«Տարակուսելի է՝ ո՞նց կարող է մարդը 34 օր հացադուլի մեջ լինել, բայց բժիշկներն արձանագրեն, թե օրգանիզմում փոփոխություններ չկան». փաստաբան

«Տարակուսելի է՝ ո՞նց կարող է մարդը 34 օր հացադուլի մեջ լինել, բայց բժիշկներն արձանագրեն, թե օրգանիզմում փոփոխություններ չկան». փաստաբան
«Տարակուսելի է՝ ո՞նց կարող է մարդը 34 օր հացադուլի մեջ լինել, բայց բժիշկներն արձանագրեն, թե օրգանիզմում փոփոխություններ չկան». փաստաբան

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է փաստաբան Վահե Արմենակյանը, ով 44- օրյա հացադուլից հետո «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացած Մհեր Եղիազարյանի փաստաբանն է:

– Պարոն Արմենակյան, «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ Մհեր Եղիազարյանի մահից հետո հարց է ծագում, թե ինչո՞ւ հանրությունը տեղեկացված չի եղել, որ կալանավորված անձը 44 օր հացադուլ է արել: Ինչո՞ւ փաստաբաններն այդ մասին չեն բարձրաձայնել, միգուցե հարցին հնչեղություն տալու դեպքում հնարավոր լիներ փրկե՞լ մարդու կյանքը:

– Ամեն օր տեղեկատվություն եղել է, նրա կայքը ամեն օր պարտաճանաչ տեղեկատվություն տվել է, որ նա հացադուլի մեջ է: Ինքն էլ չէր ուզում, որ շատ լայն հնչեղություն տայինք գործին, որովհետև գտնում էր, որ իր նկատմամբ այդ մեղադրանքն ապօրինի է: Այսինքն՝ նա կարևորում էր իր հեղինակության հարցը, չէր ուզում, որ հանրությունը տեղյակ լիներ մեղադրանքներին:

Կրկնում եմ՝ ամեն օր տեղեկատվություն եղել է նրա վիճակի մասին, և ես գտնում եմ, որ եթե հանրության մոտ լայն արձագանք լիներ, կարող էր այդ տեղեկատվության հիման վրա էլ լինել: Պարզապես փաստացի այն իրավիճակն է ստեղծվել, որ մարդը մահացել է, հետո են մարդիկ իմացել, կարծես նոր են մարդիկ քնից արթնացել ու հարցնում են՝ ինչո՞ւ մահացավ:

– Գուցե փաստաբանների կողմից բարձրաձայնումը կօգնե՞ր իրավիճակին:

– Մեր փաստարկներն այնքան ուժեղ էին, մենք այնքան փաստեր էինք դատարան ներկայացրել, գրավի միջնորդության ժամանակ այնքան երաշխիքներ էինք տվել, որ գրեթե 99 տոկոսով, եթե ոչ 100 տոկոսով, վստահ էինք, որ դատարանը կբավարարեր մեր միջնորդությունը, և նա գրավով ազատ կարձակվեր:

Քանի որ մենք էլ էինք վստահ, որ դատարանը մեր միջնորդությունը կբավարարեր, ինքն էլ էր վստահ, դրա համար մենք ավելի շատ հիմքերի հավաքագրման գործով էինք զբաղված: Պատգամավորների երաշխավորությունն էինք ստացել, որպես գրավ առաջարկվող 5 մլն դրամն էինք հայթայթել: Նա գտնում էր, որ իր գործը քաղաքացիաիրավական վեճ է, և այն մարդկանց, ում խոստացել էր դեկտեմբեր ամսին վերադարձնել գումարները, հենց դեկտեմբերին էլ այդ գումարները վերադարձրեց:

Եվ նրանք գրեցին, որ բողոք չունեն, բայց դատարանը խափանման միջոցը չփոխեց: Եվ խնդիրը հենց դա է, երբ դատարանը խափանման միջոցը չփոխեց, Մհեր Եղիազարյանը փորձեց հացադուլից դուրս գալ, բայց տեսավ, որ անհնար է:

