«Կառավարության այս կազմը շատ վատ տպավորություն է թողնում հայության վրա Հայաստանում և սփյուռքում». Հարութ Սաասունյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը

– Պարո՛ն Սասունյան, համացանցում տեղեկություններ են տարածվել, որ ԱՄՆ-ում Հայաստանի նոր դեսպան Լիլիթ Մակունցն արդեն տեղափոխվել է ԱՄՆ: Ընդհանրապես, համայնքում ի՞նչ սպասումներ կան, ի՞նչ առաջնահերթ քայլեր պետք է անի դեսպանը:

– Անկեղծ ասած, ես որևէ խոսակցություն համայնքում չեմ լսել նրա մասին: Նույնիսկ չենք իմացել, որ հասել է Վաշինգտոն: Ոչ մի հայտարարություն չի արվել դեսպանատան կողմից: Հավանաբար հավատարմագրերը դեռ չի հանձնել, որովհետև եթե հանձներ, դեսպանատունը պաշտոնական հաղորդագրություն կհրապարակեր: 

– Համայնքում ի՞նչ ակնկալիքներ կան, ի՞նչ պետք է անի Մակունցն առաջին հերթին հայ-ամերիկյան հարաբերությունները բարելավելու ուղղությամբ, և որքանո՞վ նրա պոտենցիալը կբավականացնի դրա համար:

– Նկատի ունենալով, որ ԱՄՆ-ում ապրում է մեծ թվով հայություն, ՀՀ բոլոր դեսպանները, որ եկել են Վաշինգտոն, երկու գլխավոր պարտականություն ունեն. Նախ՝ իրենց գլխավոր պարտականությունը ամերիկյան կառավարության հետ է, երկրորդը, որ նույնքան կարևոր է, ամերիկյան համայնքի հետ է:

Ես հիմա գաղափար չունեմ, թե ինքը երբ է եկել, ում հետ է կապվել, ամերիկյան կառավարության հետ ինչ աշխատանք է փորձում անել: Չեմ ուզում ոչ վատ, ոչ էլ լավ գնահատական տալ մի բանի մասին, որից տեղյակ չեմ: 

Նույնքան անտեղյակ եմ, թե ինչ կապ է հաստատել որևէ ամերիկահայ կազմակերպության հետ: Որովհետև եթե կապ հաստատած լիներ, հանդիպեր, այդ կազմակերպությունները հաղորդագրություն կհրապարակեին, որ հանդիպել են նորանշանակ դեսպանի հետ: 

Դա էլ չի եղել, եթե լիներ, ես անպայման կիմանայի որպես թերթի խմբագիր: 

– Նախկին դեսպանն ինչո՞վ չէր բավարարում, որ փոխվեց: Համայնքում ի՞նչ վերաբերմունք կար նախկին դեսպանի նկատմամբ:

– Ճիշտ հակառակը, համայնքը մեծապես խանդավառված էր նախկին դեսպանով, մեծապես գնահատում էր նրա ակտիվ գործունեությունը: Երբ իր ժամկետն ավարտվում էր, մի քանի անգամ մեծ ողջերթի հյուրասիրություններ կազմակերպվեցին, և մեծ գնահատանքով արտահայտվեցին ելույթ ունեցողները իր մասին: 

Այսինքն՝ որքան գիտենք, ոչ մի հասկանալի պատճառ չկար, թե ինչու է դեսպանը կիսատ թողնում իր ծառայությունը, և վարչապետն իրեն հետ է կանչում: Ոչ մի ձևով հասկանալի չէ դա: 

– Հնարավո՞ր է, որ նախկինների հետ էր ասոցացվում, դրա համար փոխվեց:

– Ես այդպիսի տեղեկություն չունեմ: Միակ բանը, որ գիտեմ, այն է, որ նախքան դեսպան լինելն ինքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն էր և շատ մտերմորեն աշխատել է վարչապետի հետ, խորհուրդներ է տվել, որովհետև փորձառու անձնավորություն է: 

