Պե՞տք է երեխային «Իմ մարմինն իմ անձնականն է» գիրքը կամ մի՛ եղեք սուրբ` գլուխն ավազների մեջ

Պե՞տք է երեխային «Իմ մարմինն իմ անձնականն է» գիրքը կամ մի՛ եղեք սուրբ` գլուխն ավազների մեջ
Պե՞տք է երեխային «Իմ մարմինն իմ անձնականն է» գիրքը կամ մի՛ եղեք սուրբ` գլուխն ավազների մեջ

3-6 տարեկանների համար նախատեսված «Իմ մարմինն իմ անձնականն է» գիրքը միանշանակ չի ընկալվել: Տարօրինակ է: Ու ավելի տարօրինակ է այն, որ չի ընկալվում այս մասին խոսելը, ոչ թե հենց գիրքը: Մինչդեռ միայն 2017-ին, քննչական կոմիտեի տվյալներով, սեռական բնույթի բռնության 161 զոհերից 101-ը երեխաներ են:

Ոչ մի գիրք իմաստ չունի, եթե այն չես բացել: Բացում ես ու… պատերազմ հայտարարում նրան:

Ինչպե՞ս կարելի է երեխայի հետ խոսել սեռական օրգաններից: Չի կարելի, եթե սեռական օրգանների փոխարեն ձեր մտքում առաջինը այդ օրգանի հայհոյական ընկալումն է: Եթե սեռական օրգան է, նույնքան անվանելի է, որքան՝ ձեռքն ու ոտքը: Նույնքան իմանալի է, որքան՝ ինչպե՞ս վարվել, եթե պարանոցիդ վրա ավելորդ գոյացություն է հայտնվել: Անձնական «տարածքը» անձնական է հենց այն պատճառով, որ ինքդ քեզնից գաղտնիքներ պիտի չունենաս, և ինչքան շուտ, այնքան լավ:

Երեխայի ինչի՞ն է պետք այդ իմացությունը: Պետք է, որովհետև հարվածը միշտ գալիս է այդ ուղղությամբ: Ինքը պիտի իմանա, թե ինչն է «տնօրինում»: Ի վերջո ես այնքան էլ լավ չեմ հասկանում, երբ այտը կամ մազերն ավելի մատչելի են բռնության համար, քան՝ սեռական օրգանները:

Երկրորդ բռնության հետևանքներն ավելի անձնական են, ավելի անպատմելի: Հետևաբար, երեխան պետք է իմանա, թե ապագայում ինչն է ավելի դժվար պատմել հարազատին, հոգեբանին, ուսուցչին, ոստիկանին:

Եթե նա իմանա, թե ինչ է անձնական տարածքը, կիմանա, թե ինչի հանդեպ է բռնությունը: Առնվազն կիմանա, թե ինքը ուրիշի ինչին չպետք է բռնանա: Դա ի վերջո պատկերացում է բռնության մասին, ոչ թե՝ սեռական օրգանների:

Տեսեք՝ տղամարդը գիտի, թե ի՛նչ է սեռական օրգանը և հարձակվում է: Երեխան չգիտի, թե ինչ է դա ու չի պաշտպանվում: Ինքը ձեռքերով պաշտպանվում է, երբ փորձում են իրեն հարվածել, բայց դուք պատկերացրեք, երբ նրան՝ երեքից վեց տարեկան երեխային փորձում են հաճելի խոսքերով տիրանալ: Ահա թե ինչու է պետք իմանալ անձեռնմխելի անձնական «տարածքը»: Այնպես չէ, որ երեխան ի վիճակի է դիմադրել: Բայց նա կարող է զգալ, թե ինչ են ուզում իրենից: Նա ի վերջո կարող է ինչ-որ հրաշքով դիմադրելու հնարամտությունն ունենալ:

Սեռական օրգանների «անձնականության» ընկալումն անհրաժեշտ է իմանալու համար, թե ում ինչ չափով պետք է թույլ տալ դրանց մոտ գալու համար: Դա անհրաժեշտ է, որպեսզի այն կիրքը, որ ծնվելու է իր մեջ, իմանա, թե ինչ չափով, ինչպես և ինչու պետք է առաջանա դեպի իր ցանկության օբյեկտը:

Անձնականության զգացումը սոսկ իմացություն չի դառնում, այլև՝ ինքնապաշտպանություն: Սեռական բռնությունը կա, դա փաստ է, և երեխային իր անձնական «տարածքի» հետ ծանոթացնելու մեկնակետը դա է:

Չէ՞ որ երեխան ոչ միայն վստահող է, այլև վախեցող: Եթե անգամ նա չգիտի, որ անծանոթին չի կարելի թույլ տալ դիպչելու իրեն, նա պետք է հասկանա, թե ինչո՞ւ է իրեն դիպչում մեկը, որը բժիշկ չէ կամ իր մայրը չէ: Որպես ի՞նչ կամ ո՞վ է ինքը դառնում նրա «համակրանքների» (ավելի մանկական բառ չգտա) օբյեկտը:

«Իմ մարմինն իմ անձնականն է» գիրքն անհրաժեշտություն է: Արգելեք նրա տպագրությունը ոչ թե որ ձեր աղջիկը սեռական օրգան «չունի», ինչպես արմատական մահմեդական որոշ հոսանքների ընկալումներում է, այլ՝ եթե բացառել եք մարդու գազանությունը, անհագ սեռական կիրքը ամեն շարժվող բանի հանդեպ:

Մի՛ եղեք սուրբ` գլուխն ավազների մեջ:

Ձեր աղջիկը կա, կա ուրիշի աղջիկը, և կաք դուք և նույնիսկ դուք ձեր կրքերը գուցե լավ չգիտեք: Միայն երեխան կարող է «երաշխավորել» ձեր հանդեպ բռնության բացակայությունը, դուք նրա հանդեպ ձերը չեք կարող երաշխավորել: Ուրեմն տվեք նրան իմացությամբ ինքնապաշտպանվելու հնարավորությունը, որովհետև նա մեծանալու է ձեր երեխայի հետ ձևավորվելիք հասարակությունում, իսկ ձեզ բացարձակապես ձեռք չի տա, որ նա մեծանա վրեժի, ատելության, հաշմության աղետալի զգացումներով, որոնք կարող են շրջվել հենց ձեր սերունդների դեմ: Նույնիսկ եթե ձեր սերունդը մեկ տարեկանից գիտի, թե ինչ է սեռական բռնությունը:

Գլխավորը՝ դուք ձեր հրեշին զսպեք, ուրիշի հրեշը կմեռնի ձեր աշխարհի հանդեպ օտարության զգացումից:

Մհեր Արշակյան

MediaLab.am