«Հայկական կողմի ճիշտ աշխատանքի դեպքում ավելի քան հնարավոր է Մինսկի խմբի աշխատանքների վերսկսումը». Տաթևիկ Հայրապետյան

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը

Տիկի՛ն Հայրապետյան, Արցախի Հանրապետության խորհրդարանը կոչ է անում Մինսկի խմբի համանախագահներին անհապաղ քայլեր ձեռնարկել ԵԱՀԿ-ից ստացած մանդատին համապատասխան ղարաբաղյան հակամարտության լուծման ուղղությամբ բանակցային գործընթացը վերսկսելու համար: Որքանո՞վ եք հնարավոր համարում խմբի աշխատանքների վերսկսումը, և ադրբեջանական կողմի արձագանքն ինչպիսի՞ն կլինի:

– Նախ նշեմ, որ երեկ էլ Եվրախորհրդարանն էր ընդունել 2021 թվականի ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության հետ կապված զեկույց, որում ևս մեկ անգամ շեշտվում էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափը, և շեշտում էին խնդրի կարգավորման՝ տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման, ինքնորոշման և հավասար իրավունքների ու խաղաղ կարգավորման հիմունքները:

Շատ կարևոր շեշտադրումներ պարունակող զեկույց էր, որով կոչ էր արվում օր առաջ սկսել իր միջնորդական առաքելությունը:

Վերադառնալով Արցախի Ազգային ժողովի հայտարարությանը և դրան նախորդած օրենքին՝ բռնազավթված տարածքների հետ կապված, ես կարծում եմ, ըստ էության, Արցախը այս իրավիճակում նախաձեռնողականությամբ է հանդես գալիս և փորձում է օգտագործել նաև իր հնարավորությունները՝ Մինսկի խմբին կոչ անելով՝ քայլեր ձեռնարկել հակամարտության կարգավորման ուղղությամբ:

Վերջին շրջանում հաճախ խոսվում է, որ համանախագահների այց պետք է տեղի ունենա տարածաշրջան, բայց դա խոչընդոտվում է գերազանցապես Ադրբեջանի պատճառով, ինչի մասին խոսել են նաև համանախագահները: Ադրբեջանը պաշտոնապես հայտարարում է, որ հակամարտությունը լուծված է, ավելին՝ հունվարին իր ասուլիսում Ալիևը բավականին ոչ կոռեկտ ու հեգնական արտահայտություններ էր թույլ տվել համանախագահների հասցեին: Բնականաբար, Ադրբեջանի արձագանքը բացասական է լինելու:

Իսկ «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքի վերաբերյալ Ադրբեջանում ի՞նչ տրամադրություններ ու արձագանքներ կան:

– Վերլուծական առանձնակի նյութով հանդես չեն եկել, արձագանքներ չկան: Նրանք դրան փորձեցին հակադրել Արայիկ Հարությունյանի հետ կապված հայտարարությունը, որ շուտով պատրաստվում են նրան ձերբակալել:

Արցախի այս կարգի գործողություններին Ադրբեջանը սովորաբար պատասխանում է ինչ-որ ահաբեկչական գործողություններով, սպառնալիքներով՝ այդ կերպ արտահայտելով իրենց վերաբերմունքը: Եթե պաշտոնական դիրքորոշում հայտնեն՝ նշանակում է, որ սկսում են պատասխանել, նախորդիվ նման դեպքեր եղել են, բայց այժմ զերծ են մնում նման հայտարարություններից:

Տիկի՛ն Հայրապետյան, իսկ Արցախի այս նախաձեռնողականությունն ի՞նչ արդյունքներ կարող է ունենալ, թեկուզ հենց բռնազավթված տարածքների մասին այդ օրենքն ի՞նչ է տալու:

– Եթե անկեղծ լինեմ՝ կարծում եմ, առանձնակի շեշտադրման կարիք ուներ Հադրութի ու Շուշիի դեօկուպացիայի հարցը, որովհետև նախկին բանակցային գործընթացից ելնելով՝ Շուշին ու Հադրութը երբեք չեն եղել բանակցային գործընթացում, որ դիտվի դրանց հնարավոր վերադարձը՝ որպես Ադրբեջանի տարածք, ի տարբերություն ԼՂԻՄ-ի մյուս տարածքների:

