«Երեխաները ևս պետք է պատվաստվեն. ոչ մի դիվերսիա այստեղ չպետք է փնտրել». Նունե Բաղդասարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մանկաբուժական կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նունե Բաղդասարյանը

-Տիկին Բաղդասարյան, օրերս քովիդի դելտա շտամով վարակված ավելի քան 30 երեխա է հոսպիտալացվել, օրերս 10 տարեկան երեխա մահացավ, որը քովիդով էր վարակված և: Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը: Ի՞նչ պետք է անել այս իրավիճակում։

– Գլոբալ վերլուծության համար թվեր են հարկավոր, որոնք ձեռքիս տակ չունեմ, բայց ես կարող եմ ներկայացնել իմ կլինիկական դիտարկումների եզրահանգումները, ըստ որոնց, այո՛, երեխաներն արդեն ավելի հաճախ են հիվանդանում: Քանի որ շատ են հիվանդացության դեպքերը, ապա բարդություններ էլ են համապատասխանաբար լինում:

Ես միշտ համեմատում եմ 2016 թվականին երեխաների մոտ H1N1 գրիպի (խոզի գրիպ) հետ, և կարող եմ ասել, որ այն ժամանակ երեխաների հիվանդացությունը լուրջ բակտերիալ բարդություններով էր ընթանում: Քովիդի դեպքում միայն ի հաշիվ նրա, որ հիվանդացությունը շատ է, դիտվում են նաև ծանր դեպքեր:

Շատ էական է այն հանգամանքը, որ ուղեկցող հիվանդությունների, նկատի ունեմ` քրոնիկ հիվանդությունների դեպքում, այո՛, կարող է հիվանդությունը ծանր ընթանալ, և, ցավոք սրտի, թեև մահացությունը քովիդից նվազագույնն է երեխաների դեպքում, բայց, այնուամենայնիվ, կարող է հանդիպել:

– Աշխարհի տարբեր երկրներում դեռահասներն էլ են պատվաստվում: Արդյոք մեզ մոտ, հաշվի առնելով պատվաստումների շատ ցածր մակարդակը, հակապատվաստումային տրամադրություննրը ե հիվանդության աճի միտումները, ինչպես ենք անցնելու նաեւ այդ փուլին։ Չպե՞տք է պատվաստել նաև դեռահասներին։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ պատկեր ենք ունենալու:

– Անկեղծ ասած, ես և երևի ինձ նման շատերը, անակնկալի եմ եկել այսպիսի համատարած և անհասկանալի հակապատվաստումային ակցիաներից: Զարմանալի է, որ դա այսքան համատարած է: Իհարկե, այստեղ ես անհրաժեշտություն եմ տեսնում, որ պետք է բացատրել հանրությանը, տեղեկատվությունն ավելի մատչելի ներկայացնել, մարդիկ պետք է լսեն իրազեկ մասնագետների կարծիքները:

Ինչ վերաբերում է երեխաներին, ապա ես ուզում եմ նորից հիշեցնել, որ պատվաստումները առաջին անգամ չէ, որ կիրառվում են որպես կանխարգելիչ լավագույն միջոց ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարում: Հետևաբար, դրանք ոչ մի ձևով չեն կարող կորցնել իրենց արդյունավետությունը քովիդի դեպքում:

Այո՛, հաշվի առնելով իրավիճակը, երեխաները ևս պետք է պատվաստվեն: Ոչ մի դիվերսիա այստեղ չպետք է փնտրել, երբ աշխարհի հզորագույն երկրներում կարծեմ արդեն 3 տարեկանից պատվաստում են:

Այսինքն` ոչ թե դեռահաս, ոչ թե 12 տարեկանից, այլ ավելի ցածր տարիքից են պատվաստում: Մենք դեռ չգիտենք, թե քովիդի մնացորդային բարդությունները ինչպիսի հետևանքների են բերում: Դա կարող է բերել կորոնար անոթների վնասման, էքստրա թոքային տարբեր բարդություններ, որոնք դեռ ուսումնասիրման դաշտում են:

