«Հատկապես դոլար-դրամ, եվրո-դրամ տատանումները բավական վնաս հասցրին ներգնա զբոսաշրջությանը». Յաշա Սոլոմոնյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասցիացիայի նախագահ Յաշա Սոլոմոնյանը

– Պարո՛ն Սոլոմոնյան, զբոսաշրջության ոլորտում այս տարի՝ նախորդի համեմատ, ակտիվություն նկատվո՞ւմ է։ Ո՞ր երկրների քաղաքացիներն են հիմնականում նախընտրում հանգիստն անցկացնել Հայաստանում։

– Այս տարի բավական ակտիվություն ունենք զբոսաշրջության ոլորտում, ինչը և ակնկալվում էր հետքովիդյան, հետպատերազմյան շրջանում։ Ցավոք, այդ ակտիվությունն այն չէ, ինչ ակնկալում էինք, բայց դա պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմով ու որոշակիորեն պահպանվող քովիդի իրավիճակով։ Մյուս կողմից՝ պատերազմով պայմանավորված, մենք բավական շատ զբոսաշրջիկների հոսքեր ունենք Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից։

– Զբոսաշրջիկների նախընտրելի ուղղությունները որո՞նք են։

– Հիմնական ուղղություններից, կարելի է ասել, բան չի փոխվել, այն ուղղությունները, որոնք մշտապես նախընտրելի են եղել, շարունակում են մնալ՝ Գառնի, Գեղարդ, Նորավանք, Տաթև, Դիլիջան։ Նաև արշավական տուրիզմն է ավելի ակտիվացել, ինչը ևս սպասելի էր, որ քովիդից հետո մարդիկ նախընտրում են բնության մեջ լինել, վայրի բնության, գյուղական տուրիզմն է զարգանում՝ փոքր խմբերով շրջում են ու լավ ուտելիքներ ուտում։

– Պարո՛ն Սոլոմոնյան, ուտելիքների մասո՞վ էլ փոփոխություն չկա։

– Այդ գյուղական տուրիզմում հիմնականում տնական ուտեստներն են նախընտրելի, իսկ ընդհանուր առմամբ՝ հայկական խոհանոցը միշտ էլ նախընտրելի է եղել ռուսական շուկայի համար, ու ռուսները հիմնականում խոհանոցի, գինու, բնության համար են ճամփորդում Հայաստանում։

– Իսկ գների առումով դժգոհություններ ունե՞ն։ Գնաճը որքանո՞վ է ազդում այցելությունների թվի վրա։

– Ցավոք, հատկապես դոլար-դրամ, եվրո-դրամ տատանումները բավական վնաս հասցրին ներգնա զբոսաշրջությանը, քանի որ դոլար-եվրոյի արժեզրկմամբ ու դրամի արժևորմամբ թանկացան ու շարունակում են թանկանալ այցելությունները դեպի Հայաստան: Իհարկե, միջին վիճակագրական եվրոպացու համար անընդունելի թանկ չէր, բայց մրցակցային առումով, բնականաբար, Հայաստանը որոշակիորեն արդեն զիջում է իր դիրքերը: Եթե նախկինում շատ եվրոպացիներ նախընտրում էին այս ուղղությունը՝ որպես էկզոտիկ ու միաժամանակ ոչ շատ թանկ, հիմա մտավախություն կա, որ եթե այս իրավիճակը չկարգավորվեց, ապա կբարդանա իրադրությունը։

Այս ամենին գումարվում է նաև վառելիքի թանկացումը, ինչը ևս ազդում է հյուրանոցային, ռեստորանային գների վրա։ Թանկացումները, իհարկե, որոշակի բացասական ազդեցություն են ունենում ոլորտի վրա, բայց, բարեբախտաբար, դեռևս նման ազդակներ չենք ստանում, որ դրա պատճառով ամրագրումներ չեղարկվեն։

– Թանկացումներին նպաստող օբյեկտիվ պատճառներից բացի, կա՞ն նաև սուբյեկտիվ գործոններ, օրինակ՝ հյուրատների, ռեստորանների սեփականատերերը կամայականորեն բարձրացնեն մատուցվող ծառայությունների գները։ Նման միտում նկատե՞լ եք։

– Չէ՛, ասեմ ավելին՝ անգամ հակառակ միտումն եմ նկատել, երբ արտարժույթի տատանումների դեպքում բավական լուրջ կորուստներ ունեցանք փաթեթային վաճառքի դեպքում, մեր գործընկեր հյուրանոցները, տրանսպորտային կազմակերպությունները, իրավիճակից ելնելով, անգամ սկսեցին զեղչեր անել, որպեսզի կարողանայինք խմբերին սպասարկել։ Այդ առումով բավական լավ է համագործակցությունը ոլորտում, հնարավոր է, որ մեկ-երկու միտումնավոր թանկացումներ գտնենք, բայց ընդհանուր նման բան չկա։

