Փաստաբանը՝ խաբեության զոհ. ««Դավինչիից» տուժած ընտանիքներ կան, որ մնացել են Կիպրոսի ու Մալդիվների փողոցներում»

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը, որ բազում քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ  է հանդես գալիս, այժմ խաբեության զոհ է դարձել։ Նա և նրա հետ միասին մի քանի տասնյակ քաղաքացիներ տուժել են տուրիստական «Դավինչի» ընկերության գործունեությունից։ Փաստաբանը խաբեություն է որակում ընկերության վարքագիծը տուժած քաղաքացիների նկատմամբ։

«Այդ գործակալությունը ակնհայտ խարդախության վարքագիծ է դրսևորում։ Տոմսերն ամրագրում են, ասում են՝ ամեն բան կարգին է, բայց երբ զանգում ես հյուրանոց՝ ասում են, որ ոչ մի ամրագրում էլ չկա, ավիափոխադրող ընկերությունն էլ ասում է, որ այդպիսի տոմսեր դուրս չեն գրվել։ Մարդկանց տրամադրել են կեղծ փաթեթներ, կեղծ տոմսեր, որոնք գոյություն չունեն»,- «Մեդիալաբին» իրավիճակն այսպես է ներկայացնում տուժած Րաֆֆի Ասլանյանը։

Նա ասում է՝ տուրիստական այս ընկերության կողմից խարդախությամբ գումարների հափշտակություն կատարելու մասին արդեն իսկ դիմումներ է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ քննչական կոմիտե, իսկ Երևան քաղաքի վարչության Կենտրոնի բաժնում այս դեպքի առթիվ քրեադատավարական վարույթ է նախաձեռնվել։

Ըննկերության կողմից խարդախությամբ գումարներ հափշտակելու մասին փաստաբանն իմացել է այն ժամանակ, երբ իր հարազատներն ու ինքն անձամբ կանգնել են այս խնդրի առաջ, ինչից հետո էլ նա բարձրաձայնել է այդ մասին։

«Որևէ պայմանագիր չի կնքվել, քաղաքացիները պարզապես փոխանցումներ են արել տնօրենի կամ կազմակերպության քարտային հաշիվներին, ոմանք առձեռն են գումարը փոխանցել։ Կազմակերպությունն անգամ ՀԴՄ կտրոններ չի տրամադրել, այսինքն՝ հարկային պարտավորություններում նույնիսկ ցույց չեն տվել այդ հափշտակված գումարները»,- ասում է Րաֆֆի Ասլանյանը՝ նշելով, որ այս գործակալությունը դեռ այս տարվա հունվար ամսից է նման գործելաոճ որդեգրել։

Քաղաքացիները հիմնականում առնչվել են գործակալության տնօրենի ու Աննա անունով աշխատակցուհու հետ, որը, ըստ Ասլանյանի, խարդախության հիմնական կատարողն է։

1 միլիոն դրամից մինչև 3-4 միլիոնի է հասնում քաղաքացիների կրած վնասը, ընտանիքներ կան, որ մնացել են Կիպրոսի ու Մալդիվների փողոցներում, քանի որ տեղ հասնելուց հետո պարզվել է, որ հյուրանոցում նախապես ամրագրում չի արվել։

Ասլանյանն ասում է, որ երեկ մինչև ժամը 20։00-ը տնօրենն ու այդ աշխատակցուհին տեղում են եղել և քաղաքացիներին պարտավորագրեր են բաժանել։

«Իրենց համար անսպասելի էր, որ մարդիկ այդքան շուտ են գլխի ընկել իրենց խարդախության մեխանիզմի մասին, և փորձում էին էլի զոհեր ներգրավել։ Պարզվեց, որ երեկ առավոտյան էլ նրանք շարունակել են մարդկանցից գումար վերցնել՝ 1-2 միլիոն»,- ասում է Րաֆֆի Ասլանյանը։

