«ՔՊ-ն բրոունյան շարժման մեջ է, բայց կա մի պարզ ճշմարտություն՝ 14-ը ավելի շատ է, քան 13-ը». վարդենիսյան ընտրությունների ոդիսականը

Վարդենիս խոշորացված համայնքում, որի կազմում ընդգրկված է շուրջ 34 բնակավայր, հետընտրական վեճն այսօր հանգուցալուծվեց միավորված երկու ընդդիմադիր ուժերի թեկնածուի երդման արարողությամբ: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ընդունում նման ելքը և վեճը լուծելու համար դիմել է դատարան:

Վարդենիս խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ավագանու ընտրություններն ավարտվել էին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակով. ԿԸՀ-ի հրապարակած արդյունքների համաձայն՝ ՔՊ-ն ստացել էր 6163 ձայն, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 4989, իսկ «Միասնական Վարդենիս» դաշինքը՝ 2205: Այսինքն՝ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը` 10, իսկ «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը` 4 մանդատ։

Վերջինի առաջնորդ, Վարդենիսի նախկին ղեկավար Արամ Հարությունյանին ընտրություններից հետո մեղադրանք առաջադրվեց, իսկ դեկտեմբերի 30-ին մեծ աղմուկով տեղի ունեցած ավագանու նիստում միավորված ընդդիմադիր երկու դաշինքները 14 կողմ ձայնով քաղաքապետ ընտրեցին «Ահարոն Խաչատրյան» դաշինքի առաջնորդ Ահարոն Խաչատրյանին:

Նույն նիստում, որին ՔՊ-ի անդամները չէին մասնակցել, ավագանին որոշել էր նորընտիր քաղաքապետի երդմնակալության օրը, և այսօր արդեն՝ հունվարի 4-ին, Ահարոն Խաչատրյանը երդվեց «պահպանել Հայաստանի Հանրապետության որոշումները, գործել ի բարօրություն բնակիչների, պաշտպանել համայնքի իրավունքներն ու օրինական շահերը»: Երդմնակալությունը տեղի ունեցավ համայնքապետարանի շենքի դիմաց, քանի որ ոստիկանները պաշարել էին շենքը, փակել դռները և թույլ չէին տալիս ավագանու անդամներին մուտք գործել այնտեղ:

6163 ձայն ձայն ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու դրա թեկնածու Արամ Մելքոնյանը չեն ընդունում ավագանու նման ընտրությունը, դիմել են դատարան: «Մեզ բանավոր տեղեկացրին, որ դիմել են դատարան, բայց մենք որևէ հայցադիմում ու դատարանի ծանուցում չենք ստացել: Երբ կստանանք, պատշաճ կերպով մեր առարկությունները կկազմենք ու կներկայացնենք»,- «Մեդիալաբին» ասաց «Ահարոն Խաչատրյան» դաշինքի շահերի ներկայացուցիչ Վարազդատ Հարությունյանը:

Փաստաբանն ասում է՝ Ահարոն Խաչատրյանի երդմնակալության արարողությունը միանգամայն իրավական հիմքերի վրա է, և որևէ օրինախախտում տեղի չի ունեցել: «Դեկտեմբերի 30-ին տեղի էր ունեցել ավագանու նիստ, որի ընթացքում ավագանու 14 անդամներ՝ մեծամասնությունը, համայնքի ղեկավար են ընտրել Ահարոն Խաչատրյանին: Իսկ նիստի օրակարգային մյուս հարցը երդմնակալության օրը որոշելն էր, և որոշվել էր այն անցկացնել հունվարի 4-ին: Այնպես որ, միանգամայն հիմնավորված էր նորընտիր քաղաքապետի երդմնակալությունը»,- նշեց Հարությունյանը:

Համայնքապետարանի շենքը պաշարելու, դռները փակելու ոստիկանության գործողությունները Հարությունյանը անօրինական որակեց: «Ոստիկանությունը ապօրինաբար սահմանազանցեց իր լիազորությունները: Մեր պնդմամբ և կասկածներով՝ որոշակի շրջանակների, ավելի կոնկրետ՝ ՔՊ-ի շահերից ելնելով է ոստիկանությունը նման գործողություններ կատարել»,- ընդգծեց փաստաբանը:

Նրա գնահատմամբ՝ ոստիկանության կողմից այդ խոչընդոտը ֆորսմաժոր չէր կարող առաջացնել՝ խոչընդոտելու երդմնակալության արարողությունը, հետևաբար որոշվեց հենց համայնքապետարանի բակում էլ կազմակերպել երդմնակալությունը:

Վարդենիս համայնքի ղեկավարի ՔՊ-ական թեկնածու Արամ Մելքոնյանն ու իր թիմը չեն ընդունում նման արդյունքը, Խաչատրյանի ընտրվելը իրավական տեսանկյունից առոչինչ են համարում և ավելին, առաջարկում են ընդդիմությանը վայր դնել մանդատները ու նոր ընտրություններ անցկացնել: «Ընդդիմությունը խաբելով է ձայներ հավաքել, եկեք բացեիբաց, բաց ճակատով գնանք ընտրության: Մեր թիմն ամուր կանգնած է, մեր ձայները կորած չեն, և մենք պայքարը շարունակելու ենք»,- կուսակիցների հետ հանդիպմանը հայտարարել էր Արամ Մելքոնյանը:

«Ահարոն Խաչատրյան» դաշինքի շահերի ներկայացուցիչը նման առաջարկությունն անլուրջ է համարում. «Արդեն խելագարության կանխավարկածն է գործում. իրենք ընտրությունը պարտվել են, ասում են՝ եկեք մի հատ էլ ընտրություն անենք: Մենք կոկա-կոլայի մրցույթի չենք մասնակցում, կոմպյուտերային խաղ չենք խաղում, խոսքը խոշորացված համայնքի կենսագործունեությունն ապահովելու մասին է»:

Վարդենիսի ավագանու կողմից ընտրված Ահարոն Խաչատրյանը չնայած քաղաքական հակասություններին, հնարավոր է համարում ՔՊ-ի հետ համատեղ աշխատանքը: «Նրանք կարող են գալ, մասնակցել ավագանու նիստերին, ես էդ ձև եմ պատկերացնում»,- լրագրողներին ասել է Խաչատրյանը:

Արամ Մելքոնյանի հեռախոսը ամբողջ օրվա ընթացքում անհասանելի էր, հետևաբար հնարավոր չեղավ հասկանալ՝ ի՞նչ քայլերի է պատրաստվում դիմել ՔՊ-ն, թե՞ սպասելու են դատարանի որոշմանը:

Սակայն մինչ դատարանի որոշումը հայտնի կդառնա, ընդդիմադիր դաշինքի շահերի ներկայացուցիչն ասում է. «Անգամ եթե ընտրության արդյունքների մասին որոշումը դատարանն անվավեր համարի, կա մի պարզ ճշմարտություն, որը մեզ դպրոցում են սովորեցրել՝ 14-ն ավելի մեծ է, քան 13-ը: ՔՊ-ն բրոունյան շարժման մեջ է, ամբողջ իշխանական թևը լծվել է քրտնաջան պայքարի, որ մի հատ էլ ընտրություն լինի»:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am