«Ադրբեջանը գնալու է սադրանքների, հնարավոր է՝ գնա ավելի լայնամասշտաբ սադրանքների, դրա համար էլ նախապատրաստում են ամբողջ տեղեկատվական դաշտը». Տաթևիկ Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը

– Տիկի՛ն Հայրապետյան, ադրբեջանական սադրանքները Հայաստանի ու Արցախի սահմաններին ի՞նչ նպատակ են հետապնդում, ինչո՞ւ է թշնամին կրկին կրակում։

– Նախ նշեմ, որ ցանկացած սադրանքից առաջ ադրբեջանական կողմը տեղեկատվական արշավ է սկսում, տեղեկատվական «հիմք» է նախապատրաստում ու հետո գնում գործողությունների։ Եթե ուշադրություն դարձնեք՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի շատ խնդրահարույց հայտարարությունից հետո, թե Հայաստանը զինված ուժեր ունի Արցախում, ադրբեջանական կողմն ինտենսիվ տեղեկատվական արշավ սկսեց՝ նշելով, որ դա իրենց հնարավորություն է տալիս գնալ «հակաահաբեկչական գործողությունների Արցախում»։

Այս հայտարարությունից տասը օր անց մենք լարվածություն ունենք Արցախի ուղղությամբ, բնականաբար, դրան զուգահեռ նաև Հայաստանի հետ սահմանին է իրավիճակը լարվում, ու ադրբեջանական կողմը նոր սադրանքների է դիմում։ Այս ամենը տեղավորվում է իրենց սողացող պատերազմի տրամաբանության մեջ, որն իրենք ունեցել են նաև մինչև 2020 թվականի պատերազմը։

Երեկ տեղի ունեցած սադրանքների նախօրեին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետն էր հայտարարությամբ հանդես եկել՝ կրկին մեջբերելով երևակայական ինչ-որ ռևանշիստների, որոնք հետ չեն կանգնում իրենց նպատակներից, ու այդ ամենից ելնելով՝ իրենք պատրաստվում են գնալ գործողությունների։ Այսինքն՝ նրանք սկսում են տեղեկատվական արշավ, որին հաջորդում են գործողությունները։

– Ռևանշիստներ ասելով՝ ո՞ւմ նկատի ունի ադրբեջանական կողմը։

– Անկեղծ ասած, այդ հարցն ինձ էլ է հուզում։ Նրանք սովորաբար այդպես անվանարկում են Հայաստանի նախկին ղեկավարներին, բայց եթե հաշվի առնենք, որ Հայաստանի նախկին ղեկավարներն այսօր ղեկավար պաշտոններ չեն զբաղեցնում ու որոշումներ չեն կայացնում, անհասկանալի է, թե ում նկատի ունեն։

Օրինակ՝ այսօր ադրբեջանական քարոզչադաշտում մի նյութ հայտնվեց, որում մեջբերված են ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովի վերջին հարցազրույցից ինչ-որ հատվածներ, ու ներկայացնում էին այնպես, թե նմանատիպ հայտարարությունները խոչընդոտում են գործընթացները, բայց դա աբսուրդ է, որովհետև Շարմազանովը ո՛չ ղեկավար պաշտոն է զբաղեցնում, ո՛չ խորհրդարանի պատգամավոր է, նա քաղաքական-հասարակական գործիչ է ու արտահայտում է իր դիրքորոշումները, ինչպես կարելի է ասել, թե դրանք խաթարում են խաղաղ գործընթացը։

Խաղաղ գործընթացն իրենք իրականացնում են իշխանությունների հետ, ու վերջիններիս կողմից չեն էլ հնչում այնպիսի ձևակերպումներ, որոնք կխաթարեն այդ գործընթացը, ընդհակառակը՝ մի բան էլ Ադրբեջանի քիմքին հաճո ձևակերպումներ են հնչում։