Ես շատ կզարմանայի, եթե իմանայի, որ որևէ տեսակի հարց կա իր և վարչապետի միջև: Ճիշտ հակառակը, իմ իմանալով՝ ինքը շատ ջերմ հարաբերություններ ուներ վարչապետի հետ: 

– Կառավարության նոր կազմն արդեն ամբողջությամբ հայտնի է: ԱԳ նոր նախարար ունենք, ու ԱԽ քարտուղարը վերանշանակվեց: Ընդհանրապես, կառավարության այս կազմով որքանո՞վ է հնարավոր Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին համարժեք արձագանքել, լուծումներ տալ: 

– Դժբախտաբար, կառավարության այս կազմը շատ վատ տպավորություն է թողնում հայության վրա Հայաստանում և սփյուռքում, որովհետև չենք տեսնում որևէ մի կարող, փորձառու նախարար: 

Սա ցավով եմ ասում, որովհետև մենք ուզում ենք, որ մեր հայրենիքը ղեկավարվի կարող պաշտոնյաներով, զարգանա, առաջ գնա, ամեն ինչ ավելի լավ լինի: 

Ուղղակի զարմանում ենք, որ վարչապետն անընդհատ նշանակում և վերանշանակում է նախարարներ, որոնք որևէ կապ չունեն իրենց աշխատանքի հետ, ոչ մի փորձ չունեն, և չենք հասկանում, թե ինչու է վարչապետը այդ մարդկանց ընտրում: 

Մանավանդ այն դեպքում, որ 3 տարի առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը վարչապետ դարձավ, հստակ ասաց՝ ես նշանակելու եմ միայն այն մարդկանց, որոնք տվյալ ոլորտի մասնագետներ են՝ անկախ նրանից, թե որ կուսակցությանն են պատկանում: Բայց տեսնում ենք, որ այս երեք տարիներին և հիմա ինքն անում է իր ասածի ճիշտ հակառակը: Անընդհատ նշանակում է շատ անփորձ, անգիտակից մարդկանց տարբեր պաշտոններում: 

Սա մեծ հարված է մեր պետականությանը, որովհետև բոլոր երկրներում երկրի ղեկավարը ամեն բան չի կարող իմանալ և վստահում է իր փորձառու, խելամիտ խորհրդականներին, օգնականներին, նախարարներին, որ իրեն փոխանցեն իրենց մասնագիտական կարծիքը կամ խորհուրդը: 

Այս պարագայում ոչ մեկը չի կարող վարչապետին որևէ խորհուրդ տալ, որովհետև իրենք անտեղյակ են, անփորձ են, չգիտեն՝ ինչ են անում: 

Ամենավատն այն է, որ ինձ թվում է, որ վարչապետն ինքն էլ շատ պատրաստ չէ խորհուրդ լսելու, ընդունելու: Արդյունքում՝ ամեն պաշտոնյա նստած աթոռն է տաքացնում, բայց ոչ մի աշխատանք չի տանում, ոչ էլ փորձում են խորհուրդ տալ, որովհետև խորհուրդ տվողին պետք է լսող լինի: Քանի որ լսողը չկա, խորհուրդ տալն էլ անիմաստ է դառնում: 

Ինչ վերաբերում է ամերիկահայությանը, հակառակ մեր բազմաթիվ մտահոգություններին, որ արտահայտել ենք ամիսներ շարունակ Մակունցի նշանակման վերաբերյալ, բայց որպես հայրենասեր հայեր, մեզ չի հետաքրքրում, թե ով է նստած այդ պաշտոնին, մեզ հետաքրքրում են արդյունքն ու աշխատանքը: 

Այս կամ այն պաշտոնյային սիրել-չսիրելը երկրորդական է, մենք միշտ պատրաստ ենք գործակցելու, օգնելու բոլոր մեր պետական պաշտոնյաներին, որ կարողանան իրենց գործն ավելի արդյունավետ անել:

Մանե Հարությունյան

MediaLab.am