«Կա բժիշկների խումբ, որն իրեն այլանդակ պահեց». Վահե Տեր-Մինասյան

Լուսանկարը՝ Hetq.am

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է բժշկական գիտությունների թեկնածու, ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը

– Պարո՛ն Տեր-Մինասյան, վերջին շրջանում օրական քովիդի 2000-ից ավելի դեպքեր են գրանցվում, 30-40 մահ, այսօր էլ մահերի թիվը հասել է 47-ի: Ի՞նչ իրավիճակ է:

– Մարդիկ ուղղակի ընկել են հակապատվաստումային քարոզչության հոսքի մեջ, ու շատ դժվար է նրանց կանգնեցնել: Մարդկանց վախեցնում են, թե պատվաստվելով չբեր եք դառնալու, պոզ ու պոչ է աճելու ձեզ վրա և այլն: Ու այդ քարոզչությունը, ցավոք, հաջողվում է, քանի որ այդ քարոզիչներն օգտվում են ժողովրդի անվստահությունից, ինֆորմացիայի պակասից:

Չնայած ես կարծում եմ՝ ամեն ինչ մանրամասն ներկայացվում, ասվում է, բայց, միևնույն է, երևի թե բավարար չէր, և, այո՛, շատ ակտիվ կերպով աշխատեցին մարդիկ, որոնք շատ գոհ ու երջանիկ են այն արդյունքից, որ մենք այսօր Հայաստանում ունենք, մասնավորապես՝ օրական մի քանի տասնյակ մահ:

Ավելին ասեմ, ցավոք, եթե մենք հիմա հասկանանք, թե ինչի հետ գործ ունենք, հնարավոր չի լինի ո՛չ մի շաբաթում, ո՛չ 10 օրում հանրապետությունը անհրաժեշտ մակարդակով պատվաստել: Ցավոք, մահացությունը դեռ մեկ-երկու ամիս շարունակվելու է:

Դա ամենավատն է, երբ տեսնում ու հասկանում ես, որ քո աչքի առաջ մահանում են մարդիկ, որոնք չպետք է մահանային:

– Դուք չե՞ք կարծում, որ նաև ագրեսիվ քաղաքականությունն ու տեղեկատվության պակասն էին պատճառը, որ մարդիկ հիմա նախընտրում են, օրինակ՝ թեստավորվել, քան պատվաստվել:

– Գիտեք, ամեն ինչ խառնվեց իրար: Ես կարծում եմ, որ խառնվեց իրար մեր երկրի սոցիալ-քաղաքական վիճակը, պատերազմը, մեկը մյուսին չվստահելը և նաև տարիներով առողջապահական համակարգի հանդեպ սերմանված անվստահությունը: Այս գործոնները միանգամից գումարվեցին իրար և հանգեցրին նրան, ինչ հիմա ունենք:

Ես ժամանակ առ ժամանակ հայտնվում եմ արտերկրում և փորձում եմ հասկանալ՝ ի՞նչ են անում այդ երկրներում պատվաստումային գործընթացի հետ կապված: Որ ասեմ՝ խիստ միջոցներ են ձեռնարկում, չէ, որ ասեմ ակտիվ քարոզչություն են ծավալում՝ սխալ կլինի:

Ուղղակի մարդիկ շատ ավելի վստահում են առողջապահական համակարգին, շատ ավելի վստահում են բժիշկներին, պետությանը, և երբ նրանց ասում ես՝ ժողովո՛ւրդ ջան, պետք է բոլորս դիմակ կրենք, այդպես էլ լինում է, բոլորը սկսում են դիմակ կրել, ասում են՝ ժողովո՛ւրդ ջան, բոլորով պետք է գնանք պատվաստվելու, գնում են պատվաստվում:

