«Ասում եմ՝ թեկուզ մի ձեռով գայիր, մի ոտով գայիր, բայց գայիր, ինչի՞ իմ աչքը քո ճամփին կարոտ թողեցիր»․ Ալեքսանդր Ազարյանը զոհվել է Ուլյանի լեռների բարձունքում

«Ամեն բառը ականջիս ա՝ մա՛մ, գալու եմ, կգամ, քո կյանքը կփոխեմ, գալու եմ ախպորս պսակենք, հետո ես պսակվեմ, թոռներով պիտի ապրես, չեմ թողա, որ աշխատես, իմ թագուհի մամա»,- հուզմունքով ասում է Սաթիկ Ավանեսյանը, որը որդուն կորցրել է 44-օրյա պատերազմի ժամանակ:

Սաթիկ Ավանեսյանը 12 տարի է՝ միայնակ է մեծացնում հինգ զավակներին: 19-ամյա Ալեքսանդր Ազարյանը Սաթիկի երկրորդ որդին էր, ժամկետային զինծառայող, ծառայել է Մարտունի 2 պաշտպանականում, երբ սկսվել է պատերազմը։

Ալեքսանդրը պատերազմի առաջին իսկ օրից մասնակցել է հայրենիքի պաշտպանության համար մղվող թեժ մարտերին, եղել է Վարանդայում, Կարմիր Շուկայում, սակայն մորը միշտ ասել է՝ թաքստոցում է, ամեն ինչ լավ է։

«Զանգում էր շատ ուրախ ձայնով՝ ընտիր եմ, մեզ մոտ պատերազմ չկա, մա՛մ ջան, քեզ խաբում են, ժամկետային զինծառայողներին թաքստոցում են պահում, բայց խաբում էր, հենց առաջին օրվանից մարտական գործողությունների ա մասնակցել։

Մենակ վերջին օրերին զանգեց, ասեց՝ մա՛մ ջան, էս անտեր պատերազմը ե՞րբ ա պրծնում, տելեվիզրով ի՞նչ են ասում։ Երեխայիս հարցը մինչև հիմա ինձ խեղդում ա»,- ասում է ու հուզվում որդեկորույս մայրը։

Ալեքսանդրը վերջին անգամ ընտանիքի հետ կապ է հաստատել հոկտեմբերի 28-ին, մորն ասել է, որ երկու օրով անհասանելի կլինի, իրենց տեղափոխում են։ Այդ զանգը վերջինն է եղել։

«Իրենց տարել են Ուլյանի լեռների բարձունք, որտեղ էլ դեպքը տեղի ա ունեցել։ Ինքը գնդացրորդ էր, բայց ԱԹՍ հարվածից ա զոհվել»,- կսկիծով ասում է մայրը։

Մեկ ամիս անց որդու մարմինը գտնելուց հետո՝ նոյեմբերի 24-ին, Ալեքսանդրին հուղարկավորել են ծննդավայրում՝ Տավուշի մարզի Բերդավան գյուղում։

Ալեքսը շատ ընկերասեր էր, խաղաղ, սիրում էր միջոցառումներ կազմակերպել, համախմբել ընկերներին՝ պատմում է մայրը։

«Որտեղ ուրախություն կար, Ալեքսն էնտեղ ներկա էր, անգամ մեծահասակներն էին իրան հրավիրում իրանց հետ ուրախանալու»։

Ալեքսանդրը որոշել էր բանակից գալ, մասնագիտություն ստանալ, աշխատել և ընտանիքին օգնել։ «Մինչև բանակ գնալն էր աշխատում, գյուղում բանվորություն էր անում, խաղող հավաքելու էր գնում, դաշտում տարբեր գործեր կային, անում էր»։

Սաթիկն ասում է՝ որդու զոհվելուց հետո կյանքն իմաստ չունի։ Ասում է՝ էլի երեխաներ ունի, բայց Ալեքսանդրն ուրիշ էր։ «Ինքն իմ կյանքի իմաստն էր, փոքրուց շատ կապված էր իմ հետ: էլի երեխեք ունեմ, սիրում եմ բոլորին, թոռնիկներ ունեմ, բայց իմը իմ Ալեքսն ա, ես իմ երեխուն եմ սպասում»։

Սաթիկը հաճախ է գնում որդու գերեզման, զրուցում, լալիս․ «Լինում ա՝ տնից փախնում եմ, մենակ եմ գնում իրա մոտ, ասում եմ՝ թեկուզ մի ձեռով գայիր, մի ոտով գայիր, բայց գայիր, փախնեիր, ինչի՞ իմ աչքը քո ճամփին կարոտ թողեցիր»։

Արփինե Արզումանյան

MediaLab.am