Աննա Հակոբյան. միայն առաջին տիկինը

Մհեր Արշակյան

Զոհվածների ծնողների հետ Աննա Հակոբյանի հանդիպումը շատ քննարկվեց: Ու իրականում՝ ոչ ըստ էության: Թեպետ ինչ-որ ճիշտ բան կար: Աննան մաքուր ինքնագովազդ է անում ու այդպես էլ պետք է լիներ: Բոլորը կանեին նրա փոխարեն ապրիլի 7-ին:

Բայց Աննայի արածը հարգանքի տարրական բացակայության բոլոր նշաններն ուներ, ասես ոչ թե զոհվածների ծնողների էր կանչել, այլ անձամբ իրենից դժգոհություն ունեցող կանանց մի խմբի, որոնք նաև անվտանգության վահանակի տակով պետք է անցնեին, որովհետև հրավիրվելու առիթը ագրեսիվ է, գուցե հարձակվեին Աննայի վրա: Որտե՞ղ է վրիպել Աննան, որտե՞ղ է երևում, որ նա գաղափար չունի ի՞նչ է մահը հանուն Հայրենիքի: Որ հրավիրվածները իր Մայրերի մայր շոուի դեկորացիան էին։

Այդ հանդիպումը կազմակերպել էր հանուն պետության ու պետականության զոհաբերումից գաղափար չունեցող մարդը: Որովհետև Կառավարական ամառանոցի ներսում անվտանգության բոլոր միջոցառումների տակով անցած այս սգավորներին տիկին Հակոբյանը մոտեցել է թիկնազորի ուղեկցությամբ։

Այս անգրագիտությունն ուղղակի անբացատրելի է։ Մինչդեռ այդ կանանց հենց իրենց բնակարաններից պետք էր պատվով ուղեկցել հանդիպման վայր, ինչպես Սահմանադրության մայր օրինակն են ուղեկցում նախագահի երդման արարողության վայր: Կապ չունի, թե քանիսն էին հրավիրված, նրանք պետք է լավագույն պատիվներով ուղեկցվեին Կառավարական ամառանոց, դա պիտի պետական արարողություն լիներ, որպեսզի իմաստավորվի ոչ թե մայրը, այլ՝ զոհված որդին։

Աննան այնքան է կառչել ինքնագովազդվելուց, որ իրեն այդ մայրերի հետ տեսնելուց զատ ուրիշ ոչինչ չի մտածել, նա այնքան է տարվել ապրիլի 7-ին իր նշանակությունը ևս մի անգամ ընդգծելով, որ մտքով չի անցել, որ գոնե այդ օրը ինքն այդ մայրերից ոչնչով չպիտի տարբերվի՝ նրանք նույն վայրում են Հայրենիքի հանդեպ կատարված նույն զոհաբերության շրջանակներում: Աննան պիտի ինչ-որ բան լսած լիներ առաջինների վերջին դառնալու մասին, վերջինների առաջին դառնալու մասին։

Ոչ թե Աննան ընդունել է մայրերի, այլ, թեպետ սեփական ոտքով, բայց այդ կանայք բերման են ենթարկվել: Նրանք չգիտեն, թե ինչ է մեծարանքը: Աննան պիտի իմանար: Նրան ինչ-որ առավել անհոգ մեկը, որի գործը արարողություններին ինովացիոն բնույթ հաղորդելն է, և ոչ թե հանուն հայրենիքի զոհվածի քույր, մայր, եղբայր, որդի կամ հայր լինելն է, պիտի ասեր՝ տիկի՛ն առաջին տիկին, այդ կանայք գնալու տեղ չունեն Եռաբլուրից բացի, այս օրը՝ ապրիլի 7-ը, նրանց համար չդարձնե՞նք ինչ-որ առանձնահատուկ օր, որպեսզի մի անգամ ընդմիշտ հասկանան, որ զոհվածները, ի տարբերություն մեռածների, ապրում են:

Դրա համար նրանց պետք է պատվի արժանացնել ոչ թե հրավիրելով, այլ հենց հրավերքը արարողություն դարձնելով՝ նրանց պետք է ուղեկցել, ոչ թե կանչել ու դեռ ստուգել ընդունարանում՝ ի՞նքն է, թե՞ ինքը չէ:

Տիկին Աննան այնքան է խցանվել ինքնագովազդի ճահճում, որ նույնիսկ հանդիպման պահին կարիք կար նրան հիշեցնելու, թե ովքեր են այդ կանայք: Նրանք, ասում եմ ձեզ, գնալու տեղ չունեն, ու հրավերքն ինքնին պատիվ է, բայց այդպես ես էլ կարող եմ հրավիրել նրանց իմ տուն, այդպես նրանց կարելի է կանչել «Օջախ» ռեստորան՝ առանց նույնիսկ հաշիվ տալու, թե ով չեկավ:

Աննան իրեն սկսում է էն շենքից, որտեղ ընդունում է զոհերի մայրերին, որոնք ավարտվում են էդ շենքի ընդունարանում: Շենքի տարածքում նրանք սպասարկում են Աննայի հոգատարությունը: Բոլորն են տեսել Կառավարական ամառանոցի ընդունարանում խմբված զոհերի մայրերին։ Էլի կտեսնեք։

MediaLab.am

Մհեր Արշակյան