Այսինքն՝ ոչ ոք չի խորանում այդ ամենի մեջ, չկա այդպիսի բան, թե մեկը «Մոդեռնա» է սպասում, մյուսը՝ «Սինոֆարմ» կամ չգիտեմ՝ էլ ինչ: Չկա նման բան: Հայաստանում բոլորը դարձել են դեղագետ, բժիշկ, բոլորն ուզում են բոլորին բան սովորեցնել, ինչ-որ բան ապացուցել, ոչ մեկը կողքինի կարծիքը չի ուզում լսել, ամեն մեկն ունի իր կարծրացած կարծիքը:

Շատ հաճախ մի բան էլ ասում ես՝ թշնամանում են: Այսօր մարդիկ շատ ագրեսիվ են ընկալում ցանկացած ինֆորմացիա, անգամ երբ ուզում ես մարդուն ընդամենն օգնել, որ ողջ մնա: Մինչդեռ մենք տասնյակ կյանքեր ենք կորցնում ու դեռ շարունակելու ենք կորցնել:

– Դուք կատարվածի մեջ տեսնո՞ւմ եք բժշկական հանրության մեղքի բաժինը:

– Կա բժիշկների խումբ, որ իրեն այլանդակ պահեց: Դա ամենավատն է, երբ տաքսու վարորդը կամ հողագործը, կամ շինարարը չի հասկանում, չի վստահում, մտածում ես՝ մարդ է, մասնագետ չէ, կարող է ոչ մասնագիտական եզրակացություններ անել, ու այդ պարագայում նրանից նեղանալ պետք չէ:

Բայց երբ դա անում է բժիշկը, դա խոսում է երկու բանի մասին՝ կամ նա խայտառակ անգրագետ է, կամ հակառակը՝ ինքը շատ լավ գիտի՝ ինչ է անում ու անում է գործողություններ հատուկ նրա համար, որ երկրի առողջապահական համակարգը հայտնվի հնարավորինս ծանր վիճակում, ու հետո կանգնի ասի՝ տեսա՞ք, չկարողացաք խնդիրը լուծել: Դա ամենաստոր, ամենաայլանդակ բանն է: Այսինքն՝ բժիշկը անում է այնպիսի քայլեր, որ հնարավորինս շատ մարդիկ մահանան:

Ես չգիտեմ՝ այդ բժշկի հետ ինչպես է պետք վարվել ու ինչ աստիճանի խստության:

Կա նաև բժիշկների խումբ, որոնք խուսափում են հանրային քննարկումներից, քանի որ դրանք ագրեսիվ են ու մեղադրանքներով լի, և մտածում են՝ ինչո՞ւ եմ հանգիստ գլուխս դնում հոգսի տակ, եթե չեն հասկանում, ինչու ավելորդ թշնամիներ ձեռք բերեմ:

– Պարո՛ն Տեր-Մինասյան, դուք տեսնո՞ւմ եք մասնագետի կողմից հակամասնագիտական տեղեկություններ տարածելը քրեականացնելու անհրաժեշտություն:

– Մեր բժշկական բուհերը և բժշկական կրթության պատասխանատուները մեկ միանական դիրքորոշում ունեն պատվաստումների կարևորության մասին: Բայց հանկարծ այդ նույն բուհերի շրջանավարտները միանգամայն այլ տեսակետ են հայտնում, երբեմն այդ բուհերի աշխատակիցներն են լրիվ այլ կարծիք հայտնում: Ես չեմ ասում՝ քրեականացնել, բայց բժշկական լիցենզիայի հարցը, կարծում եմ, այո՛, կարելի է բարձրացնել:

Օրինակ՝ եթե մեկ-երկուսը զրկվեն լիցենզիայից, ապա, կարծում եմ՝ գուցե ինչ-որ ազդեցություն ունենա: Ինձ համար այդ պատիժները, դատելը միշտ խորթ են եղել, միշտ մտածել եմ՝ գուցե պետք է օգնել, հասկացնել: Պատժելը, չգիտեմ՝ որքանով արդարացված կլինի: Բայց մյուս կողմից էլ՝ հանրային առողջության պահպանման հարցն է առաջանում:

