«Այս մեկ ամսվա ընթացքում ընդդիմությունը կարողացավ ձևավորել կայուն զանգված, բայց գործընթացն առաջ չգնաց». Արմեն Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության շուրջ մեկ ամիս տևող բողոքի գործողություններին, ասաց, որ դրանք այլևս քաղաքական բնույթ չունեն, և «պետք չէ դրանց միջամտել, որպեսզի մինչև քոքը մաշեն իրենք իրենց»։ Համակարծի՞ք եք, որ ընդդիմության գործողություններն այլևս քաղաքական բնույթ չեն կրում։

– Վարչապետի ասածն իրականությանը չի համապատասխանում․ ցույցերի հետ կապված խնդիր կա, բայց դա քաղաքական մասը չէ, որովհետև ցույցերը շարունակում են քաղաքական լինել, քանի որ ընդդիմությունն իր առաջ քաղաքական նպատակներ է դրել։ Ուղղակի խնդիրն այն է, որ իշխանությունից ու դրա ղեկավարից դժգոհող ավելի մեծ զանգվածին, որն իրականում կա, ընդդիմությունը չի կարողանում իր շուրջը համախմբել։ «Մինչև քոքը չեն մաշի», որովհետև «Դիմադրության» շարժման երթերին մասնակցողներն այն կայուն զանգվածն են, որոնք ցանկացած պայմաններում դուրս են գալու ընդդիմության կազմակերպած ակցիաներին միանալու։

Խնդիրն այն է, որ այս շարժումը գլխավորողները չեն կարողանում իրենց կողմը գրավել հասարակության մյուս դժգոհ զանգվածին, իսկ դրա համար անհրաժեշտ են նոր մոտեցում ու տեխնոլոգիա, ինչն այս պահին չի իրականացվում, իսկ կիրականացնե՞ն, թե՞ ոչ՝ չեմ կարող ասել։ Այս մեկ ամսվա ընթացքում ընդդիմությունը կարողացավ ձևավորել կայուն զանգված, բայց գործընթացն առաջ չգնաց։

– Իսկ եթե ընդդիմությունը շարունակի նույն գործելաոճը, գործընթացն առաջ կգնա՞։

– Եթե այս ձևով շարժվեն, այս շարժումը կարող է մի քանի տարի շարունակվել։ Այդ ընթացքում ընդդիմության կայուն, պայմանական ասած՝ 20000 զանգվածից մի 5 հազարը կհոգնեն դուրս կգան, բայց ուրիշ մարդիկ կմիանան, ու այդ պայմանական թիվը որոշ ժամանակ կպահպանվի, սակայն որքա՞ն ժամանակ սա կպահպանվի՝ դժվար է ասել։ Բայց չպետք է մոռանալ, որ դա կախված է նաև շատ այլ, անվտանգային, աշխարհաքաղաքական հարցերից ևս։

– Պարո՛ն Բադալյան, իսկ եթե իշխանությունը ցանկանա միջամտել, կկարողանա՞ այնպես անել, որ այդ միջամտությամբ ընդդիմադիրների շարժումը մարի։

– Կարող է, եթե հրաժարական տա ու հեռանա, բայց հասկանալի է, որ հրաժարական չի տալու ու չի հեռանալու այս պահին։ Երկրորդ՝ քանի որ վարչապետը ժամանակին ընդդիմադիր է եղել ու մասնակցել է փողոցային ակցիաների, շատ լավ գիտի դրանց հոգեբանությունը, գիտի, որ երբ իշխանությունը ուժ է կիրառում, դա տալիս է հակառակ ռեակցիան, որովհետև այն օրերին, երբ կարմիրբերետավորները, ինչպես ասում են, գազանաբար ուղղակի ջարդուփշուր էին անում ցուցարարներին, անգամներով ավելանում էր փողոց փակողների թիվը, ու դա բնական ռեակցիա է։

Վարչապետը հույս ունի, որ սա ինքնըստինքյան մարող շարժում կլինի, բայց չի մարի, որովհետև այն խնդիրները, որոնց համար մարդիկ դուրս են եկել փողոց, չեն լուծվել, իսկ որպեսզի շարժումը մարի, վարչապետը պետք է անվտանգային խնդիրները լուծի, ինչը հեռանկարում այնքան էլ տեսանելի չէ։

Ստացվում է, որ շարժումը կարող է ձգվել, բայց ինչքա՞ն՝ չենք կարող ասել, այսինքն՝ փակ շրջանի նման մի բան է դառնում, բայց այդ փակ շրջանն էլ չի կարող անընդհատ պտտվել, ինչ-որ մի ձևով հանգուցալուծում կգտնվի։

– «Դիմադրության» շարժման ղեկավար քաղաքական ուժերը հաջորդ շաբաթ խորհրդարանի արտահերթ նիստ են հրավիրում իրենց օրակարգով, ինչը իշխանականներից ոմանք հակասական են համարում ընդդիմադիրների խոսքի ու գործի համատեքստում, որովհետև «ասում էին, թե այլևս իշխանություն չկա, իշխանությունը Ֆրանսիայի հրապարակում է, բայց հիմա գալով ԱԺ՝ ցույց են տալիս, որ Հայաստանում կա իշխանություն»։ Իշխանության այս քննադատությունն ու ընդդիմության այդ նախաձեռնությունն ինչպե՞ս կմեկնաբանեք։

– Որ իշխանությունը պետք է մշտապես քննադատի ընդդիմությանը, ու Հայաստանում երբեք չի եղել ընդդիմության դիտարկումներն ընդունող իշխանություն, փաստ է։ Ինչ վերաբերում է ընդդիմությանը, նրանք միշտ ասել են, որ երբ իրենք հարմար գտնեն՝ կմտնեն խորհրդարան, դրա համար էլ չեն հրաժարվում մանդատներից։ Այսինքն՝ իրենց համար գործելու լայն դաշտ կա, ինչ վերաբերում է հայտարարությանը, թե «Հայաստանում իշխանությունն այլևս Ֆրանսիայի հրապարակում է», բնականաբար, ընդդիմությունն էլ վերջին 30 տարիներին, ընդ որում, ժողովրդական լեզվով ասած՝ ճոռոմ-ճոռոմ խոսելուն է սովոր։

Քրիստինե Աղաբեկյան