«Արցախը պետք է ի վերջո ընդունի ադրբեջանական օկուպացիայի մասին օրենքը, որը վերջ կդնի այս տեսակի բոլոր խոսակցություններին». Թևան Պողոսյան

Լուսանկարը՝ Sputnik Արմենիա

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական վերլուծաբան Թևան Պողոսյանը

Պարո՛ն Պողոսյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսի ժամանակ արցախյան հարցին առնչվող հնչած հայտարարություններին անդրադարձել են թե՛ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, թե՛ հայկական երկու պետության Մարդու իրավունքի պաշտպանները: Համակարծի՞ք եք բարձրաստիճան պաշտոնյաների նկատառումներին, որոնք ուղղված են Փաշինյանի խոսքին:

– Փաշինյանի կողմից արված հայտարարություններին բացասական եմ վերաբերվում, մեկ բառով ասած՝ անընդունելի եմ համարում: Ընդհանուր առմամբ, Արցախն այս ու այն կողմ նետելու իր կամ առուծախի առարկա չէ, Արցախն անգին հայրենիք է, որի ամեն թիզ հողը արյամբ է սրբագործված: Պետք չէ խոսել Արցախի մասին ընդհանրապես, եթե չեն հասկացել, որ նրա մասին արտաբերած ամեն բառը կա՛մ պիտի լույս ու սեր ճառագի, կա՛մ չլինի ընդհանրապես:

Հաճախ են ասում, որ մեզ մենակ մենք չենք լսում, բայց արցախյան հարցով անընդունելի ինչ-որ մանրուքների մեջ են մտնում, այն էլ՝ իրենց անձնական մեկնաբանությունների շրջանակներում:

Այս երկու օրը, երևի կլսեք, հուսամ, որ Արցախի իշխանությունները կգիտակցեն իրենց այսօրվա կարևորության իմաստը, թե ոնց պետք է ներազդեն:

Ինչպե՞ս պետք է լինի այդ ազդեցությունը՝ ըստ ձեզ:

– Ամբողջ անցած տարին՝ հունվարից մինչ օրս, ամեն օր ասել եմ, որ Արցախը մեզ համար պետք է դառնա այն սրբությունը, որ Ստեփանակերտը ընկալենք Երևանին հավասարազոր մայրաքաղաք, ամեն ինչ պետք է անենք, որ Արցախում ամեն օր մի հայ ավելանա և ոչ թե նվազի: Իրավական դաշտում Արցախը պետք է, ի վերջո, կարգավորի իրավական դաշտի խնդիրներն ու ընդունի ադրբեջանական օկուպացիայի մասին օրենքը, որը վերջ կդնի այս կարգի բոլոր խոսակցություններին: Մի տարի ձգել, ձգել ենք, ոչինչ չենք արել, մտածում ենք՝ ինչո՞ւ պետք է այսպես լիներ:

Հայաստանում էլ պետք է գործընթացներ նախաձեռնվեն Արցախի ճանաչման համար, այլ պարագայում այլևս ասելու բան չկա, որովհետև անիմաստ է, հիմա ասելու ենք, անցնի գնա: Ասուլիսներ են անելու, բացահայտումներ են անելու, հարցազրույցներ տան անցնի գնա, Արցախի ԱԺ-ն հայտարարություն է ընդունելու և այլն, բայց ես այլ բան էի պատկերացնում. արդյոք Արցախի դերն ու արժեքը հայտարարության մե՞ջ է, Արցախի ամեն ինչը գործողության մե՞ջ է:

Արցախի իշխանությունը օրենքը պետք է ընդունի, համաձայն օրենքի պետք է աշխատեն, չսպասեն՝ ասելով՝ ներքին ինչ-որ վիճակներ են, չխառնվենք: Արցախի իշխանությունները պետք է սկսեն խոսել ամբողջ աշխարհի համայն հայության հետ:

Իսկ ինչո՞ւ չեն խոսում, ըստ ձեզ, պարո՛ն Պողոսյան:

– Ա՛յ դա չգիտեմ, ես չեմ կարող ասել՝ ինչո՞ւ չեն խոսում, զանգեք իրենցից հարցրեք:

Ըստ էության, հայկական երկու պետության ղեկավարների խոսքը միմյանց հակասում է, այս պարագայում ինչպե՞ս եք պատկերացնում համագործակցությունը Արցախի ու Հայաստանի միջև:

– Իսկ համագործակցությունը պետք է լինի երկու անձի՞, թե՞ ամբողջ ազգի մեջ: Մենք ազգովի պետք է համագործակցություն ապահովենք: Նմանատիպ հարց ինձ տվել էին 2018 թվականին, և ես ասել եմ, որ տարբեր ժամանակներում, տարբեր ղեկավարների միջև եղել են անախորժություններ, բայց արդյոք մեր ազգային հարցն անձերի մե՞ջ է:

Ուրախ եմ ձեր տված հարցով, որ մենք խնդիրը պետք է գիտակցենք համայն հայության պահանջատիրության շրջանակներում, ու ինձ շատ քիչ է հետաքրքրում այսօր այն անձերի անձնական հարաբերությունները, որոնք գործող իշխանություններին են ներկայացնում: Պահանջը ձևավորում է հանրությունը, եթե հայ ազգը չի պահանջել, բա ինչո՞ւ էի ասում, որ հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ավելի շատ ադրբեջանցիներն են ուրախացել, քան հայաստանցիները: Այս ընտրության հետևանքն էլ սա էր լինելու, հիմա ո՞ւմ վրա եք զարմանում:

 – Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ պատասխանել է հնչող կարծիքներին՝ իր հայտարարության վերաբերյալ, մեկ կետ կցանկանայի առանձնացնել նրա գրառումից: Վարչապետն ասում է, որ հիմա բանակցային բովանդակության մեջ ԼՂ ադրբեջանական բնակչությանը վերաբերող դրույթների մասին խոսելու նպատակն է պաշտպանել 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիների՝ Արցախում հայկական իրավազորության ներքո բնակվելու իրավունքը: Ինչպե՞ս եք գնահատում այս միտքը:

– Իսկ հիմա ո՞ւմ իրավազորության ներքո են բնակվում այդ տեղահանված մարդիկ: Ստեփանակերտի բնակիչը, որ չի տեղահանվել, ո՞ւմ իրավազորության ներքո է ապրում: Այդ հարցով ու պատասխանով ի՞նչ է ուզում ասել. գնալու է Շուշին ու Հադրութը ազատագրի ու հայկական իշխանությո՞ւն այնտեղ հաստատի, թող այդպես էլ ասի: Իսկ գուցե պատկերացնում է, որ բոլոր 150 հազար բնակիչն էլ պետք վերադառնա Հայաստան, որ դա համարվի, թե հայկական իրավազորության ներքո են, չգիտեմ:

Ախր որ ասում եք՝ մեկնաբանեք, ի՞նչը մեկնաբանեմ, ախր այդ նախադասությունը բառերի կույտ է ի վերջո: Իմ միակ խորհուրդն է, որ Արցախի մասին խոսեն այնպես, որ իսկապես այն ճառագի լույսով, սիրով, հայրենիքով, կամ թող չխոսեն ընդհանրապես: Մեզ հիմա գործողություններ են անհրաժեշտ, ամեն մեկս մեր տեղում մի բան պետք է անի, ոչ թե նրա առաջ քաշած օրակարգը խաղացնենք:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am