«Մահապատիժ կարելի է ընդունել միայն Եվրոպայի խորհրդից դուրս գալու դեպքում, սա միանշանակ է». Արա Ղազարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը

– Պարո՛ն Ղազարյան, ՀՀ գլխավոր դատախազն առաջարկում է պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր ստեղծել։ Միջազգային-իրավական որևէ խոչընդոտ չկա՞ Հայաստանում մահապատիժը՝ որպես պատժի միջոց կիրառելու համար։ Ինչպե՞ս եք գնահատում Արթուր Դավթյանի այս առաջարկը։

– Խոչընդոտ կա, նախևառաջ հակասում է Եվրոպայի խորհրդի կանոնադրությանը, հակասում է Եվրոպայի խորհրդի այսօրվա քաղաքականությանը, հակասում է նաև Եվրոպական կոնվենցիային։ Եվրոպական կոնվենցիայով մասնավորապես նշվում է, որ կոնվենցիայի 2-րդ հոդվածը ենթարկվել է փոփոխության, ու մահապատիժը արգելվում է ցանկացած հանգամանքում, այդ թվում՝ պատերազմի ու պատերազմի անխուսափելի վտանգի ժամանակ։ Սա հայտարարել է Եվրոպական դատարանը՝ հաշվի առնելով, որ կոնվենցիայի անդամ պետություններից բոլորը, բացի Հայաստանից ու Ադրբեջանից, վավերացրել են թիվ 13 արձանագրությունը։

Սա նշանակում է, որ դա Եվրոպայում ստեղծված հասարակական կարգ է։ Դատախազությունը վերցրել է թիվ 13 արձանագրությունը՝ նկատելով, թե քանի որ Հայաստանը չի վավերացրել թիվ 13 արձանագրությունը, որով նույնիսկ պատերազմի ժամանակ ցանկացած հանգամանքում մահապատիժը չի թույլատրվում, գտել են, որ դա փոքրիկ «հնարավորություն» է, մենք կարող ենք՝ մնալով Եվրոպայի խորհրդի անդամ, փոխել Սահմանադրությունը և մահապատիժը կիրառել, պատասխանն է՝ ո՛չ։ Մահապատիժ կարելի է ընդունել միայն Եվրոպայի խորհրդից դուրս գալու դեպքում, սա միանշանակ է։

– Իսկ ընդհանուր առաջարկն ինչպե՞ս եք գնահատում։ Եթե այն կյանքի կոչվի՝ հետքա՞յլ կլինի պետության համար։

– Այո՛, հետքայլ կլինի իհարկե, նախևառաջ՝ երկրի հեղինակությունն է լրջորեն տուժելու եվրոպական ընտանիքում, այսինքն՝ մենք կհամարվենք Եվրոպայի խորհրդում այնպես, ինչպես Բելառուսը։ Մահապատժի վերականգնումը անհամատեղելի է Եվրոպայի խորհրդի անդամակցության հետ։ Հիմա ինքներս պետք է դատենք՝ ո՞րն է ավելի կարևոր՝ Եվրոպայի խորհրդին անդամակցե՞լը, թե՞ Քրեական օրենսգրքում այդպիսի նորմ ավելացնել, երբ նման հանցագործության կանխարգելմանը գուցե կարելի է հասնել այլ եղանակով։

Բոլոր դեպքերում այսօր դա Եվրոպայի խորհրդի կողմից անընդունելի է։ Չենք կարող և՛ Եվրոպայի խորհրդի անդամ մնալ, և՛ մահապատիժը վերականգնել։

– Այսինքն՝ պետք է ընտրությո՞ւն կատարվի՝ կամ-կամ։

– Այո՛, պետք է ընտրություն կատարվի, ու միաժամանակ Սահմանադրություն փոխվի։

– Իսկ ձեր գնահատմամբ՝ մահապատիժն արդյունավե՞տ միջոց է նմանօրինակ հանցագործությունների կանխարգելման համար, պարո՛ն Ղազարյան։

– Չէի ասի, որովհետև պետական դավաճանություն կատարում են նաև այն երկրներում, որտեղ կա մահապատիժ նման հանցագործության համար, կամ ընդհանրապես, ցանկացած հանցագործություն, որի համար սահմանում են մահապատիժ, միևնույն է՝ կատարվում են նման հանցագործություններ:

Այլ բան է, որ այն կարող է որոշակի կանխարգելիչ նշանակություն ունենալ, բայց քաղաքակիրթ հասարակությունն արդեն հրաժարվել է այդ միջոցից, իսկ այդ հրաժարումը եղել է վիճակագրական տվյալների հիման վրա, որ մահապատիժը չունի այն կանխարգելիչ ուժը, ինչ առաջին հայացքից թվում է։

– Շա՞տ են այսօր այն երկրները, որտեղ կիրառվում է մահապատիժը։

– Չգիտեմ, գիտեմ, որ Եվրոպայի խորհրդում չկա նման պետություն, իսկ Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ դարձավ պայմանով, որ մահապատիժ չպետք է կիրառի, ու այդպես էլ կար: 90-ականներին Հայաստանը երբեք մահապատիժ չի կիրառել, այսինքն՝ դա նաև քաղաքական պահանջ է, ոչ միայն իրավական։ Սա անհեռանկարային է, ՄԻՊ-ն արդեն ելույթ է ունեցել ու իր հստակ դիրքորոշումն արտահայտել։

 Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am