Ադրբեջանը տեղեկատվական մանևրի է դիմում, որի նպատակը հստակ է․ նրանք գնալու են սադրանքների, հնարավոր է՝ գնան ավելի լայնամասշտաբ սադրանքների, դրա համար էլ ամբողջ տեղեկատվական դաշտը նախապատրաստում են, օրինակ՝ վերջին շրջանում ինտենսիվորեն հրապարակում են վերլուծական նյութեր, որ Ադրբեջանը պետք է պատրաստվի 2025 թվականին Արցախում գործողությունների գնալու։ Իսկ 25-ին, գիտենք՝ լրանում է ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետն Արցախում, այդ ամենը, իհարկե, ունի նաև քարոզչական նպատակ, բնակչությանն ահաբեկելու նպատակ, բայց ռիսկերը, որ դրանք կվերածվեն իրական գործողությունների, շատ իրական են։

– Տիկի՛ն Հայրապետյան, հնարավո՞ր է, որ Ադրբեջանը սահմանային այս լավածությունն օգտագործում է այն նպատակով, որպեսզի Հայաստանից ստանա այն կոնկրետ քայլերը, որոնց մասին վերջին շրջանում ակտիվորեն հայտարարում են թե՛ իրենք, թե՛ Թուրքիայի ամենատարբեր պաշտոնյաները։ Ի՞նչ կոնկրետ քայլեր են ուզում Հայաստանից։

– Առաջին հերթին այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրում՝ Ադրբեջանի պայմաններով, այսինքն՝ թղթով հրաժարում Արցախից ու մի շարք այլ պահանջների իրագործում, ու հրապարակային ելույթներն էլ այս մասին են փաստում։

Ի՞նչ է խոսվում փակ դռների հետևում՝ մեզ համար դժվար է հասկանալ, որովհետև տեղեկատվության պակաս կա, բայց հանրային, հասարակական-քաղաքական դաշտի դիսկուրսները ցույց են տալիս, թե քննարկումներն ինչ ուղղությամբ են գնում։ Օրինակ՝ ադրբեջանական կողմը, գիտեք, որ բացառում է Արցախի որևէ հնարավոր կարգավիճակի դիտարկում անգամ Ադրբեջանի կազմում, լավագույն դեպքում որոշ փորձագետներ նշում են ինչ-որ մշակութային, լեզվի ուսուցում և այլն։

Ես վստահ եմ, որ հենց սա էլ դրված է բանակցային սեղանին, որովհետև այն փորձագետները, որոնք խոսում են այս մասին, իշխանություններից են ուղղորդվում։ Ճնշումներն այդ ուղղությամբ են գնում, որովհետև ադրբեջանական կողմը շատ է շտապում, քանի որ շուտով Թուրքիայում սկսվելու է նախընտրական շրջան, ու ադրբեջանական կողմը կցանկանա մինչև այդ գործընթացների մեկնարկը որոշակի հաջողությունների հասնել, դրա համար գնում է այս ճանապարհով։

– Ադրբեջանում ի՞նչ տրամադրություններ ու մեկնաբանություններ են հնչում Իրանի Իսլամական Հանրապետության այն դիրքորոշման վերաբերյալ, որ Հայաստանի Հանրապետության սահմանների անխախտելիությունն իրենց համար կարմիր գիծ է։

– Ինձ համար այստեղ ամենաուշագրավը Բաքվում Իսրայելի դեսպանի հանկարծակի ակտիվությունն է, որովհետև նրա թվիթերյան գրառումները, որոնցում ներկայացվում են ադրբեջանական թեզեր Իրանի մշակութային ժառանգության կամ տարածքների նկատմամբ, նպատակ ունեն սադրել իրանական կողմին, հատկապես երբ դա արվում է Իսրայելի դեսպանի կողմից։

