«Բանակցությունների ընթացքում, ոչ թե բանակցային սեղանի շուրջ, այլ կողքից՝ ամենաբարձր մակարդակով Թուրքիան երկու նախապայման է դնում». Ռուբեն Սաֆրաստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

– Պարո՛ն Սաֆրաստյան, թուրքական հեռուստաընկերություններից մեկին տրված հարցազրույցում Թուրքիայի արտգործնախարարը, անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, ասել է, որ իրենք «կոնկրետ քայլեր են ցանկանում տեսնել Հայաստանից. հայտարարությունների ժամանակն անցել է»։ Ձեզ համար պա՞րզ է, թե ինչ կոնկրետ քայլեր է սպասում Թուրքիան Հայաստանից։

– Այն, ինչ ասել է Չավուշօղլուն, մաս է կազմում այն մարտավարության, որը Թուրքիան ընտրել է Հայաստանի հետ բանակցային գործընթացում, այսինքն՝ օգտագործել հարաբերությունների կարգավորմանը միտված բանակցությունները, որպեսզի դրանց միջոցով ճնշում գործադրի Հայաստանի վրա, որ վերջինս էլ զիջումների գնա Ադրբեջանի հետ իր հարաբերություններում։

Խոսքը, իհարկե, այն խնդրի մասին է, որը փորձում է լուծել Ադրբեջանը, այն է՝ հասնել նրան, որ Հայաստանը ճանաչի Արցախը Ադրբեջանի տարածքի մի մաս ու նաև «Զանգեզուրի միջանցքը»։

Հիմա թուրքական դիվանագիտության հերթական փուլի ականատեսն ենք, որի մասին ես բազմիցս եմ ասել: Թուրքերը ձևականորեն հայտարարում են, թե նախապայմաններ չունեն այս գործընթացում, բայց այս կարգի հայտարարությունները, որոնք մինչ այս ևս եղել են, բայց ոչ այսքան հստակ, բացահայտում են նրանց իրական նպատակները: Սա է թուրքական դիվանագիտությունը։

– Կարծում եք, որ հիմա բանակցային այն կետին են հասել, որ Թուրքիան, ըստ էության, հստակ ասում է Հայաստանին, որ պետք է ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս, կնքել այդ խաղաղության պայմանագիրը ու լուծել «Զանգեզուրի միջանցքի» հա՞րցը։

– Այո՛, այդ երկրորդ փուլը, որի մասին ասել եմ, այդ փոքր քայլերի փուլն է սկսվել, իսկ սա հենց այդ փուլի մասերն են։ Հատուկ ներկայացուցիչների չորրորդ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ցամաքային սահմանների բացում երրորդ երկրների քաղաքացիների համար ու օդային ճանապարհով բեռնափոխադրումներ, կարծում եմ՝ եղել են թուրքական կողմի նախաձեռնությամբ։ Այսպիսի փոքր քայլեր են անում, հետո դնում են իրենց պահանջներն ու ասում՝ եթե ուզում եք առաջընթաց լինի, ապա պետք է կատարեք մեր պահանջները։

– Պարո՛ն Սաֆրաստյան, եթե Հայաստանը չգնա իրենց ակնկալած կոնկրետ քայլերին, այս գործընթացից ի՞նչ ակնկալենք, զարգացումներ կլինե՞ն։

– Տեսեք՝ երեք հանդիպում տեղի ունեցավ, որից հետո ոչ մի բան չեղավ, չորրորդին ինչ-որ փոքր բաներ եղան, որից հետո հնչեց պահանջը։ Հիմա որոշ ժամանակ նրանք կձգեն, որ տեսնեն՝ Հայաստանը դրակա՞ն է արձագանքում, թե՞ չէ։ Եթե պատասխանը բացասական լինի, էլի կձգեն, իսկ եթե կարողանան ինչ-որ բան պոկել, էլի քայլեր կլինեն։

– Չավուշօղլուն վերահաստատել է, որ այս գործընթացն իրենք համաձայնեցնում են Ադրբեջանի հետ, որովհետև «իրենք մեկ ազգ են, բայց երկու տարբեր պետություն»։ Այս պարագայում հայկական դիվանագիտությունն ինչպե՞ս պետք է վարվի, պե՞տք էր ի սկզբանե ասել, որ Ադրբեջանը պետք է մասնակցություն չունենա այս գործընթացին, որ պետք է տարանջատել հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը միտված գործընթացները։

