«Արցախում հավաքված են մարդիկ, ովքեր պատրաստ են ցանկացած քայլի, որպեսզի խուսափեն պատասխանատվությունից»․ Արա Պապյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է «Մեդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

– Պարո՛ն Պապյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախկին համակարգի ներկայացուցիչները գործադրում են իրենց կապերը՝ Արցախում ՀՀ կառավարության ու վարչապետի դեմ ստահոդ լուրեր տարածելու համար: Նա նաև ասաց, որ դրա տակ տեսնում է անգամ դավադիր պատերազմ հրահրելու, տարածքներ հանձնելու ու դրա պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու մտադրություն: Դուք ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը:

– Ես չգիտեմ՝ Փաշինյանի հայտարարության հիմքում ի՛նչ մանրամասներ են, ինքը բնականաբար ավելի շատ գիտի, բայց այն, որ այսօր, ցավոք, Արցախում հավաքված են մարդիկ, ովքեր պատրաստ են ցանկացած քայլի դիմելու, որպեսզի կարողանան խուսափել տարբեր արարքների համար պատասխանատվությունից, դա փաստ է:

Համենայնդեպս, ակնհայտ է, որ գալիք տարի Արցախում անցկացվելիք նախագահական և խորհրդարանական ընտրությունները հրահրել են մի վիճակ, որ մարդիկ սկսել են իրենց հայտարարություններով, կապերով, գործարքներով համագործակցել օտար երկրների հետ և հայտարարություններ անել, որպեսզի ստանան այդ երկրների աջակցությունը:

Եվ այստեղ ծրագիրը հետևյալն է՝ նախ Հայաստան-Արցախ պառակտում առաջացնել, Արցախը հակադրել բուն Հայաստանին: Հետո՝ կա՛մ պատերազմ հրահրել, կա՛մ առանց հրահրման հրավիրել այլ երկրի զորքեր, որպեսզի իբր կանխվի Արցախի կորուստը:

Եվ սա արվում է զուտ նրա համար, որ պահպանեն իրենց իշխանությունը: Դա նորություն չէ, 1920-1921 թվականներին էլ է այդպես եղել: Մի խումբ մարդիկ, որպեսզի Հայաստանում իշխանություն ստանային, օտար բանակի հետ մտան Հայաստան, տապալեցին իշխանությունը և վերցրեցին: Հիմա նույնը կարող են փորձ անել Արցախում իրականացնել:

– Վարչապետը նաև ասաց, որ եկել է 2016-ի ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու ժամանակը: Ինչո՞ւ է այս փուլում արդեն տեսնում դրա անհրաժեշտությունը:

– Ես 2016 թվականից ի վեր բազմիցս հայտարարել եմ և օրինակներ եմ բերել 1982-ի իսրայելա-լիբանանյան պատերազմից: Իսրայելն առաջին անգամ 100-ից ավելի զոհ տվեց, որից հետո մի քանի տասնյակ, կարծեմ 60-ի մոտ հանձնաժողովներ ստեղծեցին և տարբեր ոլորտներով հետաքննություն արեցին: Այդ ընթացքում հրաժարականներ եղան, հետո կառավարությունն ընկավ և այլն:

Բնական է, տեղի է ունեցել մի բան, որը հանգեցրել է զգալի կորուստների: Եվ կան բազմաթիվ աղբյուրներ, ողջամիտ կասկած ունենք, որ զինտեխնիկան շատ տեղերում պատրաստ չի եղել, վառելիք ու զինամթերք չեն եղել: Հիմա բնական է, մարդիկ պետք է պատասխանատվություն կրեն դրա համար: Այսինքն՝ եթե պատերազմի ժամանակ զոհերն անխուսափելի են, մենք վստահաբար գոնե մի քանի տասնյակով պակաս զոհ կունենայինք, եթե խախտումները չլինեին:

Մյուս կողմից, եթե ենթադրենք, որ մինչև իսկ խախտումներ չեն եղել, բանակը թալանելը միանշանակ է: Մենք տեսնում ենք գեներալների ունեցվածքը, ապրելակերպը և ամեն ինչը: Իսկ եթե այդ ամբողջը չկա, նորից կարծում եմ՝ ճիշտ է այդ հետաքննությունը իրականացնել և պաշտոնապես ասել, որ մենք նայեցինք, ամեն ինչ մաքուր է, իզուր տեղը մարդկանց մի՛ կասկածեք: Դա, անկախ ելքից, առողջացման համար կարևոր է:

– Նիկոլ Փաշինյանը ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծման հարցը կարծես կապում է հենց «դավադիր պատերազմ հրահրողների» թեմայի հետ: Որքանո՞վ են փոխկապակցված այս հարցերը:

– Վստահաբար կապվում են, որովհետև այն մարդիկ, ովքեր 2016 թվականին բանակում են եղել կամ իշխանության մեջ, այսօր էլ կան: Ի դեպ, պետք է ասել, որ այս ընդդիմությունը, Քոչարյանին ամեն հարցում օժանդակելը պայմանավորված են սեփական անձն ու հարստությունը փրկելու միտումով:

Նրանց դարդն ու ցավը Քոչարյանը չէ: Նրանք հասկանում են, որ նույն Քոչարյանը, երբ այս ամենը խորանա, բերանը բացելու է, բաներ է պատմելու: Եթե գործը Մարտի մեկի հարցով է, հարցադրում կարող է հնչել՝ իսկ արդյոք Արցախից Հայաստան զորամիավորումներ բերվե՞լ են:

Երկրորդ՝ Արցախից եկե՞լ են զինված մարդիկ, թե՞ ոչ: Այսինքն՝ ոչ միայն Քոչարյանի կողմից է եղել հանցագործություն, որ Արցախից բերել է, այլ նաև Արցախի ղեկավարության:

Իմ իմացած տվյալներով՝ ոչ միայն Արցախի սահմանից են 2008-ին զորամիավորումներ բերել, այլ նաև բուն Հայաստանի տարածքից: Իսկ դա թուլացրել է զորամիավորումների հնարավորությունը, որովհետև եթե այդ ժամանակ մի բան լիներ, Ադրբեջանը հարձակվեր, մեր վիճակը ծանր կլիներ:

Ոմանք ասում են՝ պետք չէ, դա համարում են խառնակչություն ու անցյալը փորփրել, բայց ես կասեմ՝ ընդհակառակը: Ինձ թվում է՝ հանուն հասարակության առողջացման ու անգամ այդ ամբողջը հերքելու համար հետաքննություններ պետք է լինեն:

Ավելի լավ է դառը իրականությունը բացահայտվի, բայց դա միանգամից կառողջացնի հասարակությունը: Հակառակ դեպքում, այս խոսակցություններն անընդհատ շարունակվելու են:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am