«Մոտ ապագայում կհայտարարվի, որ սկսվել են բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ». Բենիամին Պողոսյան

Լուսանկարը՝ SputnikԱրմենիա

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Բենիամին Պողոսյանը

– Պարո՛ն Պողոսյան, Դուշանբեում կայացավ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը ինչպե՞ս եք գնահատում այն։

 – Առանձնապես անակնկալներ տեղի չեն ունեցել, թերևս միակ կոնկրետ արդյունքը պայմանավորվածությունն է, որ դելիմիտացիայի ու դեմարկացիայի հանձնաժողովի առաջին նիստը պետք է կայանա մայիսի 16-17-ը՝ կոմունիկացիաների բացման աշխատանքային խմբին զուգահեռ։

Բացի այդ, շատ դանդաղ, բայց կարծես թե ինչ-որ գործընթացներ են տեղի ունենում կոմունիկացիաների բացման շուրջ, երեկ ՌԴ փոխվարչապետն էր Հայաստանում։ Ընդհանուր առմամբ, տեսնում ենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ բանակցությունների մեկնարկ, սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովի ստեղծում և հաղորդակցության ուղիների ապաշրջափակման գործընթացի շարունակություն՝ այս երեք գործընթացներն էլ ընթանում են։

Կարծում եմ, որ մոտ ապագայում կհայտարարվի, որ սկսվել են բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ։ Բոլորին էր պարզ, որ բոլոր արտաքին խաղացողներն էլ շահագրգռված էին այս երեք գործընթացների մեկնարկով, իսկ թե ի՞նչ ընթացք կունենան այս գործընթացները, հատկապես խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ բանակցությունները որքան կտևեն, անհայտները շատ են, բայց հաշվի առնելով թե՛ հակամարտության բարդությունը, թե՛ այն, որ տարբեր տարածաշրջանային խաղացողներ այս պրոցեսում տարբեր շահեր են հետապնդում, այն բավականաչափ երկար կտևի, ընդ որում՝ եթե հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հետ կապված ինչ-որ կոնկրետ քայլեր տեսանելի ապագայում հնարավոր են, ու նաև սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի՝ գոնե մի մասի հետ կապված, բայց խաղաղության պայմանագրի հետ կապված բանակցությունները, կարծում եմ, որ առնվազն տարիներ պահանջող գործընթաց կլինեն։

– Սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների ընթացքում հայկական կողմին կհաջողի՞ այնպես անել, որ Ադրբեջանը հրաժարվի այսպես կոչված անկլավների վերադարձի գաղափարից, որի մասին օրերս հայտարարել էր Ադրբեջանի փոխարտգործնախարարը։

– Չեմ կարծում, թե հնարավոր կլինի հարցը չքննարկել, ի վերջո, եթե կա քննարկման երկու կողմ, ապա յուրաքանչյուրն իրավունք ունի ներկայացնելու իր համար կարևորություն ունեցող հարցեր ու պահանջելու առնվազն դրանց քննարկումը։ Բայց այդ քննարկումը կկայանա՞, թե՞ չի կայանա, որքա՞ն կտևի, ինչպես ասում են՝ անորոշ է։

Ամեն դեպքում, այդ գործընթացում անկլավները մի փոքր մաս են կազմում։ Ադրբեջանի հետ մենք ունենք մոտ 1000 կմ սահման, եթե հաշվի ենք առնում սահմանի և՛ Ադրբեջանի, և՛ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ ունեցած սահմանը։ Ակնհայտ է, որ Ադրբեջանն անկլավների հարցը կբարձրացնի, բայց մինչ այդ, կարծում եմ, շատ այլ տեղեր կան, որտեղ կարելի է իրականացնել սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ, գոնե այնտեղ, որտեղ վիճահարույց տարածքներ քիչ կան։

Բայց սա տարիներ տևող աշխատանք է, հետևաբար մենք երկարատև գործընթացի ամենասկզբում ենք, որի ավարտը շատ դժվար է ասել՝ երբ տեղի կունենա, կամ ամբողջական ավարտ կլինի՞, թե՞ չէ։

– Պարո՛ն Պողոսյան, իսկ այդ ձեր նշած երկարատև գործընթացում Արցախի հարցի կարգավորման ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում։