-Դուք որպես փաստաբան ի՞նչ եք կարծում՝ նրան առաջադրված մեղադրանքը հիմքեր ունե՞ր:

– Եթե բնականոն նախաքննություն ընթանար, ես վստահ եմ, որ մենք արդյունքի կհասնեինք:

– Այսինքն՝ գործ ունենք նախաքննական մարմինների՝ իրենց գործում թերացմա՞ն հետ:

– Գործողություն գրեթե չի կատարվել: Ընդամենը առաջին երկու օրը, երբ Մհեր Եղիազարյանը դեռ հացադուլ չէր հայտարարել, ցուցմունք է տվել, առերեսում է եղել: Ահագին բաներ կարող էին հերքվել, եթե նախաքննությունը շարունակություն ունենար: Բայց քանի որ կալանավորեցին, նա հացադուլ հայտարարեց, նախաքննությունն այլևս չշարունակվեց, մնաց նույն կետում: Այսինքն՝ մենք գործ ունենք անտարբեր վերաբերմունքի հետ: Մարդը 44 օր հացադուլ է հայտարարել, այդքան երաշխիքներ են տրվում, որ մարդը կարող է ազատվել, դատարանը չի բավարարում: Ես համոզված եմ, որ եթե այդ օրը նրան ազատեին, սա չէր լինի: Եթե մարդուն այդ վիճակում պահում ես անազատության մեջ, նա արդեն կոտրվում է, չի կարողանում պայքարել:

– Ե՞րբ էր նա փորձել դուրս գալ հացադուլից:

– Հունվարի 16-ին դատական նիստ էր եղել, մերժվել էր միջնորդությունը, 17-ին նա փորձեց դուրս գալ հացադուլից, բայց չստացվեց: Մարդու օրգանիզմն արդեն այն վիճակում էր, որ չկարողացավ:

– Իսկ բժշկական համապատասխան միջամտություն չցուցաբերվե՞ց: Արդարադատության նախարարությունը պարզաբանում էր տվել, որ նա մի քանի անգամ տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց:

– Պարբերաբար չէ, երկու անգամ է տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց: Երկու անգամ էլ բժիշկները գտել են, որ վիճակը բավարար է, փոփոխություն չկա: Եթե հաշվենք, որ նա հունվարի 9-ին է տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց, հունվարի 9-ին նա արդեն 34 օր հացադուլի մեջ էր: Թե բժիշկները ո՞նց են արձանագրել, որ փոփոխություն չկա՝ ես չեմ հասկանում: Ո՞նց կարող է մարդը 34 օր հացադուլի մեջ լինել, բայց օրգանիզմում փոփոխություն չլինի: Սրանք տարակուսանք հարուցող հարցեր են, որոնք պետք է հետագայում պարզենք:

– Ձեր հետագա քայլերը որո՞նք կլինեն:

– Քանի որ նրան դեռ նոր են հուղարկավորել, մենք դեռ չենք որոշել հետագա անելիքները: Առաջիկայում կորոշենք մեր հետագա քայլերը:

– Հայաստանում իշխանափոխությունից հետո ի՞նչ եք նկատում՝ կալանավայրերում մարդու կյանքի ու իրավունքի պաշտպանության հարցում փոփոխություններ եղե՞լ են:

– Օրինակ՝ փոփոխություն կա այնքանով, որ եթե նախկինում կարող էիր կալանքի տակ գտնվող քո պաշտպանյալին հանդիպել սահմանափակ ժամկետներում, հիմա անսահմանափակ է: Օրինակ՝ ես դեկտեմբերի 31-ին Մհերին այցելել եմ, հունվարի 5-ին այցելել եմ, այդ առումով փոփոխություն կա:

Ինչ վերաբերում է համակարգային փոփոխություններին, դատական և նախաքննական մարմիններում, չեմ կարծում, որ փոփոխություն է եղել: Սա ակնառու փաստ է: Հնարավոր է՝ գրավի միջնորդություններն ավելացել են որոշ չափով, բայց այս դեպքը ցույց տվեց, որ ուղղակի մարդասիրական մոտեցումը չկա, հակվածությունը դեպի մարդասիրական մոտեցում բացակայում է:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am