«Շատ կարևոր է, որ յուրայինների դեպքում չօգտագործեն օրենքի սողանցքները և անպատիժ թողնեն, իսկ հակառակորդների նկատմամբ օրենքը կիրառեն ողջ խստությամբ». Վարուժան Հոկտանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։

– Պարո՛ն Հոկտանյան, ՀՀ դատախազության ներկայացրած տվյալներով՝ 2018 թ. 3,6 անգամ ավելացել են կոռուպցիոն հանցագործության դեպքերով հարուցված քրեական գործերը, 60 տոկոսով՝ քրեական հետապնդման ենթարկված պաշտոնատար անձանց թիվը, 12 անգամ՝ հայտնաբերված՝ պետությանը պատճառված վնասի 2018-ին կոռուպցիոն հանցագործության դեպքերով հարուցված քրեական գործերի թիվը:

Ինչպես եք այս պայքարը գնահատում, արդյոք, օրինակ՝ աշխատանքից պաշտոնյային հեռացնելը նշանակում է պայքար կոռուպցիայի դեմ, եթե չկա պատժի մեխանիզմ։ Առհասարակ, կոռուպցիայի դեմ պայքարն այսօր Հայաստանում ի՛նչ վիճակում է:

– Այս ցուցանիշները, որ ներկայացված են, շատ դրական միտում է ցույց տալիս, որ կոռուպցիայի դեմ պայքարում ավելի ակտիվացել և ուժեղացել է քրեաիրավական պատժիչ բաղադրիչը։ Իսկապես, դինամիկան դրական է։

Եթե հաշվի առնենք, թե մինչ այդ ինչ վիճակ էր, սա բավականին լուրջ առաջընթաց է։ Աճը բավականին լուրջ է երևում, բայց խնդիրը կոռուպցիայի դեմ ընկալման ցուցանիշն է, որի տվյալները դեռ չկան, երևի ավելի ուշ կլինեն։ Կոռուպցիայի ընկալման ցուցանիշով է որոշվում, թե որքանո՛վ է իրավիճակը բարվոք կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից։ Այսինքն՝ կարող են մեծ թվով այդպիսի ձերբակալություններ լինել, շատերը բանտարկվեն, բայց իրավիճակի արմատական փոփոխություն չլինի ։

Մեկ այլ խնդիր էլ կա, նայած, թե ի՛նչ տիպի հանցագործություններ են ավելի շատ բացահայտվում, նաև ինչ կարգավիճակի մարդիկ են դրա հետևանքով դատապարտվում։ Սա էլ շատ կարևոր է։ Այսինքն՝ եթե, օրինակ՝ այնպիսի կարևոր ու վտանգավոր հանցագործության տեսակներ, որոնք կապված են բյուջեի միջոցների վատնման, մսխման հետ, դրանց թիվը մեծ չէ, և հիմնականում, ասենք, խոսքը ստորին օղակի պետական պաշտոնյաների կաշառակերության գործերի մասին է, դա չեմ կարծում, որ կբերի էական փոփոխության։

– Դատախազության հաղորդագրությունից պարզ է դառնում, որ 2018 թ. ընթացքում ՀՀ իրավասու մարմինների վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստվել է 1988 նյութ, որը գրեթե 4 անգամ գերազանցում է 2017 թ. ցուցանիշը՝ 500: Դրանցից 1469-ով, ինչը 3,6 անգամ ավելի է 2017 թ. ցուցանիշից (403 նյութ), հարուցվել են քրեական գործեր: Ինչպե՞ս եք գնահատում այս ցուցանիշը։ Սա լուրջ առաջընթաց կարո՞ղ ենք համարել։

– Ինձ համար, օրինակ, կարևոր է, թե այդ կոռուպցիոն քրեական գործերով ովքեր են դատապարտվում։ Այս խնդիրն էական նշանակություն ունի։ Երբ կլինեն 2018-ի տվյալներ, նաև այն տվյալները, թե ովքեր են այդ գործերի արդյունքում դատապարտվել։ Մի այլ խնդիր էլ կա, որը շատ կարևոր է լինելու։ 2018 թվականը հեղափոխության տարի էր, և շատ կարևոր է, թե արդյոք այս տեմպը կշարունակվի՞, թե՞ ոչ։