Նա, սակայն վստահ է, որ այդ պարտավորագրերը խարդախությունը քողարկելու միջոց են ընդամենը, որովհետև, ըստ Ասլանյանի, այդ կազմակերպությունն անվճարունակ է, իսկ այդ գումարներն արդեն հաշվեհամարներից վաղուց հանել են և վճարելու որևէ հնարավորություն չունեն։ Փաստաբանի բնորոշմամբ՝ այստեղ առկա են ակնհայտ հանցագործության հատկանիշներ։

Այն, որ քաղաքացիները կարծում են, թե  «Դավինչի» տուրիստական գործակալության, այսպես ասած, թիկունքին կանգնած է բարձրաստիճան ինչ-որ պաշտոնյա, Ասլանյանը բացատրում է նրանով, որ չէր կարող մի ընկերություն առանց հովանավորչության՝ մի քանի հարյուր միլիոն դրամի հափշտակություն կատարել։

«Սա, սակայն ընդամենը վարկած է, որը հետագայում պարզ կլինի, երբ քրեական հետապնդման մարմիններն արձագանքեն այս ամենին։ Հաշվի առնելով հանցագործության բնույթը՝ նախ պետք է անձն անհապաղ կալանավորվի, որպեսզի փախուստի չդիմի»,- ասում է փաստաբանը։

Տուրիստական գործակալությունից տուժողների թիվն այս պահին 35-ն է, բայց, ինչպես նշում է Րաֆֆի Ասլանյանը, այդ թիվը գնալով ավելանում է։

Զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը «Մեդիալաբին» ասում է, որ առայժմ չկա պետական այնպիսի օղակ, որն ինչ-որ մեխանիզմներ կկիրառի նմանատիպ միջադեպերից խուսափելու համար, գործակալությունների գործունեությունը դեռևս չի լիցենզավորվում, և, ըստ էության, այս կազմակերպությունները դուրս են պետական վերահսկողությունից։

«Սա սակայն չի նշանակում, թե գործող օրենքն ընդհանրապես պարտավորություններ չի ներկայացնում տուրիստական կազմակերպություններին։ Զբոսաշրջային փաթեթ վաճառելիս պետք է կնքվի պայմանագիր կազմակերպության ու սպառողի միջև, պայմանագրում պարտադիր դրույթներ կան, որոնք պետք է ներառվեն»,- ասում է Ապրեսյանն ու ընդգծում, որ մեր քաղաքացիները, սակայն, պայմանագրին ուշադրություն չեն դարձնում, չեն էլ պահանջում, միայն գումարն են վճարում, ինչի հետևանքով էլ բախվում են նմանատիպ խնդիրների։

Զբոսաշրջության կոմիտեի հետ համատեղ՝ Ապրեսյանի ղեկավարած կառույցը օրենքի նախագիծ է մշակել, որն այժմ հանրային քննարկման է դրված, ու եթե այն օրենքի ուժ ստանա, նմանատիպ խնդիրները, ոչ 100%-ով, բայց կկարգավորվեն։

«Առաջարկում ենք ոլորտում եղած գործունեության տեսակները լիցենզավորվեն, կամ դրանք սահմանվեն որպես ծանուցման ենթակա գործունեության տեսակ, որոնց նկատմամբ կլինի համապատասխան օրենսդրական վերահսկողություն։ Միամտություն կլինի ասել, թե դրանից հետո կունենանք 100%-անոց արդյունք, բայց զգալիորեն հարցը կլուծվի։ Եթե հիմա  ոլորտում կարգավորված է գործունեություն իրականացնողների 20%-ը, իսկ 80%՝ խնդիր է, օրենքից հետո հակառակ պատկերը կունենանք»,- ասում է Ապրեսյանը։

Իսկ մինչ այդ, որպեսզի նմանատիպ միջադեպերի զոհ չդառնան, Մեխակ Ապրեսյանը քաղաքացիներին խորհուրդ է տալիս անպայման կնքել ու պահանջել համապատասխան պայմանագիրը ու նախապես ծանոթանալ տվյալ ընկերության հեղինակությանը, առաջարկած ծառայություններին և անցած ճանապարհին։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am