«Կառավարությունն աշնանը՝ գյուղմթերքի մթերման ժամանակ, կզգա արտահանողներին անտեսելու հետևանքները». Էմիլ Ստեփանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Էքսպորտ Արմենիա» հայ արտահանողների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը

Պարո՛ն Ստեփանյան, օրեր առաջ մի քանի ընկերությունների հետ բաց նամակ էիք հղել ՀՀ կենտրոնական բանկին, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարություններ՝ կոչ անելով շտապ քայլեր ձեռնարկել դրամի արժևորումը կանխելու համար:  Արձագանքե՞լ են համապատասխան գերատեսչությունները:

– Արձագանք եղել է, որը ես համարում եմ ձևական: Նախարարների մակարդակով տեղի են ունեցել հանդիպում ու քննարկում, ամեն ինչ գիտեն, տեղյակ են իրավիճակին, բայց ասում են, որ դրամի արժևորման վրա իրենք չեն կարող ներգործել, որովհետև դա Կենտրոնական բանկի որոշելիքն է, բայց այդ կառույցն էլ մեծ միջամտություն չի կարող անել:

Բայց երբ պետք է, երբ քաղաքական որոշումներ են առաջ գալիս, այդ միջամտությունը լավ էլ անում են, թեև դա ավելի շատ արվում է դրամի արժեզրկման դեպքում: Կրկնում եմ՝ ձևական է, քանի որ կիսում են մեր գրեթե բոլոր կարծիքները, բայց ասում են, որ օժանդակել չեն կարող: «Գիտենք, որ վատ վիճակում եք, բայց բիզնես ռիսկ է, էս տարի էլ վատ վիճակում եղեք», իսկ այս մոտեցումը բացարձակ անընդունելի է:

Կենտրոնական բանկը չի՞ արձագանքել:

– ԿԲ-ի հետ հանդիպումն այսօր պետք է կայանա ԿԲ Դիլիջանի ուսումնական կենտրոնում, նույն կազմով, գուցե նախարարություններից էլ ներկա լինեն, բայց եթե ֆինանսների ու հատկապես էկոնոմիկայի նախարարներն ասում են, որ ոչինչ չեն կարող անել, չեմ կարծում, թե ԿԲ-ի հետ հանդիպումն ինչ-որ բան կտա: ԿԲ-ն ունի իր առաջնահերթությունները, որոնք հաճախ չեն համընկնում էկոնոմիկայի նախարարության առաջնահերթությունների հետ:

Էկոնոմիկայի նախարարությունը պետք է ինչ-որ քայլեր անի Կառավարության կողմից առաջնային հայտարարված՝ արտահանման, կառուցապատման ու հատկապես Այ Թի ոլորտների համար: Այս ոլորտների համար իրենք ոչինչ չեն առաջարկում, ասում են՝ բիզնես ռիսկ է, մի տարի լավ կլինի, մի տարի՝ վատ, ոնց բոլորը, այդպես էլ դուք:

Դա վերաբերմունք չէ, էլի, դրա համար եմ ասում, որ այդ արձագանքը ձևական է: Մեր կարծիքով՝ Կառավարության համար առաջնային է սոցիալական գործոնը, որ ժողովուրդը հանկարծ չդժգոհի ու փողոց դուրս չգա: Այսինքն՝ այսօրվա խնդիրը լուծելու համար իրենք կասկածի տակ են դնում Հայաստանի ապագան, իսկ այդ ապագան Այ Թի ոլորտն է, որն այսօր խայտառակ տուժում է, արտահանումն է, որը ևս խայտառակ վիճակում է: 2022 թվականը արտահանողների համար ամենասև տարին է, որը դեռ չի ավարտվել: Կառավարությունը իր չարածի հետևանքը կզգա աշնանը՝ գյուղմթերքի մթերման ժամանակ, կզգա արտահանողներին անտեսելու հետևանքները:

Բայց դուք, այնուամենայնիվ, շարունակո՞ւմ եք պնդել, որ կան հնարավորություններ ստեղծված իրավիճակը մեղմելու համար, պարո՛ն Ստեփանյան:

– Բնականաբար, եթե Կառավարությունն ուզի՝ կկարողանա քայլեր անել, եթե ուզի՝ կկարողանա Վերին Լարսի խնդիրը շատ ավելի լավ լուծել, եթե հետևողական լինեին Վերին Լարսի խնդրով, հիմա այս վիճակը չէր լինի: Իրենց համար այլ առաջնահերթություններ կան:

Այստեղ, իհարկե, արտահանողների մեղքն էլ կա, որովհետև չեն պահանջում, վճռական չեն: Չնայած Հայաստանի չինովնիկների մակարդակը գիտենք, եթե անգամ պահանջեն, միևնույն է՝ չինովնիկն այսօր կանգնում է ու բիզնեսին խելք է տալիս: Մենք հարցը բարձրաձայնում ենք, իշխանական թևը բիզնեսին խելք է սովորեցնում՝ աջով գնայիր, վա՛յ, աջով ես գնացել, ձախ ճանապարհով գնայիր:

Ասում են՝ արտահանումը խնդիր չունի, արտահանողներն արդյունավետության, արտադրողականության խնդիր ունեն, թող արտադրողականությունը բարձրացնեն: Անգիր արած արտահայտություններ են անում, փոխանակ արտահանողների մատից մի փուշ հանեն: Հանդիպում են բիզնեսի ներկայացուցիչների հետ խելք-խրատ տալու համար, բայց՝ ոչ լուծումներ:

Ասացիք, որ ԿԲ-ի հետ նախատեսված այսօրվա հանդիպումից էլ առանձնապես սպասելիքներ չունեք, այդ դեպքում ի՞նչ է լինելու արդեն տուժած ոլորտների վիճակը, ի՞նչ եք պատրաստվում անել:

– Որոշ մարդիկ արդեն արտահանումը դադարեցրել են, նրանց այս արձագանքն ազդակ է, որ պետությունը դժվարին պահերին չի կանգնում իր համար ողնաշարային կարևորություն ունեցող ոլորտների կողքին: Տեր չեն կանգնում, հասկանո՞ւմ եք, հանդիպում են խելք-խրատ տալու համար: Արտահանողներն այսօր խնդրի առաջ են կանգնել ոչ միայն արտարժույթի փոխարժեքի, այլ նաև Վերին Լարսում տիրող իրավիճակի պատճառով, բայց պետական մակարդակով որևէ օժանդակություն, խնդիրների լուծման տարբերակներ չեն առաջարկվում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am