Սա հետևողականորեն առաջ է մղվում Իսրայելի դեսպանի կողմից, և ես դա պատահական չեմ համարում, քանի որ դա համընկավ այն ժամանակահատվածին, երբ Իրանի հոգևոր առաջնորդը նման կոշտ հայտարարություն արեց սահմանների անձեռնմխելիության մասով։ Այսինքն՝ ադրբեջանական քարոզչադաշտն ունի հակաիրանական հստակ երանգներ, ավելին՝ հոդվածներ են հրապարակվում «Ինչո՞ւ է Իրանը մշտապես աջակցում Հայաստանին և ոչ երբեք Ադրբեջանին», նյութեր հրապարակվեցին, որ «Իրանը նման հայտարարություններ է անում, որովհետև ուզում է շրջափակման մեջ պահել Նախիջևանը» և այլն։ Քարոզչական առումով եղան նմանատիպ արձագանքներ, բայց պաշտոնական արձագանք չի հնչել: Կարծում եմ, որ դա զգուշավորության դրսևորում էր նրանց կողմից։

– Բայց դժգոհություն կա՞։

– Այո՛, որովհետև այդ քարոզչադաշտն ուղղորդվող է պետական մակարդակով, բայց ադրբեջանական քարոզչադաշտում ամենաինտենսիվ քարոզչությունը, հակահայկականությունից բացի, գնում է Ռուսաստանի ու ռուսների դեմ, ինչն անթաքույց է։

– Տիկի՛ն Հայրապետյան, բայց դա ինչո՞վ է բացատրվում, չէ՞ որ իրենք Ռուսաստանի հետ արդեն դաշնակից պետություններ են։

– Ես դա բացատրում եմ Արցախում ռուս խաղաղապահների առկայությամբ ու երկարաժամկետ առումով՝ որոշակի զգուշավորությամբ։ Այսինքն՝ ռուսական տարբեր վերլուծական շրջանակներ միշտ նշում են, որ ռուսական կողմը, առնվազն այս պահի դրությամբ, որևէ ձևով չի դիտարկում Արցախից դուրս գալու հանգամանքը, ու դրա համար Ռուսաստանին անհրաժեշտ է, որ Արցախում հայ բնակչություն ապրի, իսկ ադրբեջանական կողմն ուզում է, որ Արցախը հայաթափվի, որովհետև դա կլինի այն հիմքը, որը ռուս խաղաղապահներին դուրս կբերի Արցախից, որովհետև ռուս խաղաղապահներն այնտեղ են բնակչությանը էթնիկ բնաջնջումից պաշտպանելու համար։

2025 թվականի նախօրեին, վստահ եմ, որ այդ արշավն ավելի է ուժեղանալու՝ ռեալ արտացոլվելով նաև հարաբերությունների վրա, ուղղակի Ռուսաստանը հիմա շատ ավելի զբաղված է ուկրաինական խնդրով ու փորձում է Ադրբեջանի հանդեպ զգուշավոր, ինչ-որ առումով՝ գլուխը շոյելու քաղաքականություն վարել, որպեսզի վերջինս այդ առումով դանդաղի։ Բայց եթե Ռուսաստանին թվում է, թե Ադրբեջանին սիրաշահելով կամ մեր շահերի հաշվին զիջումներով զսպելու են Ադրբեջանին, ամենամեծ սխալն են գործում։

Եթե Ադրբեջանին ուզում են զսպել, ապա պետք է գիտակցեն, որ Ադրբեջանի թիվ մեկ զսպաշապիկը ուժեղ Հայաստանն է իր կայացած անվտանգային համակարգով, դրա համար պետք է ինտենսիվ աշխատեն Հայաստանի հետ, ոչ թե նրա հաշվին փորձեն Ադրբեջանին սիրաշահել ու որոշակի վտանգավոր գործընթացներ կանխել, որովհետև ես վստահ եմ, որ որոշ շրջանակներ ինտենսիվորեն փորձել են Արցախում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել, ինչը ռուսական կողմն առայժմ կանխում է։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am