«Ադրբեջանի ճնշումները կշարունակվեն, քանի չի կնքվել կապիտուլյացիոն երկրորդ փաստաթուղթը իրենց ձեռնտու կետերով». փորձագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը

– Պարո՛ն Դավթյան, երեկ Գորիս-Կապան ճանապարհին տեղի ունեցած միջադեպի համատեքստում, երբ ադրբեջանցիները կանգնեցրել էին երեխաներ տեղափոխող քաղաքացիական ավտոբուսը, կխնդրեմ ասեք՝ ի՞նչ նպատակով է թշնամին նման քայլերի դիմում։

– Պետք է արձանագրել, որ ամբողջ 30 տարվա ընթացքում՝ հատկապես Ալիևի կառավարման ժամանակ, Ադրբեջանում շատ ուժեղ հակահայկական քարոզչություն է տարվել, ինչն ադրադարձել է հատկապես Արցախի, նաև Հայաստանի վրա։ 

Իսկ կոնկրետ երեկվա դեպքի մասով կարելի է ասել, որ դա ադրբեջանցիների՝ 30 տարի սերմանած ատելության արտացոլանքն էր փոքր մասով։ Բացի այս, ադրբեջանական կողմը, նկատելով Արցախի հետ կապված ցանկացած բան, փորձելու է թիրախավորել ու մարդկանց վախեցնել, որ այդ վախը համատարած բնույթ կրի Արցախում ու ազդի բնակչության վրա։ Այսինքն՝ մարդիկ Արցախում իրենց ապահով չզգան ու մտածեն արտագաղթելու ու առհասարակ հայկական աշխարհը լքելու մասին։ 

Ադրբեջանական կողմն այս ճնշումներով փորձում է ազդել քաղաքական ընթացող գործընթացների վրա՝ սահմանների ճշգրտման, խաղաղության պայմանագրի, այսինքն՝ կապիտուլյացիոն երկրորդ փաստաթղթի ստորագրման գործընթացում։

Այս մասով երկու օր առաջ հրապարակված հոդվածն Ադրբեջանում բավականին բացասական ընկալվեց։ Նրանք մասնավորապես նշեցին, որ եթե այդ փաստաթղթում չկա նշում միջանցքի մասին, դա չի կարող իրականություն դառնալ, ռուս խաղաղապահների մանդատի երկարաձգմանն են դեմ։ 

Հետևաբար Գորիս-Կապան դեպքը նաև ուղղված է սրան, որովհետև Ադրբեջանը փորձում է նաև ազդել ժողովրդի վրա, վախի կամ սպառնալիքի միջոցով փորձում է ցույց տալ, որ եթե չգնանք կոնկրետ զիջումների՝ այս ճնշումներին կհաջորդի ավելի կոպիտ ճնշում։

– Ձեր խոսքից ստացվում է, որ ադրբեջանական կողմից նմանատիպ ու այլ ճնշումներ կշարունակվեն այնքան, քանի դեռ Ադրբեջանը չի հասել իրեն ձեռնտու կետերով, ինչպես ասում եք, կապիտուլյացիոն երկրորդ փաստաթղթի ստորագրմա՞նը։

– Անկասկած, Ադրբեջանը երբեք էլ կառուցողական չի եղել, անկախացումից ի վեր իր հայատյաց ու հայերին սպանելու մոլուցքով է աչքի ընկել։ Ադրբեջանական հասարակության մեջ ձևավորված է հային սպանելու մոլուցքը, և Ադրբեջանը չի դադարելու նման քայլերի դիմել։

– Կարո՞ղ ենք արձանագրել, որ Ադրբեջանի նմանատիպ գործողությունները խրախուսվում են պետական մակարդակով և ողջունվում են իրենց երկրի ներսում, պարո՛ն Դավթյան։

– Այո՛։ Նկատելի է, որ Ապրիլյան քառօրյայից հետո մենք կարողացանք ճիշտ քաղաքականություն վարելով ցույց տալ, որ կարող ենք դիմակայություն ցույց տալ, Ադրբեջանը հասկացավ, որ չկա պառակտում հասարակության մեջ, ու դադարեցրեց ռազմական գործողությունները՝ միակողմանի խաղաղություն խնդրելով։ 

Բայց քանի որ 2018 թվականին ունեինք պառակտված հասարակություն, ներքաղաքական կատաստրոֆիկ վիճակ, ու չկար արտաքին քաղաքականություն՝ բանակցությունների մասին է խոսքը, Ադրբեջանի համար հիանալի ժամանակ էր, որ անի այն, ինչ արեց ու շարունակում է անել։ 