– Հայկական կողմը 30 տարի է՝ հայտարարում է, որ կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը առանց նախապայմանների։ Տասնյակ տարիներ Թուրքիան իր նախապայմանները դնում էր, որոնք բոլորիս հայտնի երեք նախապայմանն էին: Հիմա, փաստորեն, հարաբերությունները կարգավորելու չորրորդ փորձն է, որից առաջ Թուրքիան հայտարարեց, թե իրենք ոչ մի պայման չունեն, հայկական կողմն էլ որ նախապայման չուներ, բանակցությունները սկսվեցին, բայց բանակցությունների ընթացքում, ոչ թե բանակցային սեղանի շուրջ, այլ կողքից՝ ամենաբարձր մակարդակով երկու նախապայման դրվում է։ Եթե մենք դուրս գանք բանակցային գործընթացից՝ սխալ կլինի, որովհետև թուրքական դիվանագիտությունն աշխարհով մեկ դա կօգտագործի մեր դեմ, կասի՝ հայերը կառուցողական չեն։

– Այսինքն՝ Հայաստանը և՞ս պետք է ժամանակ ձգի։

– Ժամանակ ձգելը մի քիչ այն չէ, պետք է մեր դիվանագիտությունը ինչ-որ քայլեր պատրաստի, նմանօրինակ հայտարարություններով հանդես գա, որ փորձի չեզոքացնել Թուրքիայի այս գործողությունները։

– Հայաստանը, օրինակ՝ ի՞նչ հայտարարություններ պետք է անի, որ կարողանա չեզոքացնել թուրքական կողմի գործողությունները, պարո՛ն Սաֆրաստյան։

– Բարդ խնդիր է չափազանց, որովհետև պարզ է, որ Թուրքիայի դիրքն ավելի գերակշռող է ու ուժեղ, բայց Հայաստանը չպետք է լուռ նստի ու լսի, թե Թուրքիան ինչեր է ասում։ Պետք է լինեն համապատասխան դիվանագիտական հայտարարություններ, քայլեր։ Մեր դիվանագիտությունը պետք է ակտիվություն ցուցաբերի, ամբողջ խնդիրը սա է։

– Եթե «Զանգեզուրի միջանցքը» իրականություն դառնա այնպես, որ այդ ճանապարհին վերահսկողություն իրականացնեն ռուս սահմանապահները, Թուրքիան ու Ադրբեջանը կհամաձայնե՞ն այդ տարբերակին, թե՞ նրանք ուզում են, որ այդ հատվածը վերահսկվի իրենց կողմից։

– Նրանց տրամաբանությունը միջանցքային է, իսկ Հայաստանը, Ռուսաստանն ու Իրանը դրան դեմ են։ Այս պայմաններում նրանց չի հաջողվի դա իրականացնել, դրա համար, կարծում եմ, կհամաձայնեն, որ կոմունիկացիաները գործեն, հետո արդեն կփորձեն դրանք վերածել միջանցքի։ Ամեն ինչ կանեն, որ ի սկզբանե միջանցք լինի, բայց եթե տեսնեն՝ չի ստացվում, կհամաձայնեն, որ սկսեն կոմունիկացիաների կոնկրետ աշխատանքները, որից հետո էլի կներկայացնեն իրենց պահանջները։

– Պարո՛ն Սաֆրաստյան, եթե անգամ Հայաստանը համաձայնի ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս ու կնքի այդ պայմանագիրը, Թուրքիան ի վերջո կբացի՞ Հայաստանի հետ սահմանը։

– Առաջինը՝ հույս ունեմ, որ նման բան չի լինի, Հայաստանի ոչ մի իշխանություն չի գնա դրան, երկրորդ՝ նույնիսկ այդ դեպքում Թուրքիան միանգամից ոչինչ չի անի, էլի մի բան կպոկի՝ առաջ կքաշի Ցեղասպանության, Կարսի պայմանագրի խնդիրը, այսինքն՝ Թուրքիայի մոտեցումը այս 30 տարվա ընթացքում՝ 91 թվականի դեկտեմբերից, երբ Թուրքիան ճանաչեց Հայաստանը, անփոփոխ է:

Նրանք համոզված են, թե Հայաստանն ավելի շահագրգռված է Թուրքիայի հետ ունենալ նորմալ հարաբերություններ, քան Թուրքիան, դրա համար էլ Հայաստանը պետք է զիջումների գնա։ Նրանց մոտեցումը սա է, ու չորս նախապայմաններում նրանք մեզնից զիջումներ են պահանջում։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am