«Պետք է բացառվի Նիկոլ Փաշինյանի իշխանությանը Քոչարյանի այլընտրանք դառնալու որևէ սցենար». Նորայր Նորիկյան

«Պետք է բացառվի Նիկոլ Փաշինյանի իշխանությանը Քոչարյանի այլընտրանք դառնալու որևէ սցենար». Նորայր Նորիկյան
«Պետք է բացառվի Նիկոլ Փաշինյանի իշխանությանը Քոչարյանի այլընտրանք դառնալու որևէ սցենար». Նորայր Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է փաստաբան Նորայր Նորիկյանը:

– Պարո՛ն Նորիկյան, ՄԻԵԴ-ը ևս երկու վճիռ է կայացրել Մարտի 1-ի գործերով։ Ինչպե՞ս եք գնահատում այս որոշումները այն ֆոնին, որ Ռոբերտ Քոչարյանը փորձում է միջազգային հարթակում աջակցություն ստանալ, անգամ ՄԻԵԴ դիմել։

– Շատ լավ եմ գնահատում ՄԻԵԴ-ի որոշումները, ողջունում եմ, գտնում եմ, որ արդարությունը վերջապես հաղթանակեց և վերականգնվեց, քանի որ 2008 թվականից ի վեր տարբեր մարդիկ, որոնց իրավունքները տոտալ կերպով խախտվել էին ՀՀ իրավապահ համակարգի՝ ոստիկանության, դատախազության, քննչական ապարատի, այնուհետև դատական ատյանների կողմից, ճարահատյալ, ներպետական իրավունքը սպառելուց հետո իրենց դատական պաշտպանությունն էին հայցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանից։

Կարծում եմ, որ ՄԻԵԴ-ի կողմից հրապարակված վճիռները խոսում են մեկ բանի մասին, որ այդ տարիներին Հայաստանում պետական ապարատը տոտալ կերպով, համակարգված խախտել է արդար դատաքննության իրավունքը, անձնական ազատության անձեռնմխելիության իրավունքը, բազմաթիվ այլ իրավունքներ, որոնց վերաբերյալ այսօր Եվրոպական դատարանը կայացնում է համապատասխան դատական ակտեր։ Ես կարծում եմ, որ սա լրջագույն հետևանք կունենա դատաիրավական ամբողջ համակարգի վրա, նախադեպային ինստիտուտ կձևավորվի։

Ես կարծում եմ, որ այս ամենի դրական արդյունքը մենք ժամանակի ընթացքում կզգանք Հայաստանի դատաիրավական համակարգի վրա։ Սա շատ կարևոր ազդակ է։ Մի կողմից՝ սա խոսում է այն մասին, որ այդ տարիների իշխանությունները պետք է ուղղակի լռեն, քանի որ սա այդ տարիների իշխանությունների լավագույն գնահատականն է, որ տրվում է ՄԻԵԴ-ի կողմից։ Այս վճիռներով ուղղակի ամբողջությամբ պսակազերծվում է Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության տարիների ամբողջ դատաիրավական համակարգի դժգունությունն ու վիճակը։

– Որքանո՞վ այս վճիռները կօգնեն, որ վերջապես ամբողջությամբ բացահայտվի Մարտի 1-ի գործը՝ հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե իր տպավորությամբ գործն ամբողջությամբ բացահայտված է։

– Կարծում եմ՝ Մարտի 1-ի ամբողջական բացահայտման մասին կարող ենք խոսել միայն այն դեպքում, երբ 10 զոհերի մահվան հանգամանքները, դրանք իրականացնողները, նաև կազմակերպիչները ամբողջությամբ բացահայտված և քրեական պատասխանատվության ենթարկված կլինեն, ամբողջությամբ փոխհատուցված կլինեն Մարտի 1-ի զոհերի հարազատները, և, ընդհանրապես, այդ գործով ապօրինի հետապնդման ենթարկված անձանց խնդիրները լուծելուց հետո հնարավորություն կունենանք արձանագրելու, որ Մարտի 1-ի գործը լիարժեքորեն բացահայտված է և հասարակությանը հրամցված է ամբողջական տեղեկատվությունը։