– Դեպի Արցախ ուղղությունն ակտիվացե՞լ է, թե՞ ոչ։

– Ցավոք՝ ո՛չ, անգամ ներգնա տուրիզմում այդ ակտիվությունը չկա: Իհարկե, նախորդ տարվա համեմատ այս տարի Հայաստանից ավելի շատ մարդիկ են այցելում Արցախ, բայց Արցախ ուղղությունն այսօր, կարելի է ասել, պասիվ է։ Ներգնա տուրիզմի մասով հատկապես վիզայի խնդիրն է բարդացել, ինչպես նաև անվտանգության հարցն է շարունակում սուր մնալ։

– Ձեր կանխատեսմամբ՝ օգոստոս ամիսը և՞ս ակտիվ կլինի։

– Սովորաբար օգոստոսը շոգերի պատճառով Հայաստանի համար ցածր սեզոն է համարվում, այսինքն՝ օգոստոսին կունենանք որոշակի նվազում, բայց դրան հակառակ աշունը՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսները, միշտ էլ բարձր սեզոն է եղել, ու այսօրվա ամրագրումներից ելնելով էլ կարող եմ ասել, որ բավական ակտիվ աշուն ենք ունենալու։ Թվային տվյալներ չեմ կարող ասել, քանի որ դեռ պաշտոնական վիճակագրություն չկա, բայց որ աճ կա, հաստատ է։

– Պարո՛ն Սոլոմոնյան, քանի որ վերջին շրջանում Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման համատեքստում ակտիվացել են խոսակցությունները, թե զբոսաշրջության խթանման համար մեզ նոր տեսարժան վայրեր են անհրաժեշտ, ուզում եմ իմանալ՝ արդյոք զբոսաշրջիկների մոտ կա՞ նման պահանջ։

– Ամենայն պատասխանատվությամբ հավատացնում եմ, որ Հայաստանը զբոսաշրջային տեսանկյունից այնքան ռեսուրսներ և դեռևս չբացահայտված վայրեր ունի, որ եթե դրանց վրա շատ ավելի քիչ ներդրումներ էլ արվեն, բայց ճիշտ թիրախավորվեն, գովազդվեն, մենք զբոսաշրջիկների պակաս չենք ունենա։ Ինչ-որ հավելյալ, մտացածին նմանօրինակ ատրակցիոնների կարիք, մեծ հաշվով, մեր զբոսաշրջությունը չունի, ու այդ նախագիծը կապել զբոսաշրջության զարգացման հետ՝ անտրամաբանական եմ համարում։

– Այսինքն՝ զբոսաշրջիկներին Հայաստանը ներկայացնելու, նրանց այստեղ կանչելու խնդիր կա, որը չի՞ արվում պետական մակարդակով։

– Զբոսաշրջիկին գրավում են գովազդով, մարքեթինգով, և եթե պիտի միլիոնավոր դոլարներ ծախսվեն, որպեսզի գովազդվի ինչ-որ արձան, ապա եթե այդ դոլարները ծախսեն ու գովազդեն Հայաստանը միայն իր ունեցած հսկայական մշակութային, բնական ռեսուրսներով, ապա դա լրիվ բավարար է, որ Հայաստանում մենք ունենանք բավարար թվով զբոսաշրջիկ։ Հետևաբար, այո՛, բավարար կերպով չի գովազդվում, մարդիկ անգամ Հայաստանի տեղը չգիտեն, ու ոչ մի արձան ինքն իրենով չի կարող բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը։

Կներեք՝ տարիներ առաջ Հայաստանում կառուցվել է աշխարհի ամենաերկար ճոպանուղին, որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, վերլուծենք, հասկանանք՝ ի՞նչ ազդեցություն ունեցավ այդ ճոպանուղին զբոսաշրջության վրա։ Այո՛, ճոպանուղին շատ լավ ծրագիր էր մարզային զարգացման համար, այսինքն՝ Հայաստան եկող զբոսաշրջիկների մի զգալի հատվածի այդ ճոպանուղին ձգեց, տարավ դեպի Տաթև, բայց, մեծ հաշվով, ես չեմ տիրապետում որևէ վերլուծության, թե քանի հազար տուրիստ է հատուկ այդ ճոպանուղու համար Հայաստան եկել: Ենթադրում եմ, որ չկա նման վիճակագրություն՝ ելնելով դրանից, կարելի է ասել, որ այդ արձանն էլ ինչ-որ հատուկ ազդեցություն չի ունենա տուրիզմի զարգացման վրա։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am