Երկու հանգամանք նպաստեց բուհերում այս աղետալի վիճակին. Ատոմ Մխիթարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը

– Պարո՛ն Մխիթարյան, ընդունելության քննություններն ավարտված են, ու արդեն հստակ է, թե որ բուհը քանի ուսանող ունի: Ինչպե՞ս եք գնահատում այդ ցուցանիշը՝ հաշվի առնելով այն, որ Ագրարային համալսարանում բազմաթիվ ֆակուլտետներ դիմորդ չունեն։

– Բնականաբար, այդ ցուցանիշները ցույց են տալիս ու ևս մեկ անգամ ապացուցում, որ Հայաստանում հանրակրթության ու ընդհանրապես կրթության ոլորտում որակ չկա կամ անկում է ապրում, ու այդ միտումը շարունակվում է՝ տարեցտարի խորանալով։ Որովհետև այն փոփոխությունները, որ վերջին տարիներին կատարվեցին կրթության ոլորտում, որևէ դրական արդյունք չտվեցին, ընդհակառակը՝ արդյունքները բացասական են, և Հայաստանի պետական բուհերում կան բազմաթիվ թափուր տեղեր տարբեր մասնագիտությունների գծով։

Այստեղ ազդեցություն ունի նաև ընդունելության կարգում վերջին տարվա փոփոխությունը, որով դիմորդներին հնարավորություն է տրվում դիմել ընդամենը մեկ բուհ մեկ մասնագիտությամբ: Սա ևս բացասական ազդեց, ինչպես տեսանք, որովհետև այն դիմորդները, որոնք կրկնուսույցների մոտ էին պարապում, ու իրենց գիտելիքներն ավելի շատ էին, դիմեցին բարձր վարկանիշ ունեցող բուհերի մասնագիտություններ, իսկ այլ բուհերի մասնագիտությունները մնացին թափուր, ու այդ դիմորդները, ըստ էության, չկարողացան գոնե երկրորդ, երրորդ հայտով դիմել այլ բուհեր։ Այսինքն՝ այս երկու հանգամանքը բերեց այս աղետալի վիճակին, որը կանխատեսել էինք դեռևս տարեսկզբին։

– Կրթության վատ որակ ասելով՝ ի՞նչ նկատի ունեք։

– Կրթության որակը, ընդհանուր առմամբ, անկում է ապրում Հայաստանում, իսկ մասնավորապես հանրակրթության ոլորտի արդյունքները, որոնք պիտի երևային ընդունելության քննությունների ժամանակ, ցույց տվեցին, որ հիմնական առարկաներից դիմորդների շուրջ 20%-ը ստացել է բացասական գնահատական, ընդ որում՝ սա ոչ թե ընդհանուր ավարտածների տոկոսն է, այլ լավագույն շրջանավարտների 20%-ը։ Հատկապես բնագիտական առարկաներից ավելի քան 20% կտրված ունենք, որը խոսում է հենց հանրակրթության ոլորտի որակի մասին։

– Պարո՛ն Մխիթարյան, դա ուսուցիչների՞, թե՞ աշակերտների գիտելիքների հետևանքն է։

– Այստեղ ուսուցիչները կամ երեխաները ըստ էության «որևէ մեղք չունեն», այստեղ մեղքի հիմնական բաժինը պետությանն է, որն իր կառավարող գործիքակազմը օգտագործում է ի վնաս կրթության համակարգի։ Այն, ինչ ունեինք՝ համապատասխան ակնածանքը դեպի ուսուցիչը, ձգտումը դեպի կրթություն, աստիճանաբար վերանում է։

Այն տրանսֆորմացիայի, որ տեղի է ունենում մեր հասարակությունում, երբ կրթություն չստացած, վատ սովորած երեխաներն ունենում են մեծ հաջողություններ, այդ թվում նաև՝ պետական կառավարման համակարգում, երբ բարձրագույն կրթություն չունեցողներին վերցնում ենք ոստիկանությունում ծառայության բարձր աշխատավարձով, քան ուսուցչի աշխատավարձն է, հետևանքն այս է լինում։

