«Փաշինյանն իշխանության գալուց հետո իր որևէ գործողությամբ քայլ չի արել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման համար, հիմա ի՞նչ լոլոներ է կարդում». Անդրիաս Ղուկասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը

– Պարո՛ն Ղուկասյան, Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմն ասում են, որ Արցախի կարգավիճակը «պետք է բխեցնել արցախահայության իրավունքների, ազատության ու անվտանգության պաշտպանությունից»։ Արցախյան հարցի կարգավորման գործընթացում ի՞նչ ճանապարհ է ընտրել ՀՀ գործող իշխանությունը։

– Անձամբ Նիկոլ Փաշինյանն Արցախի ինքնորոշման պայքարի հարցում իրեն պարտված է զգում։ Օրերս խորհրդարանի իր ելույթում արցախյան հարցի կարգավորման գործընթացի վերաբերյալ արված մեջբերումները իսկապես շատ հարցերում համապատասխանում են իրականությանը՝ բացառությամբ Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ իր եզրակացությունների։

Դա պայմանավորված է նրանով, որ ինքն անձամբ 2019 թվականին դուրս է եկել Մինսկի խմբի առաջարկության դեմ՝ ըստ ՌԴ համանախագահի և արտգործնախարարության տարածած զեկույցների։ Փաշինյանն ունի արդարանալու խնդիր, թե ինչո՛ւ է իր կողմից Մադրիդյան սկզբունքների մերժումը ճիշտ եղել։Դա ուղղված է, բնականաբար, ոչ թե Արցախի շահերի պաշտպանությանը, այլ պարզապես սեփական անձի շահերի պաշտպանությանը, քանի դեռ իշխանություն ունի, փորձում է ամբիոնը հնարավորինս օգտագործել՝ իրեն արդարացնելու համար։

Ես կարծում եմ, որ այդ բոլոր փորձերը սին են, և որքան էլ Նիկոլ Փաշինյանը դեմ արտահայտվի Մադրիդյան սկզբունքներով նախատեսված հանրաքվեին ու, ըստ էության, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացմանը, դրանցից այդ առաջարկի բովանդակությունը չի փոխվում։

Միամտություն է կարծել, որ երբևիցե այդ հարցը չի բացահայտվելու ու հանրության համար լիովին հայտնի լինի։ Նիկոլ Փաշինյանը զբաղված է իր քաղաքականությունն արդարացնելով ու փորձում է կիսել պատասխանատվությունը Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի հետ և ցույց տալ, թե ով էլ իր տեղը լիներ, նույն արդյունքն էր լինելու։ Հասկանալի է՝ պարտված ղեկավարի պրիմիտիվ փաստարկներ են։

– Որքանո՞վ եք հիմնավոր ու տրամաբանված համարում, որ Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը մեղադրում են նախկին իշխանություններին արցախյան հարցի այս վիճակի համար, երբ նույն Նիկոլ Փաշինյանն ասում է, որ բանակցում է իր սեփական կետից ու, ըստ էության, թողնված բանակցային ժառանգությունն ինքը մի կողմ է դրել։

– Այդ պնդումը, թե ժառանգությունը վատն է եղել, թե անխուսափելի էր այն, ինչ եղավ, զուտ քարոզչություն է ու փորձ՝ օգտագործել իր պաշտոնավարման ժամանակը, որ հնարավորինս շատ տարածի թեզերը, թե ինքն անձամբ մեղավոր ու պատասխանատու չէ այս պատերազմի ու հետևանքների համար։ Նպատակը սա է, բայց ինքը դա փորձում է հիմնավորել՝ հատվածական մեջբերումներ անելով խաղաղ կարգավորման գործընթացից։

Քաղաքական իրողություններից ելնելով՝ ամեն մի ժամանակահատվածում Հայաստանի ղեկավարությունը փորձում էր առավել հայանպաստ ինչ-որ մի լուծման հասներ, ու, ըստ էության, Մադրիդյան սկզբունքները Ադրբեջանից Արցախի անջատվելու ծրագիրն էր, որը Նիկոլ Փաշինյանը մերժեց։ Հիմա փորձում է հիմնավորել, թե դա լավը չէր, դրա համար էլ մերժեց ու որ մերժեց՝ ի՞նչ։

Որպես ղեկավար՝ չորս տարվա մեջ ի՞նչ է արել Արցախի Հանրապետության ճանաչման համար, որովհետև եթե մերժում ես Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման շուրջ Մինսկի ձևաչափով բանակցությունները, ապա այլընտրանք պետք է առաջարկես։ Բայց նա իշխանության գալուց հետո իր որևէ գործողությամբ քայլ չի արել գոյություն ունեցող Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման համար, ուստի հիմա ի՞նչ լոլոներ է կարդում։

– Պարո՛ն Ղուկասյան, իսկ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր համարո՞ւմ եք։ Խաղաղության դարաշրջան բացել տարածաշրջանում հնարավոր կլինի՞։

– Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ժողովուրդը պետք է համախմբվի խաղաղության օրակարգի շուրջ, նկատի ունի իր շուրջը համախմբվել։ Նրա գլխին ամպեր են կուտակվել, որոնք կապված չեն Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի նախաձեռնած գործողությունների հետ։ Կապված են նրա հետ, որ Ռուսաստանն է տապալվում, ու որպես Ռուսաստանի սատելիտ պետություն՝ Հայաստանի վրա ևս այդ տապալումն ազդեցություն կունենա։ 2023 թվականին իշխանությունը պահելու Նիկոլ Փաշինյանի շանսերը շատ փոքր են արտաքին պատճառներով, իր միակ հույսը քաղաքացիներին իր շուրջը համախմբելն է ու փորձել միջազգային հանրությանն ապացուցել, որ, այո՛, ճիշտ է, ես սրիկա եմ, բայց հայ ժողովուրդն իմ կողքին է, հիմա ասեք՝ ինչ անենք, կանենք։

Սա պարզունակ պլան Բ-ն է, որովհետև պլան Ա-ն եղել է կատարել Ռուսաստանի ծրագիրը, որը շատ պարզ էր․ վերադառնալ սովետական տարիներին, այսինքն՝ Ադրբեջանը մտնում է միութենական պետության կազմի մեջ, Արցախն էլ մնում է Ադրբեջանի կազմում, Հայաստանը հրաժարվում է Թուրքիայի նկատմամբ հատուցման որևէ պահանջից։

Այս ծրագիրը տապալվեց, ու հիմա Փաշինյանը հույս ունի, որ ճամբարը փոխելու հարցում հայ ժողովուրդը կարող է իր համար գործոն դառնալ՝ համախմբվելով իր շուրջը։ Լուրջ քաղաքական գործընթացներին դիմադրելու միամիտ փորձեր են, որովհետև լուրջ սխալներ են արվել Նիկոլ Փաշինյանի ղեկավարության կողմից, ու դրանք անուղղելի են իր համար։

– Երբ ասում եք՝ Նիկոլ Փաշինյանն ուզում է հիմա ճամբար փոխել, ի՞նչ նկատի ունեք։ Ուզում է ռուսական ազդեցությունի՞ց դուրս գալ։

– Իրենք սարսափելի վտանգ են տեսնում, որ Պուտինի կառավարության տապալման հետևանքով իրենք որբ են մնալու, իսկ առանց քաղաքական հովանավորության դժվար է։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am