«Այս ամենն ավելի շատ տեղեկատվական պայքարի մաս է, որովհետև Ռուսաստանը զրո պատճառ ունի լայնածավալ պատերազմ սկսելու Ուկրաինայի դեմ». Բենիամին Պողոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Բենիամին Պողոսյանը

  Պարո՛ն Պողոսյան, ԱՄՆ-ի, Կանադայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեկավարները հանդես են եկել միասնական հայտարարությամբ՝ Ռուսաստանին սպառնալով խիստ պատժամիջոցներով, եթե վերջինս ներխուժի Ուկրաինա: Ի՞նչի մասին են վկայում այս սպառնալիքները, արդյոք Ռուսաստանն իսկապե՞ս պատրաստվում է զորք մտցնել Ուկրաինա:

– Ես այնքան էլ վստահ չեմ կամ լուրջ կասկածներ ունեմ, որ, ընդհանրապես, Ռուսաստանը որևէ լայնածավալ գործողություն է իրականացնելու Ուկրաինայի դեմ, հետևաբար այս բոլոր հայտարարությունները, թե հարձակումը գրեթե անխուսափելի է, մենք տեսանք նաև Բայդենի անվտանգության հարցերի խորհրդականի հայտարարությունը, որ 48 ժամվա մեջ ամերիկացիները պետք է լքեն Ուկրաինան, նույնիսկ սցենար մշակվեց, որ սկզբում կլինեն ռմբակոծություններ, հետո՝ հրթիռային հարձակումներ, այնուհետև՝ օկուպացիա և այլն:

Այս ամենը, ըստ իս, ավելի շատ տեղեկատվական պայքարի մաս է, որովհետև Ռուսաստանը զրո պատճառ ունի լայնածավալ պատերազմ սկսելու Ուկրաինայի դեմ, ուղղակի ոչնչացնելու հարաբերությունները Եվրոպական միության, մասնավորապես, Ֆրանսիայի ու Գերմանիայի հետ, որովհետև պարզ է, որ ցանկացած պատերազմ Ուկրաինայի դեմ Եվրամիությանը ու նույնիսկ եվրոպական առաջատար երկրներին՝ Ֆրանսիային, Գերմանիային, ուղղակիորեն կնետի ԱՄՆ-ի «գիրկը», գոնե անվտանգության ապահովման առումով, ու կոչնչացնի բոլոր, թեկուզ տեսական հնարավորությունները, որ Եվրոպական միությունը ինչ-որ ժամանակ կարող է որպես աշխարհաքաղաքական բևեռ հանդես գալ:

Հետևաբար՝ չեմ տեսնում որևէ պատճառ, որը կարող է ստիպել Ռուսաստանին լայնածավալ գործողություններ սկսել Ուկրաինայի դեմ, ու բացի նրանից, որ դա Ռուսաստան-Եվրամիություն հարաբերությունները կհասցնի զրոյական կետի, նաև շատ ավելի խնդիրներ կառաջացնի Ռուսաստանի տնտեսության համար, Եվրամիությանը շատ ավելի կմոտեցնի ԱՄՆ-ին, ու էլ ավելի կմեծացնի անվտանգության կախվածությունը վերջինից:

Ենթադրենք՝ Ռուսաստանը հավելյալ տարածքներ է օկուպացնում, խոսում են Օդեսայի, Խարկովի մասին: Նախ՝ պատերազմի ավարտից հետո, եթե լինի պատերազմ, շատ մեծ հավանականություն կա, որ Ուկրաինայում կտեղակայվեն արևմտյան ռազմակայաններ, որովհետև հասկանալի է, որ նույնիսկ լայնածավալ պատերազմը չի ավարտվի ամբողջ Ուկրաինայի օկուպացիայով: Եթե Ռուսաստանն էլ գրավի հավելյալ տարածքներ, ապա ամերիկյան զորքերը, ինչպես ասում են, կհայտնվեն հստակ պայմանագրերով՝ որպես ռուսական հետագա ագրեսիան կանխող ուժեր, ինչը, չեմ կարծում, թե բխում է Ռուսաստանի շահերից:

