«Թուրքիայից հնչող հայտարարությունները, ըստ էության, խրախուսում են Ադրբեջանին, որ ավելի լայնածավալ սադրանքի դիմի». Ռուբեն Սաֆրաստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

Պարո՛ն Սաֆրաստյան, երեկ Թուրքիայից և Ադրբեջանից շատ ակտիվ ու կարծես սինխրոնիզացված հնչեցին հայտարարություններ՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու վերաբերյալ: Հնչեցված հայտարարություններն ինչպե՞ս եք գնահատում:

– Տեղի ունեցողն ու Թուրքիայի կողմից հնչած հայտարարություններն ամենևին էլ անսպասելի չեն, որովհետև ակնհայտ է, որ Թուրքիան կանգնած է Ադրբեջանի հետևում, ու այն բոլոր սադրանքները, որ իրականացնում է Ադրբեջանը, ըստ էության, Թուրքիայի նախապատրաստած գործողություններն են:

Ներկա փուլում Թուրքիայի ռազմավարական կարևորագույն նպատակը մեր տարածաշրջանում ռուս խաղաղապահների դուրսբերումն է Արցախից: Ադրբեջանի վերջին շրջանի մեծ մասշտաբի սադրանքները հենց այդ նպատակի իրագործմանն են միտված: Թուրքիայից հնչող հայտարարությունները, ըստ էության, ավելի են խրախուսում Ադրբեջանին, որ ավելի լայնածավալ սադրանքի դիմի: Թուրքիան նաև նպատակ ունի մոլորության մեջ գցել համաշխարհային հասարակությանը: Ամեն ինչ ընթանում է թուրքական սցենարի համաձայն, տեսնենք՝ մինչև ե՛րբ կկարողանան նրանք իրականացնել այդ սցենարը:

Այդ սցենարի վերջնարդյունքն ինչպե՞ս է պատկերացնում Թուրքիան:

– Վերջնարդյունքը, որը Թուրքիայի կարևորագույն նպատակն է, Հարավային Կովկասն է. Հարավային Կովկասը լիովին դարձնել Թուրքիայի ազդեցության գոտի, իսկ այդ նպատակի համար Թուրքիան իրականացնում է տարբեր գործողություններ՝ Ադրբեջանում՝ այլ բնույթի, Վրաստանում՝ այլ, Հայաստանում՝ մեկ այլ:

Եթե այս տեսանկյունից փորձենք հասկանալ, թե Թուրքիան ինչ խնդիր է տվյալ պահին լուծում, ապա պետք է ասենք, որ այսօր լուծում է ռուս խաղաղապահների դուրսբերման խնդիրը, որովհետև դրանից հետո Արցախում կսկսվի էթնիկական զտում, ինչը կնպաստի, որ Արցախը լրիվ դառնա ադրբեջանական տարածք՝ առանց հայ ազգաբնակչության, ինչպես դա արվեց Նախիջևանում:

– Պարո՛ն Սաֆրաստյան, Թուրքիայի արտգործնախարարը հույս է հայտնել, որ իրենց կհաջողվի եռակողմ հանդիպում կազմակերպել Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների մակարդակով, ինչը նախորդ անգամ չի ստացվել: Արդյոք այս քայլով Թուրքիան փորձում է արցախյան հիմնահարցի կարգավորման շրջանակից դո՞ւրս մղել ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ձևաչափը, փոխարենը ինքը հանդես գալ, այսպես կոչված, միջնորդ:

– Իհարկե, Թուրքիան երկար տարիներ փորձում էր ինքը դառնալ համանախագահողներից մեկը և միջնորդի դերակատարում ստանձնել այդ խմբի ձևաչափում, չստացվեց: Հիմա փորձում է եռակողմ ձևաչափով՝ իբր իր միջնորդությամբ, բայց ակնհայտ է, որ նա հանդես է գալիս որպես Ադրբեջանի ավագ ռազմավարական դաշնակիցը:

Բացի Մինսկի խմբի ձևաչափին փոխարինելուց, փորձում է նաև փոխարինել Ռուսաստանին, որովհետև Ռուսաստանն էլ ունի եռակողմ՝ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան ձևաչափ: Թուրքիան ուզում է լինել միջնորդ, որովհետև նրան պետք է լեգալ իրավունք ստանալ Հայաստանի վրա ճնշում գործադրելու և իր բոլոր նպատակներն իրականացնելու համար, սա ակնհայտ է:

