«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ազգային բժշկական պալատի նախագահ, առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանը
– Պարո՛ն Վանեսյան, նկատի ունենալով, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում քովիդով վարակվածության նոր դեպքերի ամենօրյա աննախադեպ աճ է գրանցվում, ինչ եք կարծում, մեկ շաբաթ անց ի՞նչ պատկեր ենք ունենալու:
– «Օմիկրոնն» ունի մի քանի անգամ բարձր վարակելիության աստիճան, քան քովիդի մյուս շտամները, ինչն էլ նպաստում է, որ վարակվածության նոր դեպքերի ցուցանիշը բարձր լինի: Մյուս պատճառն այն է, որ շատերը պատվաստվել են մեկ դեղաչափով, իսկ երկրորդ դեղաչափը թույլ կտար ունենալ ավելի բարձր իմունային համակարգ ու դժվար կլիներ վարակվելը, այս խնդիրը դեռևս լուծված չէ:
Այսինքն՝ մի կողմից «Օմիկրոնի» վարակելիության բարձր աստիճանը, մյուս կողմից՝ իմունիտետի թույլ պատնեշը, բնականաբար, նպաստում են, որպեսզի մենք օրական նման ցուցանիշներ արձանագրենք: Ի՞նչ պատկեր կունենանք. գիտեք՝ քովիդն ինձ սովորեցրել է, որ ես չշտապեմ դիրքորոշում հայտնելուց, քանի դեռ ցիկլը չի ավարտվել: Չեմ կարող ասել այս պահին, թե ինչ կլինի մեկ շաբաթ հետո, ենթագիտակցորեն սպասելի է, որ թվերը կավելանան:
– Առողջապահության համակարգը կկարողանա՞ դիմագրավել այս ծանրաբեռնվածությանը:
– Հաշվի առնելով, որ «Օմիկրոնի» պարագայում գրեթե կիսով չափ կիսվել է կարանտին պահելու ցիկլը, կարծում եմ, որ մեր առողջապահության համակարգն արդեն չորրորդ ալիքն անցնելուց հետո ունակ է դժվարություններին դիմակայելու: Պետք է ուղղակի հիվանդանոցները, ցավոք, նորից վերապրոֆիլավորվեն քովիդ հիվանդանոցների, որքան էլ այդ վերապրոֆիլավորումը մեծ դժվարություններ ու ֆինանսական ծախսեր է պահանջում:
Այդ գործընթացը պետք է արագ կազմակերպվի, չնայած տեղյակ եմ, որ արդեն իսկ կան հիվանդանոցներ, որոնք վերապրոֆիլավորվել են, կան հիվանդանոցներ էլ, որոնք չէին դադարել քովիդով հիվանդ մարդկանց սպասարկելուց:
– Պարո՛ն Վանեսյան, գործող սահմանափակումները որքանո՞վ են կանխում համավարակի տարածումը:
– Ցանկացած սահմանափակում ունի և՛ ջատագովներ, և՛ փնովողներ, կարող է և՛ դրական ազդեցություն ունենալ, և՛ բացասական: QR կոդին վերաբերող սահմանափակմանը դրական եմ վերաբերվում, բայց այդ սահմանափակումները պետք է լինեն խելամտության սահմաններում, այսինքն՝ այդ սահմանափակումները չպետք է երկակի ստանդարտներ ունենան, երկակի բացատրվեն, դրանք չպետք է տարօրինակ ձևով սոցիալական մի խմբի համար լինեն սահմանափակում, իսկ մյուսի համար՝ արտոնություն:
Կոնկրետ դեպքում, երբ ասում ենք՝ սրճարաններ QR կոդով մտեք, բայց հանրային տրանսպորտին, առևտրի կենտրոններին նույնը չենք ասում, առաջանում է երկակի ստանդարտ, մինչդեռ հանրային տրանսպորտում ավելի շատ մարդիկ են, քան սրճարաններում, սրճարաններն ախտահանվում են, բայց վստահ չեմ, որ «ԳԱԶել»-ներն ու ավտոբուսները ախտահանվում են:
Չեմ էլ ուզում մեղադրել առողջապահության նախարարությանը, որովհետև կարծում եմ, որ հնարավոր բոլոր մեթոդները փորձում է օգտագործել՝ վարակի տարածումը կանխելու համար:
– Բայց QR կոդով մուտք գործելու այդ սահմանափակումը արդյունավե՞տ է վարակի տարածումը կանխելու տեսանկյունից:
– Մի բան է՝ արդյունավետ միջոց է, այլ բան՝ կիրառվո՞ւմ է, թե՞ ոչ: Վերջին օրերին սրճարան եմ գնացել, ինձնից QR կոդ չեն ուզել: Արդյունավետությունը կարող ենք գնահատել այն ժամանակ, երբ այդ գործիքն աշխատի, փաստացի դա չի աշխատում, չեն ուզում աշխատեցնել, վերահսկող մարմինը չի հասցնում վերահսկել:
Փաստացի, տեսչությունը չունի բոլորին վերահսկելու այդ հնարավորությունը, այդքան աշխատող չունեն, որ մտնեն բոլոր սրճարաններն ու ռեստորանները ստուգեն: Այն օրենսդրական մոտեցումները, սահմանափակումները, որոնք մշակվում են, պետք է իրատեսական ու գործուն լինեն ու երկակի ստանդարտների պատճառ չդառնան:
– Պարո՛ն Վանեսյան, ստեղծված իրավիճակում ի՞նչ նոր սահմանափակման անհրաժեշտություն եք տեսնում, դասապրոցեսի հեռավար անցկացման կարիք կա՞:
– Կարծում եմ, եթե «Օմիկրոնի» տարածվածությունն այս շաբաթ շարունակեց ավելանալ, ապա այլ տարբերակ չենք ունենալու, չնայած հեռավարի անցումը շատ ուղիղ ձևով վատ է անդրադառնում կրթության որակի վրա, հատկապես դպրոցների պարագայում: Բայց քանի որ առողջությունը հանրային գերակա ամենակարևոր շահն է, պետք է առաջնահերթությունը տրվի առողջությանը:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am