Օրինակ՝ ես նախորդ շաբաթ Ուկրաինայում էի, որտեղ շատ հետաքրքիր բան ասացին, որ Մայդանի հեղափոխությանը հաջորդած շրջանում ամեն ինչ բավական լավ էր ընթանում, բայց հետո վիճակը վատացավ։ Նրանք դժվարանում էին ասել, թե կոնկրետ ի՛նչ տեղի ունեցավ, որ իրավիճակն սկսեց հակառակ ուղղությամբ գնալ։ Ե՛վ ընտրությունների, և՛ կոռուպցիայի դեմ պայքարի առումով, որպես կանոն, հեղափոխությունից անմիջապես հետո բավականին լավ տվյալներ են արձանագրվում, ինչը ողջունելի է։

Բայց ինձ համար կարևոր է, որ այդ տեմպը, այդ մասշտաբները պահպանվեն, նաև տեսնենք, որ իսկապես պատժելիությունը տարածվի ոչ միայն նախկին, այլև ներկա պաշտոնյաների վրա, եթե բացահայտվեն այդպիսի դեպքեր։ Շատ կարևոր է, որ լինի արդյունավետ կանխարգելում, բայց ամենակարևորն այն է, որ այս ամենը հեղափոխության առաջին տարվա արդյունք չլինի, այլ շարունակվի, ամրապնդվի համապատասխան ինստիտուցիոնալ համակարգի ստեղծումով։

Ես ներկայացնում եմ հակակոռուպցիոն կազմակերպություն և պետք է երևի ոգևորությունից թռվռայի, ուրախանայի այս թվերից, բայց ինձ համար շատ կարևոր չափանիշ կա, թե որքանո՛վ այս ամենը կնպաստի բարեկեցության բարձրացմանը։

Այսինքն՝ որքանով է դա խոսում տնտեսական, քաղաքական, սոցիալական բարեփոխումների հետ։ Փորձելով վերլուծել այն, ինչ տեսա Ուկրաինայում, ինձ մոտ տպավորություն էր, որ, փաստորեն, ինչ-որ ժամանակ հետո իրավիճակը կարող է փոխվել բացասական առումով։ Ընդ որում՝ նույնը կարելի է ասել Վրաստանի դեպքում, չնայած այդ երկրում հակակոռուպցիոն քաղաքականության մասով մինչև հիմա էլ լավ արդյունքներ են գրանցվում։ Բայց այն խայտառակ և լուրջ կեղծիքներով ընտրությունները, որ եղան նախորդ տարվա նոյեմբերին Վրաստանում, ցույց են տալիս, որ ժողովուրդը շատ դժգոհ է։ Եթե նորմալ ընտրություններ լինեին, Իվանիշվիլիի դրածոն կպարտվեր։

Դրանից առաջ 2012-ին պարտվեց Սաակաշվիլին։ Այսինքն՝ երբ կոռուպցիայի դեմ պայքարին զուգահեռ չեն արվում լուրջ քաղաքական, տնտեսական, սոցիալական բարեփոխումներ, ինչ-որ տեղ հակակոռուպցիոն պայքարը դառնում է ինքնանպատակ, դրա արդյունքում որոշակի հոգնածություն է առաջանում, և գործն առաջ չի գնում։ Ես հենց դրանից եմ զգուշանում, որ մենք պետք է այս ամենը զուգակցենք շատ լուրջ բարեփոխումներով։ Եթե միայն փորձենք բռնել, փորձենք առանց այդպիսի բարեփոխումների իրականացնել ինչ-որ կանխարգելիչ միջոցառումներ, դա չեմ կարծում, որ երկարաժամկետ արդյունք կտա։ Հեղափոխական տարվա համար դրանք շատ լավ ցուցանիշներ են, բայց պետք է տեսնենք շարունակությունը։

