կառույց է, գուցե փորձում են այսպիսի քայլերով փրկել ՀԱՊԿ-ի դեմքը, բայց, միևնույն է, ինքը ֆունկցիոնալությունից դուրս է, և դա հասկանում են բոլորը՝ թե՛ ՀԱՊԿ անդամ հանդիսացող, թե անդամ չհանդիսացող պետությունները:

– Թուրքական ու ադրբեջանական մամուլը գրում է, որ հայերն այսօր առավոտից Նախիջևանի ուղղությամբ կրակում են: Ընդհանրապես, լայնամասշտաբ գործողությունների վտանգ այս պահին տեսնո՞ւմ եք:

– Երբ մենք գործ ունենք թուրքերի կամ ադրբեջանցիների հետ, որոնց ռազմավարական շահերը լիարժեք համապատասխանում են, ապա պետք է հասկանանք մի բան, որ նրանք նպատակ են դրել Հայաստանը ստրատեգիականապես շրջափակելու և դրան ուղղված ցանկացած գործողություն իրականացնելու են: Այս պարագայում իրենք իրենց շահն առաջ են տանում:

Այսինքն՝ դրան կնպաստեն արտաքին գործոններ, թե չեն նպաստի, միևնույն է, իրենք իրենց շահն են առաջ տանում, մենք էլ պետք է լավ հասկանանք, որ եթե ՀԱՊԿ շրջանակներում մենք որպես պետություն մեր դաշնակցային պարտավորությունների իմաստով դժվարություններ ենք ունենալու, մենք էլ պետք է այլընտրանքներ դիտարկենք, որովհետև թուրքական գործոնը հստակ աշխատում է:

Մանե Հարությունյան

MediaLab.am