Ռուսաստանին պետք են ոչ բանավոր խոստումներ, այլ իրավական երաշխիքներ, որ Ուկրաինան, Վրաստանը, ամենայն հավանականությամբ, նաև՝ Ֆինլանդիան, Շվեդիան, Սերբիան այլևս ՆԱՏՕ-ի անդամ չեն դառնա:

Եթե ձեր նշած պայմանները չբավարարվեն, Ռուսաստանի Դաշնությունը կգնա՞ զինված բախման:

– Եթե հենց հիմա Ռուսաստանի պահանջները չբավարարվեն, իսկ հասկանալի է, որ առաջիկայում դժվար թե դրանք բավարարվեն, դա չի նշանակում, որ Ռուսաստանը լայնածավալ պատերազմ է սկսելու Ուկրաինայի դեմ, որն ուղղակիորեն Ռուսաստանի համար բերելու է բացասական մի շարք հետևանքներ:

Տեղեկատվական այս պատերազմը կամ հիստերիան կշարունակվի, անընդհատ նոր սցենարներ կհայտարարվեն, իհարկե, ինչպես ասում են՝ երբեք մի՛ ասա երբեք, բայց, եթե տոկոսային հարաբերությամբ ասենք՝ ընդհանրապես հարձակում Ուկրաինայի վրա, առավելևս՝ լայնածավալ ռազմական գործողություններ՝ միլիոնանոց քաղաքների օկուպացման նպատակով, 0-5% հավանականություն ունի:

Պարո՛ն Պողոսյան, այնուամենայնիվ, ՌԴ-ին կհաջողվի՞ ստանալ անվտանգության ու ՆԱՏՕ-ի չընդլայնման առումով երաշխիքներ, ու ի՞նչ ճանապարհով դա հնարավոր կլինի:

– Կարճաժամկետ հեռանկարում՝ չեմ կարծում: Ավելի շատ տրամաբանական եմ համարում, որ այս ինտենսիվ բանակցությունների գործընթացը, գիտեք՝ վերջին 10 օրում անընդհատ զանգեր ու փոխայցելություններ են տեղի ունենում Ֆրանսիայի, Մոսկվայի, Գերմանիայի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի միջև, շարունակվելու է, որովհետև նմանօրինակ բարդ հարցերը կարճ ժամանակում չեն լուծվում:

Իմ գնահատմամբ՝ մենք մտել ենք երկարատև, գրեթե վստահ եմ՝ ամիսներ շարունակվող բանակցային գործընթացի մեջ, որը պարբերաբար զուգորդվելու է նաև տեղեկատվական պատերազմով, որ շուտով սկսվելու է ռազմական բախում, Ռուսաստանը զորքերը մտցնելու է Ուկրաինա ու այս բովանդակությամբ այլ լուրերով:

Դատելով ՌԴ-ի պետական մակարդակով արվող հայտարարություններից՝ կարծում եք՝ Ռուսաստանը հե՞տ կկանգնի իր պահանջներից:

– Հնչող հայտարարություններից նման տպավորություն չի ստեղծվում: Ռուսաստանը վստահ է, որ ինքն այժմ շատ ավելի ուժեղ է, քան 10 տարի առաջ էր, իսկ ԱՄՆ-ն էլ այնքան հզոր չէ, ինչպես առաջ էր, ու հիմա իր տեղը զիջել է Չինաստանին: Հետևաբար, եթե կարճաժամկետ հեռանկարում ՌԴ-ին չհաջողվի ձեռք բերել այդ երաշխիքները, ապա երկարաժամկետ հեռանկարում դա հնարավոր է լինելու:

Ռուսաստանը վստահ է, որ անցել են այն ժամանակները, երբ աշխարհը միաբևեռ էր, այժմ գործ ունենք բազմաբևեռ աշխարհի հետ, և եթե հիմա չբավարարեն իր պահանջները, ապա առաջիկա 5 տարում ավելի դժվար կլինի մերժել իրեն:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am