– Այս համատեքստում, եթե Թուրքիան, այնուամենայնիվ, կազմակերպի այդ եռակողմ հանդիպումը, Հայաստանը պե՞տք է ընդունի հանդիպմանը մասնակցելու հրավերը:

– Համոզված եմ, որ պետք չէ ընդունել, որովհետև դա չի լինելու Թուրքիայի կողմից միջնորդություն, որովհետև Թուրքիան ոչ միայն Ադրբեջանի դաշնակիցն է, այլև, փաստորեն, գնալով խորացնում են ինտեգրումը, և կարող ենք արդեն ասել, որ նրանք գնում են դեպի միութենական պետությանը նմանվող մի կառույց ստեղծելու ճանապարհով:

– Հետևելով երեք երկրների ղեկավարների հայտարարություններին՝ տարածաշրջանում խաղաղության ապահովման վերաբերյալ, միմյանց հետ հարաբերությունների կարգավորման մասով, ի՞նչ տպավորություն եք ստանում, ի վերջո, խաղաղության պայմանագրի կնքումը հնարավո՞ր է:

– Այո՛, ի վերջո պետք է ձգտել դրան, բայց մինչ այդ երկար ճանապարհ պետք է անցնել, ու այդտեղ ամենակարևոր հանգամանքն այն է, որ այն երկիրը, որի հետ պետք է կնքվի խաղաղության պայմանագիրը, չի ուզում:

Խաղաղության պայմանագիր կնքելու ցանկություն Ադրբեջանը չունի, որովհետև նրա, ինչպես և Թուրքիայի, նպատակն է շարունակել գործընթացները, որոնք սկիզբ են առել մեր պարտությունից հետո, այսինքն՝ գնալով ճնշումն ավելացնել Հայաստանի վրա, հասնել նրան, ինչին չհասան պատերազմի ժամանակ:

Բայց հայկական կողմը բաց տեքստով ասում է, որ ընդունում է Ադրբեջանի առաջարկած հինգ կետը, Ադրբեջանն ի՞նչ խնդիր ունի խաղաղության պայմանագիր չկնքելու համար այս պարագայում:

– Ադրբեջանն այդ կետերից մեկով պահանջում է, որ Հայաստանը ճանաչի Արցախը՝ որպես Ադրբեջանի մաս: Պարզ է, որ Հայաստանը չի գնա դրան, կարող է ասել, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ առանց Արցախի, բայց Ադրբեջանն էլ դա չի ընդունում:

Իսկ այդ դեպքում Հայաստանն ինչո՞ւ է հայտարարում, որ այդ կետերն ընդունելի են իր համար:

– Չեմ կարող ասել, թե դրա նպատակը որն է, բայց չի կարելի ասել, որ Հայաստանն այսօր ընդունել է այդ առաջարկները, որովհետև նաև իր առաջարկներն է ներկայացրել Ադրբեջանին: Չեմ կարծում, որ Արցախը Հայաստանի կողմից ճանաչվի Ադրբեջանի մաս:

– Պարո՛ն Սաֆրաստյան, դեպքերի զարգացման ինչպիսի ընթացք եք կանխատեսում, Թուրքիան Ադրբեջանի ձեռամբ կգնա՞ նոր պատերազմի մեր տարածաշրջանում:

– Պատերազմի հնարավորությունը ոչ միայն կա, այլ նաև այս փուլում ավելի է մեծանում, որովհետև Ռուսաստանի ուշադրությունը շեղված է դեպի Ուկրաինան, և Թուրքիան այստեղ մեծացնելով լարվածությունը՝ կփորձի գործը հասցնել լայնածավալ ռազմական գործողությունների ոչ միայն Արցախում, այլ նաև Հայաստանում:

Այստեղ շատ կարևոր է այն հանգամանքը, որ Թուրքիան կշտապի դա անել, քանի չի կարգավորվել իրավիճակը Ուկրաինայում: Դա հավանական սցենար է, ու, կարծում եմ, այն ուսումնասիրվել է նաև Թուրքիայի գլխավոր շտաբի կողմից, որքանո՞վ դա կիրականանա՝ այլ խնդիր է, բայց որ սցենարը կա, ես չեմ կասկածում:

 Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am