«Տնից դուրս գալուց ասեց՝ գամ, Մոնթե ենք ունենալու, բայց ինչ իմանայինք․․․»․ կինն ասում է՝ փորձում է ամուսնու պես ուժեղ լինել

«Ամենադաժան օրը հոկտեմբերի 16-ին էր, երբ զոհվածների ցուցակում անունը կարդացի»,- ցավով ասում է 31-ամյա Հասմիկ Պետրոսյանը, որը պատերազմում կորցրել է ամուսնուն։

Տիգրան Զաքարյանն ու Հասմիկը 11 ամիս է՝ ինչ ամուսնացել էին: Կինն ասում է՝ երազում էին երեխաներ, տուն ունենալ, մեքենա գնել, բայց չհասցրեցին։ «Տնից դուրս գալուց ասեց՝ գամ, Մոնթե ենք ունենալու, ինչ իմանայինք․․․»- հուզմունքը կոկորդում խեղդելով պատմում է 31-ամյա կինը։

Տիգրան պայմանագրային զինծառայող էր, ծառայել է խաղաղապահ զորքերում, պատերազմն սկսվելուն պես մեկնել հայրենիքի պաշտպանելու:

Հասմիկն ասում է՝ ամուսինը առաջին մի քանի օրը Արարատում է եղել, այնուհետև տեղափոխվել է Արցախ, սակայն իրենց այդ մասին չէին ասել։

«Մեզ միշտ ասում էր, որ Արարատում ա, հանգիստ ա, նորմալ ա։ Ամսի 1-ին կամ 2-ին տարել են Արցախ՝ Կուբաթլու, Քելբաջար, Մատաղիս, վերջին կետը եղել ա Հադրութը»,- նշում է Հասմիկը։

Հասմիկը հաճախ է կարոտով ընթերցում ամուսնու հետ էլեկտրոնային հաղորդագրությունները, վերջինն ստացել է հոկտեմբերի 4-ին։ «Ասեց՝ ինձ արագ սելֆի ուղարկի, գնում եմ: Ուղարկեցի, գրեց՝ սիրում եմ քեզ ավելի քան երբևէ, ու դուրս եկավ, էդ վերջին հաղորդագրությունն էր»։

Հոկտեմբերի 9-ին Հասմիկը վերջին անգամ է կապ հաստատել ամուսնու հետ, ասում է՝ արագ էր խոսում, ձայնը սովորականից տարբեր էր: Այդ զրույցից մեկ օր անց՝ հոկտեմբերի 10-ին, ողբերգական դեպքը տեղի է ունեցել։

«Հոկտեմբերի 10-ին առաջին հրադադարն էր, բայց ընդամենը 3 րոպե պահեցին հրադադարը, նորից սկսեցին կրակել, ամուսինս ու զինակից ընկերները կռվել են 400-500 թուրքի դեմ: Վաշտի հրամանատարը պատմում ա, որ քաջաբար կռվել ա։ Հայտնվել են շրջափակման մեջ, թուրքերին հետ են շպրտել, 15 հոգով են եղել, նստել են հանգստանալու, սնարյադն ընկել ա հենց իր կողքը, ու էդ խմբից մենակ ինքն ա զոհվել, մյուսները վիրավորվել են:

Ընկերները պատմել են, որ կռվի ժամանակ միշտ տղերքին ասել ա՝ հեռավորություն պահեք, որ սնարյադ ընկնի, գոնե մեկիս մի բան լինի, ու հենց իրան կպավ»,- ասում է ու հուզվում կինը։

Հասմիկը պատմում է, որ ամուսնու անունը ցուցակում կարդալուց հետո տարբեր տեղեկություններ էին ստանում, թե սխալմունք է, ասում է՝ հույսները սրտում սպասում էին, որ ամուսինը մի օր կհայտնվի։

«Հրամանատարը, զինընկերները, ոչ ոք ոչ մի հստակ բան չէր ասում, որ զոհվել ա, ու մենք մտածում էինք՝ միգուցե փրկվել ա։ ԴՆԹ-ի անալիզ սկեսրայրս հանձնեց, մոտ 3 ամիս հետո՝ հունվարին, հաստատվեց»։

Լուսանկարում աջից՝ Տիգրանի մայրը, հայրը, կինը և քրոջ ընտանիքը։ Քրոջ որդին, որը Տիգրանի անունն է կրում, օրեր առաջ է լույս աշխարհ եկել։

Տիգրան Զաքարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով։

Տիգրանը կենսուրախ, ջերմ, հոգատար ու շատ սիրալիր էր՝ ասում է կինը, ինձ միշտ դիմում էր՝ իմ երազանքների կին:

«Շատ նպատակասլաց էր, գիտեմ, որ ողջ լիներ, միասին կկարողանայինք ամեն ինչ իրագործել»,- ասում է Հասմիկը։

Ամուսնու զոհվելուց հետո Հասմիկն ասում է՝ կյանքը փոխվել է, բայց փորձում է ամուսնու պես ուժեղ լինել․ «Աշխատում եմ ուժեղ լինել, որովհետև գիտեմ, որ ինքը կուզեր էդպիսին լինեմ»։

Արփինե Արզումանյան

MediaLab.am