– Կրթության նախարարությունը 4,5 մլրդ դրամ է տրամադրում հենց ուսուցիչների վարձատրության համար, սա որևէ կերպ կարո՞ղ է իրավիճակում փոփոխություն մտցնել։

– Այդ նախաձեռնությունն ուշացած է ու կիսատ, անհրաժեշտ է համընդհանուր աշխատավարձերի բարձրացում և դրան գումարել որոշակի խրախուսական մեխանիզմներ, որպեսզի լավագույն ցուցանիշներ ցուցաբերած ուսուցիչներն ավելի բարձր վարձատրվեն, ոչ թե աշխատավարձերը թողնել այսքան ցածր ու խղճուկ մակարդակի, որ ցանկացած պահի ուսուցիչները որոշեն թողնել ու դուրս գալ դպրոցից, որն աղետալի հետևանքների կբերի առանց այդ էլ վատ վիճակում գտնվող կրթության համակարգում։ Սա կիսատ նախաձեռնություն է, բոլորս պետք է դեմքով դառնանք դեպի կրթությունը, հասարակությունը պետք է հասկանա, որ ամեն ինչի առանցքում կրթությունն է ու դրա որակը։

– Վարձատրության քիչ լինելու հետևանքո՞վ է, որ երիտասարդները չեն գնում դպրոցներում դասավանդելու, թե՞ այլ խնդիրներ ևս կան։

– Իրավացի եք, այդ մասին փաստում են նաև ընդունելության դիմում-հայտերը, երբ Շիրակի, Վանաձորի պետհամալսարանները մաթեմատիկայի ուսուցչի համար դիմորդներ չունեցան։ Ավելին՝ մարդիկ, որոնք դիմում են մանկավարժի մասնագիտություն ձեռք բերելու համար, հարցական է՝ գնալո՞ւ են դպրոցում դասավանդելու, որովհետև պետությունը որևէ մեխանիզմ չունի այդ մարդկանց ոլորտում պահելու, ինչն աղետալի հետևանքների է բերելու մի քանի տարի հետո կրթության ոլորտում։

– Բուհերի այս ֆակուլտետները, որոնք ունեն զրո դիմորդ, կոնկրետ Ագրարային համալսարանը, էլի՞ պայմանավորված է նրանով, որ երիտասարդները մտածում են, որ այդ մասնագիտությունների համար իրենց քիչ են վարձատրելու, թե՞ իրազեկում լավ չի իրականացվում, որ աշակերտներն իմանան տվյալ մասնագիտության կարևորությունը։

– Քանի որ դիմորդների թիվը տարեցտարի նվազում է, ու նրանք նախընտրում են դիմել ավելի բարձր վարձատրվող մասնագիտությունների բաժին՝ սա մեկ պատճառ։ Այս տարի Ագրարային համալսարանում գրեթե 100 տեղ ունեինք, բայց լրացվեց ընդամենը 4%-ը, ամբողջ համալսարանում ընդամենը 38 դիմորդ է ընդունվել։

Պատկերացրեք, թե սա ինչի կարող է բերել, որովհետև գյուղատնտեսության ոլորտը Հայաստանի կարևոր ճյուղերից մեկն է, ու մենք տարիներ հետո մասնագետներ չենք ունենալու, ստիպված պետք է դրսից բերենք համապատասխան մասնագետներին, իսկ պետությունը որևէ բան չի անում։

Անվճար տեղ են հատկացնում, բայց քարոզչություն չեմ տեսնում, մասնագիտությունների կարևորության մասին ընդհանրապես չեն խոսում, մինչդեռ դա հեռանկարային ոլորտ է, ու անհրաժեշտ է, որ պետությունը քայլեր ձեռնարկի նախ՝ այդ համալսարանը պահելու, որովհետև եթե այս տեմպերով գնա, ուղղակի կկանգնենք համալսարանը փակելու խնդրի առաջ։ Խնդիրների լուծման առյուծի բաժինը իհարկե պետությանն է, բայց մասնավոր սեգմենտը ևս կարող է իր ներդրումն ունենալ։ Համակարգված աշխատանք պետք է տարվի։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am