Ադրբեջանն իր հայատյաց քաղաքականությունը շարունակում է ամենատարբեր եղանակներով՝ դասագրքերի, մամուլի միջոցով։ Վերջերս ռուս բլոգեր է այցելել Ադրբեջան, փոքրահասակ՝ երևի մանկապարտեզի տարիքի երեխա, ասել էր՝ «հայերի կոկորդը կկրծենք», թեկուզև այս բառերի իմաստը չի հասկանում, բայց արդեն այդ երեխայի մեջ սերմանում են ատելությունը, և երբ նրա գիտակցությունը սկսի աշխատել, նա կցանկանա հայի սպանել, ու կապ չունի, թե որտեղ կհանդիպի այդ հային։

– Ադրբեջանական այս սադրանքների դեմ պայքարելու ի՞նչ քայլեր պետք է անի Հայաստանը պետական մակարդակով։ Արված քայլերն ինչպե՞ս եք գնահատում։

– 2018 թվականից հետո բավականին ծրագրեր, որոնք ուղղված էին ադրբեջանական քարոզչության, ստի ու կեղծիքի դեմ, դադարեցվել են, բավականին կրճատումներ են եղել կոնկրետ ՊՈԱԿ-ներում, որոնք աշխատում էին կոնկրետ այս ուղղությամբ։ 

Օրինակ՝ հիմա աշխատում են այդ ուղղությամբ պրոֆեսիոնալ մարդիկ, բայց նրանց ներուժն այնքան քիչ է, որ նրանց աշխատանքը չի երևում դաշտում։ Շատ կարևոր է նաև, որ քաղաքական իշխանության բերանից հնչող այդ «խաղաղություն» բառը չդառնա փուչիկի պես մի բան, որը օդ կբարձրանա ու կպայթի, այլ ձևավորի արժեք: 

Բայց քաղաքական իշխանությունը այդ արժեքը չի հասկանում կամ հասկանում է ու միտումնավոր է այդպես անում, որ հասարակության մեջ թմրեցնի ադրբեջանցիների նկատմամբ թշնամանքը։ 

Այս քայլերն են, որ իշխանության կողմից պետք է արվեն, բայց չեն արվում, թողել են բախտի քմահաճույքին ու սպասում են, որ երկնքից մանանա իջնի, որից բոլորը կօգտվեն։

– Իսկ եթե Հայաստանի իշխանությունը, ըստ ձեզ, այս քայլերը չի անում, ու Ադրբեջանն էլ շարունակում է իր հակահայ գործելաոճը, ինչի՞ է հանգեցնելու այս ամենը։

– Չեմ ուզում էմոցիոնալ հայտարարություն անել, բայց այս ամենը բերելու է երկրորդ կոտորածի, ամենայն հավանականությամբ, որովհետև մի խմբակն ասում է՝ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, փողոց չեմ գնում, մյուսն ասում է՝ ես պաշտպանում եմ X կուսակցությանը, դրա համար չեմ գնում, այսինքն՝ այս բաժանումը կոտորածի սկիզբն է, մարդիկ ինքնապաշտպանվելու զգացումը կորցրել են։ 

– Պարո՛ն Դավթյան, ստացվում է, որ Ադրբեջանի այս հանդուգն գործողություններին խթանում է նաև Հայաստանի ներքին իրավիճա՞կը՝ թե՛ քաղաքական, թե՛ հասարակական։

– Այո՛, Ադրբեջանը 24-ժամյա ռեժիմով մոնիթորինգի է ենթարկում հայկական մեդիան, տարբեր տեսանյութեր, հայտարարություններ մանրակրկիտ ուսումնասիրվում են։ Նրանք շատ լավ պատկերացում ունեն, թե ինչպես աշխատեն Հայաստանի վրա, ինչ թեզեր ներարկեն քաղաքական կյանք, որ ազդեցություն ունենա, ու լավ էլ հասնում են դրան։ Նրանց տեղադրած ցանկացած նյութ պատահական չէ, լավ հաշվարկի արդյունք է։ Քարոզչական դաշտում մինչ օրս Ադրբեջանը կարողանում է Հայաստանին հաղթել, որովհետև, ասացի, որ լիքը բաղադրիչներ չեն աշխատում կամ ուղղակի բացակայում են Հայաստանում։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am