– Նույն հաղորդագրությունում նշվում է, որ 2018-ին 12 անգամ ավելացել է պետությանը պատճառված վնասի հայտնաբերված չափը։ Այստեղ խոսքը նաև հարուստների, այն օլիգարխների՞ մասին է, ասենք, Ալեքսանդր Սարգսյանի, Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի և այլոց մասին։ Ընդհանրապես, միայն նման գործերը բացահայտելը և գումարները վերադարձնելը բավարա՞ր են արդարություն հաստատելու առումով, ի՞նչ մեխանիզմ պետք է գործի նման դեպքերում։

– Իհարկե բավարար չեն։ Այստեղ երկու մոտեցում կա. ներկայումս իշխանությունները փորձում են թալանածը հետ բերել։ Դա վատ լուծում չէ, բայց դա շատ ավելի համակարգային քայլեր է պահանջում։ Բանն այն է, որ ամենամեծ գումարները դժվար թե Հայաստանում են թաքցված, դրանք օֆշորներում են, և դժվար է ասել, թե որքանով հնարավոր կլինի դրանք հետ բերել։ Երբ դատախազության տվյալները վերածում ենք դոլարի, տեսնում ենք, որ այդ թվերը շատ ավելի քիչ են, քան հանրություն ու լրատվամիջոցները նշում են իրական թալանի մասշտաբների մասին։

Փաստորեն, եթե մենք գնալու ենք վնասը վերականգնելու ճանապարհով, ապա պետք է փորձենք նաև օֆշորներից հետ բերել գումարները։ Թե որքանո՛վ դա արդյունավետ կլինի, ես չեմ կարող ասել։ Մյուս մոտեցումն այն է, որ ոչ թե պատժեն մարդկանց, այլ պատժելու սպառնալիքի տակ այդ գումարները բերվեն և ներդրվեն տնտեսության մեջ։ Մեր մեծագույն խնդիրը ներդրումների պակասն է։ Ես չեմ կարող ասել, թե որն է ավելի ճիշտ Հայաստանի դեպքում, բայց այստեղ շատ կարևոր խնդիր է, որ պետք է շատ հստակ ռազմավարություն մշակվի։

Ի վերջո, այդ թալանվածը ինչպես ենք փորձելու հետ ստանալ։ Ուղղակիորեն թալանողներին պատժելո՞վ, ստիպելով, որ բերեն, թե՞ փորձելով ինչ-որ ձևով ամնիստիա հայտարարել և այդ գումարները որևէ կերպ ներդնել տնտեսության մեջ։ Այստեղ մի ուրիշ կարևոր բան էլ կա, որ, որպես կանոն, այս բոլոր ցուցանիշները ձեռք են բերվել շնորհիվ նախկին ռեժիմի ակտիվ կոռուպցիոներներին բացահայտելու։

Որոշ չափով դա նաև քաղաքական աստառ ունի, ինչը ես վատ բան չեմ համարում, այլ հարց է, որ դա սելեկտիվ չլինի։ Առայժմ որոշ սելեկտիվություն կա, պետք է ձգտել նրան, որ օրենքի առջև բոլորը լինեն հավասար, և բացի նախկին վարչակարգի կարկառուն դեմքերից, նաև այլ դեմքերը պատասխան տան։ Նաև շատ կարևոր է, որ չստացվի այնպես, որ յուրայինների դեպքում օգտագործվեն օրենքի սողանցքները և անպատիժ թողնեն, իսկ հակառակորդների նկատմամբ օրենքը կիրառել ողջ խստությամբ։

Սրանք Բենիտո Մուսոլինիի խոսքերն են ու չէի ուզենա, որ այս մոտեցումը լինի Հայաստանում։ Հակառակ դեպքում հաջորդ տարիներին մենք կունենանք շատ վատ պատկեր։ Կարևոր է, որ պատժելիությունը լինի բացարձակ՝ անկախ նախկին ու ներկա զբաղեցրած պաշտոններից։

Մանե Հարությունյան

MediaLab.am