– Ձեր մասնագիտական գործունեության ընթացքում տեսե՞լ եք, հիշո՞ւմ եք հակապատվաստումային նման մասշտաբային քարոզչություն:

– Այս ամենը նոր չէ, Հայաստանում դա մի քանի տարվա պատմություն ունի, որը սկսվել է ամենևին ոչ կորոնավիրուսի համավարակի ժամանակ: Ցանկացած լրագրող կարող է հետազոտություն իրականացնել, գտնել հիմքերը՝ ովքեր էին քայքայում մեր պատվաստումային ծրագիրը, ովքեր էին դատախազություն նյութեր ներկայացնում, ովքեր էին նրանց ֆինանսավորում, ովքեր էին նրանց աշխատանքի ընդունում, տրամադրում պայմաններ, ու ինչպիսի քաղաքական նպատակներ էին նրանք հետապնդում: Ես շատ բաներ գիտեմ ու տեսել եմ:

– Այդուհանդերձ, դուք քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ եք այս ամենի մեջ:

-Այո՛, ես այդ քաղաքական ենթատեքստի հետ շփվել եմ անձամբ: Ասում էինք՝ մի՛ արեք, ասում էինք՝ դուք մարդկանց մեջ պատվաստանյութերի նկատմամբ թերահավատություն եք սերմանում, ու մի օր մենք խնդիր կունենանք: Ասում էինք՝ երբ դու քո անձնական շահերից ելնելով, երկու կոպեկ ստանալու ակնկալիքով նման այլանդակություն ես անում, վաղը երկրում լուրջ խնդիր կլինի, մարդկանց չես կարողանա տարհամոզել: Իսկ մարդիկ առաջին հերթին վատն են ընդունում, ու դա արմատավորվում է նրանց մեջ:

Բայց մի բան եմ նկատել՝ այն մարդիկ, որոնք սկզբնական շրջանում ակտիվ հակաքարոզ էին անում, հիմա սսկվել են ու ձյունանուշիկի դեմքով այնպիսի ելույթներ են ունենում, որ տեսնում ես, ասում ես՝ ոնց, էս նույն մա՞րդն է:

Հավանաբար մահերի քանակը վախեցրել է, ու հասկանում են, որ կարող են շատ ծանր վճարել իրենց այլանդակությունների համար:

– Մի նեղ մասնագիտական հարց՝ քաղցկեղով հիվանդները կամ երբևէ հիվանդացած անձը ի՞նչ անեն, կարո՞ղ են գնալ պատվաստվել:

– Եթե մենք մենք խոսում ենք քաղցկեղ վերապրած մարդու մասին, որը ժամանակին հիվանդացել է, վիրահատվել ու լավացել, ապա այս դեպքում որևէ խնդիր չկա, հանգիստ կարող է գնալ ու բոլորի նման պատվաստվել:

Եթե մենք խոսում ենք այն պացիենտների մասին, որոնք բուժման ընթացքում են գտնվում, նրանց համար ծանր կարող է լինել քովիդով վարակվել, նրանց թուլացած օրգանիզմը գուցե չկարողանա հաղթահարել այդ հիվանդությունը: Ուստի քաղցկեղով հիվանդներին նույնպես ցուցված է պատվաստումը: Բայց դա պետք է արվի շատ հստակ ցուցումներով, թե, օրինակ՝ քիմիաթերապիա ստանալուց քանի օր առաջ պետք է պատվաստում ստանա:

Ես կարծում եմ, որ մեր ուռուցքաբանները այդ ամենին շատ լավ տեղեկացված են, տիրապետում են միջազգայնորեն հաստատված ցուցումներին: Ուռուցքային հիվանդներն ունեն իրենց բժիշկներին, որոնց հետ կարող են քննարկել ու պաշտպանվել վիրուսից:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am