Իհարկե, ես ծանոթ եմ այդ հայտարարություններին, դրանք գնահատում եմ որպես քաղաքական հայտարարություններ։ Այո՛, վարչապետ Փաշինյանն արել է նման հայտարարություն, և երևի ինքը դրա պատասխանն ունի, բայց իրավական առումով մենք բոլոր հարցերի պատասխանները կունենանք իմ նշած հանգամանքների ճշգրտումից հետո։ Ինչ վերաբերում է նրան, թե ՄԻԵԴ-ի վճիռներն ի՛նչ ազդեցություն կունենան, ապա կարծում եմ, որ դրանք ոչ միայն Մարտի 1-ի գործի, այլև ընդհանրապես Հայաստանի դատաիրավական համակարգի վրա շատ լավ ազդեցություն կթողնեն։

– Ռոբերտ Քոչարյանը, ով հասցրեց այս կարճ ժամանակահատվածում և՛ կալանավորվել, և՛ ազատ արձակվել, օրեր առաջ հայտարարել է, որ կուսակցություն է ստեղծում, բայց չի մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին։ Ինչպե՞ս եք գնահատում նրա այս հայտարարությունը, հաշվի առնելով, որ գրեթե ողջ հասարակությունը բացասաբար է տրամադրված նրա նկատմամբ։ Նա կարո՞ղ է հաջողել ընդդիմադիր դաշտում։

– Ես բացառում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է դառնալ Նիկոլ Փաշինյանի իշխանության այլընտրանքը։ Ավելին, պետք է ամեն ինչ արվի քաղաքական դաշտի, քաղաքական համակարգի առողջացման համատեքստում, որ բացառվի Քոչարյանի՝ այլընտրանք դառնալու որևէ սցենար։

Ես կարծում եմ, որ ստեղծվել են նախադրյալներ տարբեր անձանց, տարբեր ուժերի կողմից նոր կուսակցությունների ձևավորման համար։ Իսկապես, մենք ապրում ենք նոր իրավիճակում, և նոր կուսակցությունների ստեղծումն ու կայացումը ժամանակի պահանջ են։

Այդ առումով ես որևէ խնդիր չեմ տեսնում, բայց այդ համատեքստում Ռոբերտ Քոչարյանի կողմից այլընտրանքային ուժի ձևավորումը և Նիկոլ Փաշինյանի իշխանությանն այլընտրանք դառնալը ես համարում եմ ուղղակի անիրական քաղաքական նպատակ։ Իհարկե, Ռոբերտ Քոչարյանը փորձ է անում այս քաղաքական ժեստով ինքնապաշտպանական խնդիր լուծել՝ կապված իրեն առաջադրված մեղադրանքի հետ, և ինչպես ինքն է նշել օրերս «ՌԻԱ նովոստիին» տված հարցազրույցում, իրեն առաջադրված մեղադրանքների ծավալը կարող է մեծանալ։ Հետևաբար, նման մեղադրանքներից խուսափելու ամենալավ միջոցը Քոչարյանը համարում է քաղաքական գործունեությամբ զբաղվելը։

Այսինքն՝ նա փորձելու է տպավորություն ստեղծել, որ Հայաստանում իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Քավ լիցի, ես կարծում եմ, որ քաղաքական հետապնդումների ժամանակները Հայաստանում ավարտվել են։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, կարծում եմ՝ կգտնվի իր բարձրության վրա և երբեք թույլ չի տա, որ Հայաստանում որևէ քաղաքական գործչի, այդ թվում նաև՝ նախկինում բարձր պաշտոններ զբաղեցրած անձի նկատմամբ իրականացվի քաղաքական հետապնդում։ Հիմա այդպիսի ժամանակների մասին խոսելն ուղղակի ավելորդ է։ Այս պայմաններում Ռոբերտ Քոչարյանի քաղաքական գործունեությամբ զբաղվելը բացառապես պայմանավորված է լինելու ինքնապաշտպանության բնազդով։

Մանե Հարությունյան

MediaLab.am