«Դու կտերի թագավո՞ր ես, թե՞ արդարադատություն իրականացնող. խայտառակ պատմության մեջ են Հայաստանը, արդարադատությունն ու վարչապետը». Լևոն Բարսեղյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը

– Պարո՛ն Բարսեղյան, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում պարզաբանումներ ներկայացրեց իր մասնակցությամբ աղմկահարույց ձայնագրության վերաբերյալ: Դուք քաղհասարակության ներկայացուցիչների այն խմբում եք, որոնք պահանջում էին Ջհանգիրյանի հրաժարականը: Շարունակո՞ւմ եք հանդես գալ նույն պահանջով, թե՞ Ջհանգիրյանի բացատրությունները սպառիչ էին:

– Հարցազրույցից ընդամենը մեկ նախադասություն եմ լսել ու այլևս չլսեցի, առողջություն չկար: Այն, որ ինքը ԱՄՆ-ի պետդեպարտամենտին, որը ֆինանսավորել էր իր գրքի լույսընծայումը, ասաց՝ գոստդեպը ֆինանսավորել է: Այդ լյուստրացիան հերիք էր, մարդու մտածողությունը կրեմլակենտրոն է, որովհետև միայն Կրեմլից են ասում՝ «գոսդեպ», այսինքն՝ այդ մարդն իր դոնորից էլ տեղյակ չէ, թե ինչպես է հայերեն անվանումը: Առողջությունս ու արժանապատվությունս չեն ներում վերապատվելի ու գերաշնորհ Ջհանգիրյանի ելույթները լսել:

Մի քանի տեղ կարդացի, որ նախաձեռնել է բանակցություններ, որին տղամարդավարի է հրավիրել Վարդազարյանին ու կուտ է տվել: ԲԴԽ անդամի արժեհամակարգը, փաստորեն, այդպիսին է: Արժանապատվությունն է փորձում շեշտել երևի, դրա համար ասում է՝ տղամարդավարի, ու կուտ է տալիս: Դու կտերի թագավո՞ր ես, թե՞ արդարադատություն իրականացնող ես:

Մի խոսքով՝ խայտառակ, խայտառակ պատմության մեջ են Հայաստանը, արդարադատությունն ու իհարկե վարչապետը, որը 4 տարի ոչինչ չարեց արդարադատության համակարգը բարեփոխելու համար: Դիտմա՞մբ չարեց, թե՞ չկարողացավ՝ չեմ կարող ասել:

– Գագիկ Ջհանգիրյանը ոչ միայն չի ընդունում, որ այդ ձայնագրությամբ ստվերվում են դատական համակարգում իրականացվող փոփոխությունները, որոնց մասին մշտապես խոսում է իշխող քաղաքական թիմը, այլ նաև ասում է, որ ինքը ևս պայքարում է համակարգի արատավոր երևույթների դեմ: Այս կադրերով իշխանությունը կկարողանա՞ բարեփոխումներ անել:

– Այս կադրերով իշխանությունը չի կարող արդարադատության համակարգի բարեփոխում իրականացնել՝ սա առաջին: Ջհանգիրյանի ընդունել-չընդունելը երկրորդական հարց է, նա կարող է համարել, որ բոլոր մոլորակները պտտվում են իր շուրջը, իսկ իշխանությունն ամբողջ դատական համակարգի բարեփոխման պարտավորություն ուներ, որովհետև հեղափոխությունը եղել է համընդհանուր արդարադատության դեֆիցիտի բացակայության պատճառով: Ոստիկանությունից քննչականով, դատախազությունով ու դատավորներով՝ պետք է արմատապես փոխվեին: Իսկ այդ ուղղություններով համարյա ոչինչ չի արվել, բացի կենացներից:

Վախեցրին կամ համոզեցին վարչապետին, որ փոփոխությունների կարիք չկա, պահանջողներիս էլ ասում էին՝ սորոսականները քանդելու են արդարադատության համակարգը, հավանաբար, իշխանությունը վախեցավ, որ իրեն սորոսական կասեն, չնայած ասում են: Ուզենար՝ վաղուց մաքրած կլիներ:

Մարդիկ կան՝ արդարացնում են Ջհանգիրյանի մոտեցումները, ասում են՝ դե, մաքրում է դատական համակարգը, բայց մի անբարոյականը մյուս անբարոյականին հեռացնելով ո՞նց է մաքրում համակարգը, վերջին անբարոյականին ո՞վ է մաքրելու, էլի անբարոյակա՞ն է լինելու մաքրողը, բա հեղափոխությունն ի՞նչ մեղքս էր, կներեք: Այս ամբողջից զատ, պարզ դարձավ, որ կա ինչ-որ քողարկված, ստվերային իշխանություն Հայաստանում, այսինքն՝ դատավորը նախագահ է կառավարել՝ պարզվում է:

– Ջհանգիրյանն ասաց, թե կատակ է արել, պարո՛ն Բարսեղյան:

– Իսկ կա՞ երաշխիք, որ վաղը չի ասի, որ հարցազրույցի ժամանակ էլ է կատակ արել, կարող է Պետրոսին պատասխանելի՞ս էլ է կատակ արել: Դրա համար կա բարեվարքության որոշակի նորմ, հասկացանք, որ ինչ-որ պաշտոնյայի նկատմամբ ատելություն ունես, բայց դա քեզ թո՞ւյլ է տալիս քննարկել դա: Կատակ ես արել, այդ կատակդ արդարադատության որակի վրա ազդեցություն ունի՞, թե՞ չունի: Վաղը, որ իր սիրելի Վանեցյանն ու Ղազինյանը հարցնեն, պիտի ասի՝ Պետրոսի հետ հարցազրույցի ժամանակ կատակ եմ արել, Քոչարյանին ինչ-որ բան էիր ասում, դա՞ էլ էր կատակ:

Բազմաթիվ հարցեր կան, իսկ դրանց լուծումն այդ մարդու անհապաղ հրաժարականն է: ԲԴԽ մյուս դատավորները բան ունե՞ն ասելու, թե՞ չէ: Նման բանն աշխարհով մեկ տարածելուց հետո այդ դատավորները բան չունե՞ն ասելու, դիրքորոշում ունե՞ն: Կամ, եթե այդ կառույցը համարում է գոմ, ինքն ի՞նչ գործ ունի այդտեղ:

– Ասում է՝ այդպես եմ ասել, որ Վարդազարյանին համոզեմ, «որ ասեի՝ լավ պաշտոն է, ո՞նց էր հրաժարվելու»:

– Այդ մարդը մինչև հիմա չի հասկացել, որ արդարադատությունը կապ չունի համոզելու հետ: Այդ տարիքում դեռ չի հասկացել, որ արդարադատությունը համոզելով չէ, արդարադատության դեպքում ընդհանրապես այդ մարդու հետ ուտել-խմելու չպետք է գնայիր: Ձե՞ռ եք առնում ողջ ժողովրդին, լակոտի տե՞ղ եք դրել: Քանի օր է՝ մտածում եմ՝ կա՞ մեկը իշխանությունից, որ կարող է ծպտուն հանել:

Հարգելի՛ պատգամավորներ, ՔՊ երևելիներ, դուք առանձին կարծիք ունե՞ք այս երևույթների վերաբերյալ: Նման բան աշխարհի միջին զարգացածության երկրում լիներ՝ անկախ ամեն ինչից, այդ ճաշկերույթի բոլոր մասնակիցները հրաժարական էին տալու:

Ընդհանուր առմամբ, արդարադատության վիճակի պահպանման գլխավոր պատասխանատուն քաղաքական իշխանությունն է, ինչպես եղել էր Սերժի ժամանակ, այնպես էլ պահպանվել է: Ինչպես եղել է ընտրովի, կետային արդարադատություն, այնպես էլ դա պահպանվել է, դրա պատասխանատուն, բնականաբար, քաղաքական իշխանությունն է և վարչապետը: Իսկ այս դրվագները ծաղիկներն են, որոնք պարբերաբար դեռ կտեսնենք:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am