Այսինքն՝ նախաձեռնողականությունը դրական եմ գնահատում, բայց շատ ավելի ճիշտ եմ համարում, որ դա լինի մաքսիմալ պրագմատիկ ու հաշվարկված, որ հստակ հասկացվի, թե ինչի մասին է խոսքը:

– Մինսկի խմբի համանախագահների աշխատանքներն այս շրջանում իրատեսական համարո՞ւմ եք:

– Եթե ազնվորեն ասեմ՝ ավելի քան իրատեսական է, և այնպես չէ, որ այդ աշխատանքները չեն արվել: Նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարությունից հետո մենք Մինսկի խմբի համանախագահների երկու շատ կարևոր հայտարարություններ ենք ունեցել, իսկ հետո շեշտադրումները փոխվեցին դեպի հումանիտար խնդիրներ:

Ձևաչափի ակտիվացումն ինչ-որ չափով բխում է նաև համանախագահող երկրների շահերից, բայց եթե հայկական կողմը կարողանա խելացիորեն հետևել գործընթացներին ու հասկանալ այդ ուղղվածությունները, ապա շատ հանգիստ կարելի է աշխատանք տանել այդ ձևաչափի աշխատանքների վերականգնման ուղղությամբ: Բնականաբար, Ադրբեջանը դեմ է լինելու, բայց ճիշտ աշխատանքի դեպքում ավելի քան հնարավոր է այդ ձևաչափի վերագործարկումը:

 – Տիկի՛ն Հայրապետյան, որպեսզի Արցախի այս ակտիվությունն ավելի արդյունավետ լինի, Հայաստանի խորհրդարանի ակտիվության կարիքը տեսնո՞ւմ եք, նկատի ունեմ, կարիքը կա՞, որ ՀՀ խորհրդարանում էլ նման կոչերով, օրենքներով հանդես գան:

 – Եթե անկեղծորեն ասեմ, ցավոք սրտի, ՀՀ-ի խորհրդարանի հետ դժվար է հույսեր կապել, որովհետև յուրաքանչյուրը զբաղված է իր նեղ կուսակցական շահերը սպասարկելով, ու այդ ամենի համատեքստում պետական շահը գրեթե միշտ ստորադասվում է:

Բնականաբար, եթե աշխատանքն ավելի սինքրոնացված լիներ նույն արտաքին գործերի նախարարությունների, խորհրդարանների մակարդակով, իհարկե, արդյունքները շատ ավելի շոշափելի կլինեին, բայց, ինչպես վերջին շրջանում մենք տեսանք, մեր խորհրդարանը կարող է ժամեր վատնել և պատասխանել Բելառուսի նախագահի իհարկե ոչ կոռեկտ ձևակերպումներին, բայց երբևիցե որևէ պատգամավորի մակարդակով հարկ չեն համարում արձագանքել Ալիևի նվաստացուցիչ ու հայատյաց տեքստերին, ինչպես նաև տարածքային հավակնություններին:

– Կարո՞ղ ենք ասել, որ եթե Հայաստանի խորհրդարանն այդ առումով, այսպես ասած, պասիվությունը շարունակի, միայն Արցախի նախաձեռնողականությամբ էական արդյունքներ չենք գրանցի:

– Բնականաբար, այնտեղ միջազգային մեկուսացման խնդիր կա, մենք չենք կարող դրա վրա աչք փակել, բայց նախաձեռնողականությունը ցույց է տալիս, որ Արցախը չի կիսում Հայաստանի ղեկավարի մակարդակով հնչեցված այն միտքը, թե սպառվել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից դուրս Արցախի կարգավիճակը քննարկելու և՛ տեսական, և՛ գործնական հնարավորությունները:

Արցախն այդ ամենը մերժելով՝ տալիս է իր տեսլականն ու մոտեցումները, ինչը դրական է, բայց այստեղ նաև Հայաստանի աշխատանքի կարիքը կա, և ճիշտ աշխատանքն իսկապես արդյունք կտա:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am