Եթե անձնագրայինում ծանոթ չունես, ստիպված ես արևի տակ երկար հերթ կանգնել. ի՞նչ անել անձնագրայինների գերծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար

Այս օրերին Հայաստանի ու, մասնավորապես, Երևանի անձնագրային բաժիններում մարդկանց հսկայական կուտակումներ են, քաղաքացիները դժգոհում են ամառվա տապին գոյացող մեծաքանակ հերթերից, իսկ ոստիկանությունից հանգստացնում են՝ նորմալ երևույթ է, աշխատում են գերծանրաբեռնված:

Անձնագրային բաժիններում աշխատանքային ժամն սկսվում է ժամը 9:00-ից, սակայն քաղաքացիները հերթում առաջնային հորիզոնականներում լինելու համար գալիս են վաղ առավոտյան ու կանգնում փակ դռների առջև՝ կազմելով հերթագրման իրենց ցուցակները:

Բաժիններում չկա առցանց հերթագրում, մարդիկ կազմում են հերթի ցուցակներ ու այդ ցուցակով մտնում բաժին: «10։30-ի սահմաններում հերթագրված 171 անձից 70-րդն էր մտել…»- օրերս իր ֆեյսբուքյան էջում իրավիճակը ներկայացրել էր օգտատերերից Լիլիթ Հովհաննիսյանը:

Նույնիսկ հնչում են պնդումներ, թե առանց ծանոթի հնարավոր չէ անձնագրային բաժիններից օպտիմալ ժամկետներում ստանալ պահանջվածը: «Ես վերջը ծանոթով ստացա, առանց դրա հնարավոր չէր»,- գրել է քաղաքացիներից մեկը:

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից արձագանքում են՝ նորմալ իրավիճակ է, քանի որ ամռան ամիսներին բաժիններն աշխատում են գերծանրաբեռնված: «Ամռան ամիսներին աճում են ինչպես մեր հայրենակիցների կողմից հանգստանալու նպատակով արտերկիր մեկնելու համար անձնագիր ձեռք բերելու, դրանում օտարերկրյա պետություններում վավերականության նշում կատարելու համար դիմելու դեպքերը, այնպես էլ օտարերկրյա պետություններից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների կողմից անձնագիր ստանալու կամ փոխանակելու դիմումները»,- հայտնել էին ոստիկանությունից:

Բացի այդ, ըստ աղբյուրի՝ «2022 թվականն էապես տարբերվում է նախկին տարիներից, քանի որ աննախադեպ ավելացել են օտարերկրյա պետություններում բնակվող մեր հայրենակիցների ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմումները»։ Ներկայացված վիճակագրության համաձայն՝ եթե 2021 թվականի հունվար-հունիս ամիսներին ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քանակը կազմել է 3448, ապա 2022 թվականի նույն ժամանակահատվածի համար՝ 9917։

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանն ասում է՝ ամեն տարի մայիսի վերջին օրերին ու ամռան ամիսներին վարչության տարբեր բաժանմունքները կանգնում են նման խնդրի առաջ: «Ամեն տարի այդ ամիսներին մարդիկ հանգստի մեկնելուց առաջ դիմում են կա՛մ անձնագրի փոխանակման, կա՛մ անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու համար: Այս տարի էլ ավելացել է Ուկրաինայում ռազմական իրադրության հետևանքով միգրացիոն շարժը: Բնականաբար, իրավիճակը բարդանում է, ու մի քանի անգամ ավելանում է դիմող քաղաքացիների թիվը»,- ասում է Բիչախչյանը:

Ճիշտ է, նա հիմա համակարգում չէ, բայց ասում է՝ լավ է պատկերացնում՝ այնտեղ այս օրերին աշխատում են գերծանրաբեռնված:

Այդուհանդերձ, ըստ Բիչախչյանի, հնարավորություն կա թեթևացնելու անձնագրային բաժինների գերծանրաբեռնված ռեժիմը, թեթևացնել հերթերը՝ նվազեցնելով վարչարարական մի քանի պահանջներ:

Օրինակ՝ ըստ նրա, այժմ այնպես է, որ եթե անձը նույնականացման քարտ չունի, ապա հին նմուշի անձնագիրը տրվում է 2 տարի ժամկետով, իսկ եթե անձը ցանկանում է անձնագիրն ստանալ 10 տարի ժամկետով, ապա պետք է ստիպված, ըստ օրենքի, դիմի նույնականացման քարտ ստանալու համար: «Ստացվում է՝ քաղաքացին դիմում է երկու գործողություն կատարելու համար: Բայց, ընդգծեմ, որ նույնականացման քարտ թողարկելու համար անհրաժեշտ սարքավորումները անձնագրային բաժիններում քիչ են՝ 1 հատ: Այսինքն՝ այս մեկ պատուհանի մոտ գոյանում են հերթեր, ու քաղաքացին նույնականացման քարտ հանելու համար երկար ժամանակ մնում է հերթում: Եթե բոլոր աշխատակիցներն ունենային այդ սարքերը, հերթեր չէին գոյանա», -ասում է Մնացական Բիչախչյանը:

Նա առաջարկում է վերադառնալ նախկին պայմաններին՝ 10 տարի վավերականության ժամկետով անձնագիր ստանալը չպայմանավորել նույնականացման քարտ ունենալու կամ ստանալու հետ: Այսինքն՝ անձնագիրը քաղաքացուն տրամադրել՝ անկախ այն բանից՝ նա ունի՞ նույնականացման քարտ, թե՞ ոչ: «Կամ՝ լավ, 10 տարով չեն տալիս, թող 5 տարով տան անձնագիրը: Դա նույնպես չի հակասի Չիկագոյի կոնվենցիային, որի համաձայն՝ անձը հաստատող ներպետական փաստաթուղթը չի կարող 5 տարուց պակաս ժամկետով լինել: Դա զգալիորեն կնվազեցնի հերթերը»,- նշում է Մնացական Բիչախչյանը:

Մյուսը, որի դեպքում կթեթևանա անձնագրային բաժինների գերծանրաբեռնված աշխատանքը, անձնագրերում օտարերկրյա պետություններում վավերականության կնիք հասկացությունն է: «Պետք է փոխել օրենսդրական կարգավորումը, և նոր խմբաքանակի բլանկները պատվիրելիս այդ էջից հանել այդ նշումը: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ոչ մի երկրում արդեն նման նշում չեն կատարում: Եթե հիմա գնանք անձնագրային ծառայություններ, այնտեղ հերթերում գրեթե 70 տոկոսը հենց այդ վավերականության նշումն ստանալու համար է կանգնում»,- ընդգծում է Մնացական Բիչախչյանը:

Նախկին պաշտոնյան վստահ է՝ այս փոփոխությունների դեպքում զգալիորեն կբարելավվի անձնագրային և վիզաների վարչության աշխատանքը, իսկ քաղաքացիների բողոքները՝ կնվազեն:

Հասմիկ Համբարձումյան

Medialab.am

Լուսանկարները՝ Լիլիթ Հովհաննիսյանի