«Մահապատիժը չի կարող վերադառնալ Հայաստան, և իրենց երազած ստալինյան ռեժիմը նույնպես». Նինա Կարապետյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը

– Տիկի՛ն Կարապետյանց, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն առաջարկում է պետական դավաճանության համար մահապատժի ենթարկելու հիմքեր ստեղծել։ Հիմնավորման մեջ նշվում է․ «Արձանագրվում են պետական դավաճանության այնպիսի քստմնելի դրսևորումներ, որոնց դեպքում սոցիալական արդարության, անվտանգության ապահովման հրատապ խնդիրները հարուցում են նմանատիպ արարքներ կատարած անձանց նկատմամբ ամենախիստ պատժի՝ ընդհուպ մահապատժի կիրառման անհրաժեշտություն»։ Արդյոք խնդիր չե՞ք տեսնում դատախազի առաջարկության մեջ։

Երբ մենք վեթինգի և լյուստրացիայի պահանջ էինք ներկայացնում, ես հիշում եմ՝ ինչ արձագանքներ էին հնչում տարբեր տեղերից, այդ թվում՝ պետական մարմինների ներկայացուցիչներից, և ինչ անվանում ասես չտվեցին։ Եվ հիմա երկրի գլխավոր դատախազը, որ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ դատախազությունը իրավապաշտպան կառույց է, հայտ է ներկայացրել մահապատիժը վերադարձնելու համար։

Շատերի համար սա շատ գայթակղիչ կթվա, և կհամարեն, որ իսկապես պետական դավաճանությունը, պետությանը մեծ վնաս հասցրած անձանց պետք է պատժել, բայց ես կատեգորիկ դեմ եմ դրան։

Եթե, այնուամենայնիվ, իշխանությունները որոշեն գնալ այդ քայլին, առաջարկում եմ զուգահեռաբար ընդունեն նաև մյուս տարբերակը՝ արդարադատության դեմ հանցագործություն կատարած անձանց գնդակահարությունը, որովհետև իմ խորին համոզմամբ դա ոչ պակաս ծանր հանցագործություն է, կամ կոռուպցիայի դեմ պայքարելու պարտավորություն ունեցող պաշտոնյաների գնդակահարությունը, որը քայքայել է մեր բանակը, թույլ է տվել, որ պետական տարբեր պաշտոններ զբաղեցնող մարդիկ միլիարդատեր դառնան, լռել է, չտեսնելու է տվել, ինչի հետևանքով մեր պետությունը քայքայվել և թուլացել է այնքան, որ մենք պարտվել ենք պատերազմում։

Հետևաբար, եթե որոշեն, որ կարող են վերադարձնել մահապատիժը, ապա ես կառաջարկեմ, որ այդ ցուցակում ընդգրկվեն նաև դատախազները, քննիչները, դատավորները, ԱԱԾ այն աշխատակիցները, որոնք նման պարտավորություն են ունեցել, բայց չեն կատարել։ Եվ եթե համարում են, որ պետական դավաճանության համար կարելի է մահապատիժ ընդունել, թող բարի լինեն սա էլ ընդունել։ Սա, իհարկե, հեգնանքով եմ ասում, հանկարծ լուրջ չընդունեն։

Առհասարակ, նման նախաձեռնության կյանքի կոչումը հետընթա՞ց եք համարում։

Միանշանակ, սա արդարացում չունի, որովհետև մի շատ կարևոր բան կա, որ մեր հանրությունը միշտ պետք է հիշի։ Առաջին՝ թե՛ Սովետական Միության տարիներին, թե՛ հետո նորանկախ Հայաստանի պատմության մեջ եղել են դեպքեր, երբ քաղաքական պատվերներով մահապատիժներ են նշանակվել։ Եվ ՀՀ ցանկացած քաղաքացի ինչ-որ փուլում կարող է դառնալ դրա զոհը։ Եվ թող ոչ մեկը չմտածի, թե դա իրեն կարող է շրջանցել, եթե ինքը զբաղվում է այլ բնույթի գործունեությամբ, ոչ քաղաքականությամբ և բարձր պաշտոն չի զբաղեցնում։

