«Ուղղակի լկտիության դրսևորում է. նրանք շեշտադրում են, որ իշխանությունն արտոնություն է, ինչն օգտագործելու են մինչև վերջ». Զառա Հովհաննիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը

– Տիկի՛ն Հովհաննիսյան, Ազգային ժողովի նախագահի որոշմամբ՝ Անկախության 30-ամյակի կապակցությամբ պարգևավճարներ են ստացել խորհրդարանականները։ Հաշվի առնելով հիմնականում երկրում ստեղծված ներկայիս իրավիճակը՝ ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը։

– Ընդհանրապես, պարգևավճարների երևույթը դրական չեմ համարում, որովհետև պարգևավճարը տրվում է ինչ-որ աշխատանքի համար, որը կատարվել է ավելի քան գերազանց։ Իսկ այս ողջ ընթացքում պարգևավճարների մասով որևէ բացատրություն չի տրվել՝ ինչո՞ւ հենց այդ չափով, կատարած ո՞ր գերազանց աշխատանքի համար։ 

Երբևէ այս հարցերի պատասխանը չի տրվել, այսօր՝ առավել ևս, երբ երկիրը, կարելի է ասել, բոլոր բնագավառներում հետընթացի մեջ է, ինչը հստակորեն նկատում ու քննադատում է հասարակությունը։ Բացի այդ, խորհրդարանը նոր-նոր է սկսել իր աշխատանքը ու հանրության համար առավել կարևոր հարցերի քննարկում, օրենսդրական փոփոխություն չի իրականացրել։

– Պարգևավճարների դեմ ուղղված քննադատություններին ի պատասխան խորհրդարանի նախագահն ասել է, որ քննադատությունից չի վախենում ու կարծում է, որ ճիշտ որոշում է կայացրել։ Իշխանական թևից հնչող նմանատիպ պատասխաններին ինչպե՞ս եք վերաբերվում։

– Իրականում շատ լավ է, երբ քննադատությունը չի ազդում կարևոր ռեֆորմներ իրականացնելու վրա։ Քննադատությունից պետք է ոչ թե վախենալ, այլ լսել ու քննարկել, արձագանքել ըստ դրանց բովանդակության։ Ցանկացած քննադատություն ուղղված է ոչ թե դիմացինին վախեցնելուն, այլ՝ իրավիճակից ավելի բարենպաստ ելքեր գտնելուն։ 

Եթե իշխանությունը շարունակի նման մեթոդներով գործել ու նման բառապաշարով պատասխանել ցանկացած հուզող հարցի, կստացվի, որ արհամարհում է հասարակական ցանկացած արձագանք, և այդ արհամարհանքը կբերի առավել մեծ ճեղքման ու անջրպետման։ 

Այսինքն՝ հասարակությունն այլևս ոչ թե կքննադատի, այլ կդիմի կոշտ քայլերի, ընդհուպ՝ տարբեր ընդվզումների ու բոյկոտի։ Եթե ուզում են դրան հասնել, կարող են շարունակել այսպես, ժամանակին Սերժ Սարգսյանն էլ չէր վախենում հանրային հուզումներից, բայց վերջում հայտնվեց դրսում։

– Տիկի՛ն Հովհաննիսյան, նմանատիպ պատասխաններ տվող, ստեղծված իրավիճակում այսպիսի քայլերի գնացող իշխանությանը ինչպե՞ս կարելի է բնորոշել։ Ընտրություններից հետո ավելի համարձա՞կ են դարձել, ժողովո՞ւրդն է իր քվեով, ինչպես իրենք են կրկնում անընդհատ, նրանց լիազորել նման գործելաոճ որդեգրել։

– Համարձակությունը խիզախ ռեֆորմների գնալն է, այստեղ համարձակության խնդիրը չէ, սա ուղղակի լկտիության դրսևորում է, որն ավելի շատ ցույց է տալիս սպառողական և արտոնությունից օգտվելու ցանկության դրսևորումը, այսինքն՝ նրանք շեշտադրում են, որ իշխանությունն արտոնություն է, և իրենք դա օգտագործելու են մինչև վերջ։

– Ընդդիմության գործելաոճն ինչպե՞ս կմեկնաբանեք։ Նրանք հրաժարվել են պարգևավճարներից, որոշել են այս հարցով դիմել Սահմանադրական դատարան՝ հարցն ինչ-որ կերպ կարգավորելու նպատակով։ Ընդդիմության մղումներն ազնի՞վ են, թե՞ ինչ-որ բան ցույց տալու նպատակով են արվում։

– Ես համաձայն եմ նրանց հետ, որ պետք է հրաժարվել պարգևավճարներից։ Նման իրավիճակում, երբ չեն կարող ազդել այդ որոշման վրա, գումարը փոխանցեն տարբեր հիմնադրամներ, մինչև, գուցե, որոշումներ կայացնողները հասկանան, որ անընդունելի է նման կերպ գործել։ 

Մոտիվացիաների մասին չեմ կարող խոսել, միայն պոստ ֆակտում կարող եմ գնահատել քայլերը, բայց, կարծում եմ, ավելի խոհեմ քայլ է, քան այս իրավիճակում ստանալ պարգևավճար, երբ հանրության հսկայական շերտ ընչազրկության բավական ծանր պայմաններում է ապրում։ 

– Տիկի՛ն Հովհաննիսյան, ի՞նչ որոշման արդյունքում մենք այլևս կդադարենք անդրադառնալ պաշտոնյաների պարգևավճարների թեմային, ի՞նչը վերջ կդնի արդեն ավանդական դարձած պրակտիկային։

– Հստակ պետք է ամրագրվեն այն մոտեցումները, որ վերևում նշեցի, թե ինչի՞ համար է ստանում, ո՞ր աշխատանքն է ավելի լավ կատարել, ու դրա համար աշխատավարձը բավարար չէ, որ նրան խրախուսենք ավելի լավ աշխատելու համար, այսինքն՝ հստակ չափորոշիչներ են պետք։

– Կարծում եք, այս իշխանությունը կսահմանի՞ այդ հստակ չափորոշիչները։

– Ոչ մի իշխանություն հոժարակամ չի գնա ինչ-որ քայլի, ինչը չի ստիպում հասարակությունը։ Հանրային հստակ մոտեցումները պետք է լինեն մերժողական այս հարցի շուրջ, ու այս տեսանկյունից ես ողջունում եմ այսօրվա խորհրդարանական ընդդիմության գործելակերպը, որովհետև նախկին ընդդիմությունը դեմ էր արտահայտվում, բայց վերցնում էր պարգևավճարը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am