– Արցախի հարցն ավելի շատ կապ ունի խաղաղության պայմանագրի մշակման գործընթացի հետ, որովհետև Ադրբեջանը հստակ պահանջում է, որ խաղաղության պայմանագրում այս կամ այն կերպ ամրագրվի Արցախի՝ Ադրբեջանի մաս լինելը, ու Հայաստանը դա ստորագրի։ Ընդ որում, Ադրբեջանը կցանկանար, որ այդ պայմանագիրը մշակվեր ու ստորագրվեր գոնե մինչև 2024 թվականի ավարտը, որպեսզի արդեն 2025-ի սկզբին հիմք ունենա չերկարաձգելու ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետն Արցախում։

Արդյոք Հայաստանը կգնա՞ այդ քայլին, այսինքն՝ մշակել ու ստորագրել խաղաղության պայմանագիր առաջիկա երկու տարվա ընթացքում, որով Արցախն այս կամ այն կերպ կճանաչվի Ադրբեջանի մաս, դժվար է ասել։ Բայց ակնհայտ է, որ եթե նման պայմանագրի նախագիծ հրապարակվի, այդ դեպքում Հայաստանում բողոքի մեծ ալիք կբարձրանա։

– Ըստ ձեզ՝ ինչո՞ւ հայկական կողմը չի հրապարակում այն վեց կետերը, որոնք ի պատասխան ադրբեջանական առաջարկի ներկայացրել են։ Վերջերս էլ Ադրբեջանի արտգործնախարարն ասել է, որ «դժվար է դրանք առաջարկներ անվանել, դրանք, ըստ էության, Ադրբեջանի հինգ կետերի արձագանքներն էին»։

– Քանի որ դրանց բովանդակությունը հայ հանրության համար հստակ չէ, հետևաբար կդժվարանամ բնութագրել դրանք։

– Պարո՛ն Պողոսյան, բայց եթե Հայաստանից պաշտոնական արձագանք չեղավ ի պատասխան Բայրամովի հայտարարության, որը կհերքեր կամ կհաստատեր վերջինիս խոսքը, մենք ի՞նչ եզրակացություն կարող ենք անել։

– Ճիշտ կլինի, որ հայկական կողմը հրապարակի այդ վեց կետերը, որովհետև ամենակարևորն այստեղ դրանց բովանդակությունն է, ի դեպ, անհասկանալի է չհրապարակելու պատճառները։ Տրամաբանությունը պահանջում է, որ այդ կետերը հրապարակվեն, որպեսզի մենք կարողանանք ավելի փաստարկված վերլուծություններ կատարել Հայաստանի իշխանության պատկերացումների վերաբերյալ, հակառակ պարագայում կհնչեն տարատեսակ մեկնաբանություններ ու կարծիքներ։

– Նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարության դրույթները, ինչպես դուք էլ ասացիք, կատարվում են կամ ընթացքի մեջ են, իսկ ինչո՞ւ է թերի կատարվում կամ անտեսվում Ադրբեջանում պահվող ռազմագերիներին վերադարձնելու դրույթը։

– Ադրբեջանը հայտարարում է, թե ինքն ամբողջությամբ կատարել է հայտարարության այդ կետով նախատեսված իր պարտավորությունները, իսկ այժմ այնտեղ պահվող անձինք, ըստ Ադրբեջանի, ոչ մի կապ չունեն հայտարարության այդ դրույթի հետ։

Հայաստանը հակառակն է հայտարարում, իսկ Ռուսաստանն էլ՝ որպես հայտարարությունը ստորագրող կողմ, ասում է, որ իրենից կախված ամեն բան անում է, որ խնդիրը լուծում ստանա, ու կա նաև միջազգային հանրությունը, որը ևս հայտարարում է, որ Ադրբեջանում պահվող անձինք պետք է վերադարձվեն, անկախ նրանից՝ ռազմագերի՞ են, թե՞ ոչ։

Պարզ է, որ այդ մարդկանց ազատ արձակել-չարձակելն Ադրբեջանն օգտագործելու է որպես լծակ, այսինքն՝ հայտարարելով, որ պարտավոր չէ այդ մարդկանց ազատ արձակել, բայց կարող է ազատել՝ դրա դիմաց ինչ-որ բաներ ստանալու պայմանով։ Թե ինչե՞ր և ումի՞ց, որովհետև կարող է թե՛ Ռուսաստանից, թե՛ Հայաստանից որոշ բաներ պահանջել, բարդ է ասել, բայց վիճակն այսպիսին է։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am