Երկրորդ՝ միշտ պետք է հիշել, որ գոյություն ունի այնպիսի կատեգորիա, որ կոչվում է դատական սխալ, անգամ օրենսդրության մեջ են ամրագրված դատական սխալների գոյության փաստը և դատական սխալների ուղղման հնարավորությունը։ Իսկ գնդակահարությունից հետո անիմաստ է լինում դատական սխալի ուղղումը, որովհետև մենք մարդուն զրկում ենք կյանքից և հետագայում որևէ հնարավորություն չենք տալիս։

Իհարկե, այնպես չէ, որ մեր համակարգը թույլ է տալիս այդ սխալները վերականգնել, բայց ամեն դեպքում մարդուն կյանքից զրկելը որևէ հնարավորություն չի թողնելու նրան հետագայում արդարացնելու կամ նորմալ կյանք վերադարձնելու համար։

Յուրաքանչյուրը պետք է իմանա, որ մենք չենք ապրում մի երկրում, որտեղ գոյություն ունի արդարադատություն, որտեղ գոյություն ունեն զտված, վեթինգի ենթարկված համակարգեր, այնպիսի համակարգեր, որոնք աշխատում են ժամացույցի նման, և մենք որևէ կասկած չունենք այդ համակարգի վերաբերյալ, հետևաբար Հայաստանի քաղաքացի ցանկացած մեկին, որն անցանկալի անձ է, շատ գեղեցիկ կարող են կարվել գործեր և այդ գործերով տանել գնդակահարել։ Եվ սա լինելու է դեպի տոտալիտար ռեժիմի վերադարձ։

Եվ ժամանակը, որ ընտրել է գլխավոր դատախազ Դավթյանը, իր հեռանալուց հինգ րոպե պակաս, որոշել է, որ նման բան կարող է առաջարկել, ես էլ ասում եմ՝ իմ առաջարկն է ուժի մեջ․ արդյոք գլխավոր դատախազը համաձա՞յն է, որ արդարադատության ոլորտի պաշտոնյաներ, որոնք հանցագործություն են կատարել, հետադարձ ուժով նրանց նկատմամբ քրեական գործեր հարուցվեն, և նրանք գնդակահարվեն։

Նշվում է, որ դատախազությունում ուսումնասիրվել է Հայաստանի կողմից այս ոլորտին առնչվող միջազգային հանձնառությունների դաշտը, և պարզվել է, որ Հայաստանը չունի մահապատժի բացարձակ արգելք սահմանելու ուղղակի միջազգային-իրավական պարտավորություն:

– Խորհուրդ կտայի գլխավոր դատախազությանը զբաղվել խաղաղ պայմաններում սպանված զինվորների կոծկված գործերի քննության բացահայտմամբ, խոշտանգումների գործերի արդյունավետ վերահսկողությամբ, դատարաններում անիմաստ ու աննպատակ գործունեությամբ չզբաղվել, ոչ թե զբաղվել մահապատիժը վերադարձնելով։ Մահապատիժը չի կարող վերադառնալ Հայաստան, և իրենց երազած ստալինյան ռեժիմն էլ Հայաստան չի վերադառնալու։

– Ըստ Ձեզ, ինչո՞ւ է դատախազը որոշել հեռանալուց առաջ նման նախաձեռնությամբ հանդես գալ:

– Այո, հեռանալուց առաջ: Միանշանակ է, որ սա հետընթաց է, որովհետև մենք նաև միջազգային պարտավորություններ ունենք մահապատժի հետ կապված։ Ես չգիտեմ՝ իրենք ինչն են նայել, երևի ինչպես քրեական գործերի նկատմամբ են վերահսկողություն իրականացնում, այնպես էլ նույն տրամաբանությամբ միջազգային օրենքներն են նայել, իրենց նպատակներին են հարմարեցրել։ Ուղղակի պետք է հասկանալ՝ այս պահի դրությամբ ո՛ւմ դեմ է ուղղված, ո՛ւմ նկատմամբ կան քրեական գործեր, որոնց պետք է ֆիզիկապես ոչնչացնել, և որտեղի՛ց է ստացված այս պատվերը։

Հույս ունեմ, որ Ազգային ժողովը և Կառավարությունը այդքան ադեկվատություն, նվազագույն ողջամտություն կունենան՝ հերթական հիմար քայլով չգնալու։ Սա ամենայն հավանականությամբ հերթական անհրաժեշտությունն է ծագել սկանդալային քննարկում ծավալել, և պետք է ուղղակի հանրությանը շեղել այս կարգի քննարկումներով։

Մանե Հարությունյան

MediaLab.am