«Կռվի ժամանակ Կանադայում էի, օգնում էի, գումար ուղարկում, բայց պարտավոր զգացի վերադառնալ Հայաստան»․ 55-ամյա Շողիկը Կանադայից Հայաստան՝ նոր ծրագրերով ու մտքերով

Կանադայի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Մոնրեալում բնակվող 55-ամյա Շողիկ Շահբազյանը թողել է Կանադայում կյանքը, տունն ու ընտանիքը և տեղափոխվել Հայաստան։

Շողիկն ասում է՝ հաճախ է մտածել հայրենիք վերադառնալու մասին, բայց 44-օրյա պատերազմը վերջնականապես ստիպել է տեղափոխվել և գործունեություն ծավալել հայրենիքում։

«Կռվի ժամանակ Կանադայում էի, էնտեղից էի օգնում, գումար ուղարկում, բայց պարտավոր զգացի վերադառնալ Հայաստան»,- ասում է նա ու ընդգծում՝ միայն հայրենադարձությամբ է պատկերացնում հայրենիքի փրկությունն ու զարգացումը։

Շողիկը ծնվել և մեծացել է Երևանում, 15 տարեկանից տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ՝ ֆիզմաթ դպրոցում կրթությունը շարունակելու։ Այնուհետև 6 տարի ապրել է Իսրայելում՝ ստանալով ծրագրավորողի մասնագիտացում, որից հետո տեղափոխվել է Կանադա , այնտեղ աշխատել, ընտանիք կազմել։ 

Նրա խոսքով՝ կյանքը Կանադայում բարեկեցիկ է, սակայն հայրենիքն այնտեղ չէ։

«Ինձ ասում են՝ ո՞նց ես հետ գնացել, ո՞նց ես կարողանում ապրես, ասում եմ՝ քո հայրենիքն է, պետք է սիրես, ինչ դժվարություն էլ լինի»։

Շողիկ Շահբազյանը Հայաստան է վերադարձել «Վերադարձ Հայաստան» կազմակերպության միջոցով։

«Վերադարձ Հայաստան» կազմակերպությունը տարատեսակ օգնություն է ցուցաբերում հայրենադարձներին՝ խորհրդատվություն տրամադրելով թղթաբանության հետ կապված, քաղաքացիության, բիզնեսի տեղափոխման և այլ հարցերով։

Հայաստան գալով՝ Շողիկն սկսել է ակտիվորեն օգնել պատերազմի ժամանակ տեղահանվածներին, զոհվածների ընտանիքներին։ 

Այնուհետև իր բնակարանը վերանորոգելիս հանդիպել է փորձառու շինարարի, և զրույցների ընթացքում հասկացել են, որ այդ ոլորտում երիտասարդ մասնագետների պատրաստման կարիք կա, և միասին հիմնադրել են Վարպետաց կրթության կենտրոնը։

Շողիկն ասում է՝ դպրոցը բացելու նպատակն էր ոչ միայն մասնագետներ պատրաստել, այլև հնարավորություն ստեղծել, որ երիտասարդները Հայաստանում տեսնեն իրենց ապագան, չթողնեն, երկրից գնան։

«Զրուցում էինք գործընկերոջս հետ, ասեց՝ շինարար չեմ գտնում, նստում են բեսեդկաներում, կանչում եմ՝ չեն աշխատում։ Միասին որոշեցինք դպրոց բացել, վարպետներ պատրաստել։ Այսօր երկու մասնագիտություն ունենք՝ սանտեխնիկի և էլեկտրիկի»,- նշում է Շողիկը ու հավելում՝ խնդիրներից գլխավորն այն է, որ շինարարությունը «պրեստիժ» չի համարվում, երիտասարդները չեն ցանկանում սովորել, սակայն լավ մասնագետները կարող են շատ լավ վաստակել այս ոլորտում։

Շողիկի խոսքով՝ դպրոցի լավագույն աշակերտները կրթաթոշակի և ուսումն ավարտելուց հետո աշխատանք ձեռք բերելու հնարավորություն կունենան։

Նա այլ ծրագրեր ևս ունի Հայաստանում, սակայն դպրոցն առաջնահերթն է։ Ընդգծում է՝ կրթությամբ է հնարավոր հասնել պրոֆեսիոնալիզմի, իսկ Հայաստանում դրա կարիքը խիստ կա։

«Ես այստեղ ամեն ինչում ամենաշատը նկատում եմ պրոֆեսիոնալիզմի պակասը, ցավոք սրտի, եթե պրոֆեսիոնալիզմ չկա, մենք ո՞նց ենք երկիր պահելու, բայց դա իրենց մեղքը չի, մենք գնացել ենք, ով ճար ունեցել ա՝ գնացել ա։

Մենք պետք է հասկանանք, որ պետք է սովորենք իրարից, սփյուռքից մի՛ եկեք ասեք՝ սա չգիտեք անել: Էս մարդիկ էստեղ են մնացած ու ապրում են, երեխա են մեծացնում, բանակ ուղարկում։ Մենք պետք է օգնենք ու սովորեցնենք միմյանց։ Հայրենասիրությունը դրսից իրադարձություններին հետևելը չէ, ա՛յ էստեղ ապրելն ա»,- ասում է 55-ամյա կինը։

Շողիկն ընտանիքի անդամներին ևս հորդորում է, խրախուսում, որ վերադառնան։ «Անգամ խռովել եմ շատերից, ես կարծում եմ՝ իրենք կարող են ձև գտնել էստեղ գալու»,- ասում է նա։

Շողիկի խոսքով՝ Հայաստանում դժվարությունները շատ են, ամեն քայլափոխի կարող է բախվել, իր խոսքով՝ իռացիոնալ վերաբերմունքի, սակայն դա չի խանգարում, որ ոգևորվի Հայաստանում ապրող ստեղծագործ մարդկանցով, բնությամբ ու շարունակի պատկերացնել կյանքը հայրենիքում։

«Սերվիսի պարագան էստեղ ուրիշ ա, մանավանդ պետական համակարգերում, տարօրինակ ա ինձ համար` մտնել ու շենքից ծխախոտի հոտ գա, Կանադայում տենց բան չկա։ Կամ` կարող է հարց տաս, քեզ շատ կոպիտ պատասխանեն։ Քաղաքացիություն ստանալու հարցում շատ տարան բերեցին։ Բայց կրթությամբ պետք է այդ հարցերը կարգավորվեն, հղկվեն։ 

Այստեղ ես շատ լավ մարդկանց եմ հանդիպում, հողը սիրող, ուրեմն՝ հույս կա, ինչ էլ լինի, չեն թողնի գնան, իրանք ինձ շատ են ոգևորում»,- ասում է՝ Շողիկը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am