«Եթե Փաշինյանը վերընտրվի վարչապետ՝ հակահեղափոխությունը միանգամից երեք հարց կլուծի». Հայկ Ա. Մարտիրոսյան

«Եթե Փաշինյանը վերընտրվի վարչապետ՝ հակահեղափոխությունը միանգամից երեք հարց կլուծի». Հայկ Ա. Մարտիրոսյան
«Եթե Փաշինյանը վերընտրվի վարչապետ՝ հակահեղափոխությունը միանգամից երեք հարց կլուծի». Հայկ Ա. Մարտիրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը:

-Հնարավո՞ր է արդյոք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը ընտրվի վարչապետ:

-Հնարավոր է, և դրանում մեծ վտանգներ կան: Այսօր՝ TRT World թուրքական միջազգային հեղինակավոր ալիքին տված իր հարցազրույցում ՀՅԴ առանցքային գործիչ Կիրո Մանոյանը բացահայտորեն ասաց, որ իրենք կտրկանապես դեմ են դեկտեմբերին ընտրություններ անցկացնելու գաղափարին: Դա վտանգավոր ազդակ է:

Եթե Փաշինյանը վերընտրվի վարչապետ՝ ապա այդ պարագայում հակահեղափոխությունը միանգամից երեք հարց կլուծի.

Ա. – Խորհրդարանը չի լուծարվի առայժմ,

Բ. – Փաշինյանի և իր թիմի հեղինակությանն անդառնալի վնաս կհասցվի` միաժամանակ կստացվի, որ կողմ քվեարկողները հակահեղափոխություն չէին անում, այլ օգնում էին «Ելք»-ին` վարչապետ ընտրելով նրանց չ ժողովրդի թեկնածուին,

Գ. – Փաշինյանին կտանի հնարավոր է` երկրորդ հրաժարականի, որի արդյունքում քաղաքական դաշտը կվերածվի կրկեսի, իսկ հնարավորությունները ավելի կնվազեն` հանրային խոր հիասթափություն առաջացնելով գործադիրից: Այդ ընթացքում հասարակությունը կսկսի պակաս լուրջ վերաբերվել գործադիրին և նրա քայլերի հաշվարկներին: Եվ դրանով հակահեղափոխությունը կդառնա առավել քան երբևէ հնարավոր:

Դ. – Փաշինյանը կարող է ստիպված լինել պաշտոնավարել մինչև հոկտեմբեր, երբ նրան խորհդարանն անվստահություն կհայտնի և արդեն այս ամիս գործադիրի կատարած քայլերի արդյունքում հնարավոր է՝ իջած վարկանիշի պայմաններում հակահեղափոխությունն առավել վստահություն ձեռք բերած կլինի: Այս իրավիճակը պետք է դիտարկել որպես գերազանցապես տեսական հնարավորություն, որն արդեն խորհրդարանական կուսակցության ներկայացուցիչն է շոշափում:

Շատ հնարավոր է նաև, որ սա նույնպես սցենար մնա և Փաշինյանը չընտրվի և մեկ շաբաթ հետո` ըստ ժողովրդի ակնկալիքի`խորհրդարանն արձակվի: Շեշտեմ, որ դա նույնպես շատ հնարավոր սցենար է և տա Աստված, որ այդ ուղով գնա ամեն բան: Բայց դա չէ խնդիրը: Խնդիրն առավել խորքային է:

Ինձ հայտնի չէ մի հեղափոխություն, որտեղ ժողովրդին ոչնչացնող և տապալված ուժի և նրա սահմանադրության հետ այսքան հաշվի նստեն և այսքան զգուշանան անգամ այդ ուժի կողմից` սահմանադրության հնարավոր մեկնաբանություններից: Եթե Հրայր Թովմասյանի ու Գագիկ Հարությունյանի փաստաթուղթը, որ իրավական ուժ չունի, որովհետև մերժվել է ժողովրդի կողմից, բայց կեղծիքով հռչակվել անցած սահմանադրություն, այսքան խութեր և անհեթեթ իրավիճակներ կարող է ստեղծել, ինչու՞ ենք շարունակում սրբազանության սկզբունքով հետևել դրան և հիմա էլ` զգուշանալով «քվեարկություն» բառի հնարավոր մեկնաբանություններից` թեկնածու առաջադրում:

Կարծում եմ, եթե անգամ ամեն բան հարթ ընթանա՝ կոպտագույն սխալ էր հիմա էլ մտնել Հանրապետականների դաշտ և անհանգստանալով վարչապետի ընտրության նրանց հնարավոր մեկնաբանությունից՝ ակամայից հիմք ստեղծել հնարավոր, չբացառված ֆիասկոյի համար: Կարծում եմ՝ վարչապետը կարիք ունի ուղղակիորեն անտեսելու ինչ-որ իրավաբանների խորհուրդներն ու անսալու քաղաքական՝ հեղափոխական մտածողությամբ իր խորհրդականներին:

Սա մաշեցնող, անիմաստ, չպահանջված արահետ է, որտեղ մենք անընդհատ կարող ենք խճճվել: Ուղղակի ցավալի է հետևել, թե ինչպես մենք, կատարելով աննկարագրելի, գեղեցիկ մի իշխանափոխություն, հիմա մեր սեփական ձեռքերով ինքներս մեզ պղտոր ջրեր ենք մտցնում, որտեղ գիշատիչներ կան և որոնք մեզ ո՛չ սիրելու են և ո՛չ հանդուրժելու: Ու չնայած այս ամենին՝ անհրաժեշտ է անվերապահորեն սատարել Փաշինյանին:

Եվ որքան շատ տեսնենք հնարավոր բացթողումներ, այնքան ավելի ենք պարտավոր բարձրաձայնել դրանց մասին, որպեսզի այլընտրանքային ուղիներ հուշենք, բայցև պարտավոր ենք մեծացնել մեր աջակցությունը: Ու թեև դա կարող է անհեթեթ տրամաբանություն թվալ և պարադոքս համարվել, բայց սայթաքումների պարագայում մարդուն բռնել է պետք, ոչ թե չարախնդալ և թույլ տալ անկում ապրել:

Այդ անկումը մեր բոլորի անկումն է լինելու: Ու քանի դեռ ընտրությունները փաստ չեն, չեն կայացել և չկա կայուն իշխանություն՝ ներկայիս վարչակազմին պաշտպանելն ու անվերապահորեն սատարելն ուղղակի այլընտրանք չունի: Դա մեր պարտքն է, և այդ պարտականությունը մենք պարտավոր ենք կատարել:

Մանե Հարությունյան

MediaLab.am