«Հանրության մեծ մասին համախմբել կհաջողվի, որովհետև բոլոր շփումներն ու ուսումնասիրությունները դա են ցույց տալիս». Գեղամ Մանուկյան

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը

– Պարո՛ն Մանուկյան, նոյեմբերի 9-10-ին ձեր խմբակցության կողմից նախատեսվող հավաք-երթը բազմաթիվ մեկնաբանությունների, քննադատությունների, ոմանց կողմից էլ՝ ծաղրի է արժանացել: Ինչո՞ւ հենց նոյեմբերի 9-10-ը:

– Նոյեմբերի 9-ին հանրահավաք ու երթ անելու հայտը Հայ հեղափոխական դաշնակցության կողմից քաղաքապետարան է ուղարկվել շատ ավելի վաղ՝ մոտ երկու շաբաթ առաջ: 

Սա արձանագրում եմ հատկապես այն մարդկանց համար, ովքեր ասում են, թե ընտրվել է այդ օրը, քանի որ, ըստ լուրերի, պատրաստվում է ինչ-որ փաստաթղթի ստորագրություն, այսինքն՝ հայտը ուղարկելիս որևէ խոսակցություն չկար հնարավոր փաստաթղթի ստորագրման մասին: 

Նոյեմբերի 9-ի հայտը երբեք չի բացառում դրանից շատ ավելի շուտ բողոքի գործողություններ սկսելը, ու երեկ էլ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ առաջիկա օրերին չենք բացառում, ու, վստահաբար, կարծում եմ, լինելու են տարբեր ձևաչափով բողոքի գործողություններ:

Ամեն մեկը, որը գտնում է, որ իրավիճակը բարդ է ու պետք է գործողությունների դիմել, ազատ է, մենք միայն կողջունենք դա ու շատ հաճախ կլինենք նաև մասնակիցը, ինչպես նախորդ ամիսներին է եղել:

– Այնուամենայնիվ, ինչո՞ւ անցած ամիսներին խմբակցությունը երթեր, բողոքի ակցիաներ չէր կազմակերպում:

– Ձեզ հետ համաձայն չեմ, որովհետև ես կմտաբերեմ մի քանի դեպքեր, երբ Դաշնակցության երիտասարդական, ուսանողական միությունը, Երևանի քաղաքային կոմիտեն տարբեր ձևաչափերով բողոքի գործողություններ են իրականացրել, ու դա չի դադարել: 

Ի դեպ, այդ բոլոր խորհրդատուներին ուղղակի մի բան հիշեցնեմ. օրերս ավարտվել է նախաքննությունը, և ամիսներ առաջ Դատախազության դեմ բողոքի ակցիա իրականացնելու համար դաշնակցական 10 ընկերների քրեական գործն ուղարկվել է դատարան, այսինքն՝ դիտողություններ ու խորհուրդ տվողները թող ժամանակ գտնեն ու հաշվեն, թե քանի դաշնակցականի վրա է քրեական գործ հարուցված, քանի դաշնակցական, այդ թվում՝ պատգամավոր, այսօր զրկված են երկրից դուրս գալու հնարավորությունից:

– Պարո՛ն Մանուկյան, բողոքի ակցիաների նպատակը ո՞րն է, ու կհաջողվի՞ այս անգամ ձեր շուրջը համախմբել հանրության մեծ մասին:

– Հույս ունեմ, որ կհաջողվի, որովհետև բոլոր ուսումնասիրություններն ու շփումները դա են ցույց տալիս:

Նպատակը հստակ է՝ ոչ թե պոստ ֆակտում փաստեր արձանագրել ու իշխանություններին այս կամ այն զանցանքի կամ դավաճանության համար մեղադրել, այլ ուղղակի կասեցնել, արգելակել նման հանցավոր ցանկացած փաստաթղթի ստորագրում:

– Այսինքն՝ իշխանափոխության նպատակ չունե՞ք:

– Իշխան Սաղաթելյանը շատ հստակ ասել է նպատակը՝ կասեցնել ցանկացած դավաճանական գործողություն, կասեցումը նաև իշխանության հեռացումն է:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am