Եվ այդ անհանգստությունը, որ կա միայն պատվաստանյութի վերաբերյալ, ինձ համար շատ հիասթափեցնող է, որ այդպիսի անհեթեթ լուրեր են տարածվում: Ես չեմ ուզում գնահատական տալ, որովհետև ինձ համար ապշեցուցիչ է այդ անիմաստ պայքարը, որը կյանքեր է խլում, կամ մարդկանց կյանքի որակը կարող է գցել, էլ չեմ ասում հեռահար բարդությունների մասին, որ դեռ ուսումնասիրվում է:

Ես նորից ուզում եմ հիշեցնել խոզի գրիպի մասին, որը մենք փայլուն հաղթահարեցինք պատվաստումների շնորհիվ, և այն այլևս մեզ չի անհանգստացնում: Ես 2016-ին ունեցել եմ ծանր աշխատանքային ռեժիմ, երբ երեխաներին ուղղակի փրկում էինք և՛ մահերից, և՛ ծանրագույն բարդություններից: Մենք՝ մանկաբույժներս, դրա միջով անցել ենք:

– Ձեր կարծիքով` պատվաստումների դեմ արշավն իրականում ի՞նչ նպատակ է հետապնդում:

– Բացարձակ անհասկանալի է նպատակը: Որքան ես հետևում եմ այդ արշավին, կարող եմ ասել, որ այդտեղ ո՛չ գրագիտության մասին կարող է խոսք լինել, ո՛չ ինտելեկտուալ մակարդակի: Ուղղակի անհեթեթ մոտեցում է, և մարդիկ, որոնք բժշկական գիտելիքներ չունեն, կարող են մեծ ոգևորվածությամբ հավատալ նման միֆերի:

– Հնարավո՞ր է, որ քովիդի դեմ պատվաստանյութի ազդեցությունը կարճաժամկետ է, ասենք` մեկ տարի, դրա համար են մարդիկ խուսափում պատվաստվելուց:

– Թեկուզ մեկ տարի: Օրինակ` ես հիմա պատրաստվում եմ գրիպի դեմ պատվաստվել: Տանելով ծանրագույն H1N1` ես որոշեցի, որ այլևս սրա միջով չեմ անցնի, դրանից հետո պատվաստվում եմ: Քանի որ մեզ մոտ երեխաները շատ են, մեր վարակվելու հավանականությունը շատ մեծ է, հետևաբար, ամեն տարի պատվաստվում եմ:

Ես երազում եմ, որ պատվաստումների ցանկը ընդլայնվի: Ես շատ եմ ցավում, որ մեր հանրապետությունը այսպիսի մղձավանջի միջով է անցնում: Մարդիկ սարսափում են, կարծում են այդ մի ասեղի մեջ ինչ սարսափներ կան: Ես ինքս էլ տարբեր մարդկանց հետ եմ շփվում, կարծես նորմալ մարդիկ են, բայց համատարած և չհիմնավորված տեղեկատվություն են տարածում:

– Հիմա այս վիրուսը երեխաների մոտ արտահայտվում է այնպես, ինչպես մեծահասակների՞ մոտ:

– Եթե համեմատենք քովիդի նախորդ ալիքների հետ, երբ երեխաների մոտ անախտանիշ էր ընթանում կամ թեթև, հիմա կան միջին ծանրության դեպքեր, ծանր դեպքերը ևս հազվադեպ են լինում:

Այո՛, կան շնչառական գանգատներ՝ հազ, ջերմության բարձրացում, ցավ կոկորդում, բնորոշ են նաև ստամոքսաղիքային տրակտի խանգարումները՝ լուծ, ցավ որովայնում, փսխում, լինում է նաև ցան: Եթե բժիշկը չենթադրի և ըստ ախտանշանների բուժի, ապա նորից սխալի առաջ կկանգնի: Մի կողմից հիվանդության ախտորոշումը բաց կթողնի, մյուս կողմից` պարզապես անիմաստ դեղորայքի կիրառում:

– Այսինքն` դուք կողմ եք, որ դեռահասները ևս պատվաստվեն:

– Ես ընդհանրապես կողմ եմ պատվաստումներին: Վստահում եմ ապացուցողական տվյալներին, որոնք կարող են արմատախիլ անել այս հիվանդությունը:

Մանե Հարությունյան

MediaLab.am