«Կարծում եմ՝ ԱՄՆ պետքարտուղարի հետ ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպում պետք է լինի, հակառակ պարագայում իմաստ չէր ունենա նրա մեկնելը». Սուրեն Սարգսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը

– Պարո՛ն Սարգսյան, ինչպե՞ս եք գնահատում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցելությունն ԱՄՆ:

– Ես բազմիցս ասել եմ, որ հնարավորինս շատ շփումներ են լինելու Հայաստանի և ԱՄՆ-ի պաշտոնյաների միջև, և դա պայմանավորված չէ երկկողմ հարաբերությունների օրակարգով կամ մեր իշխանությունների նկատմամբ ամերիկյան կողմի վերաբերմունքով: Դա պայմանավորված է Հայաստանի արտաքին քաղաքական ուղենիշներով, մասնավորապես, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ՀՀ իշխանությունների ջանքերով:

Այսինքն՝ մեր իշխանության տարբեր ներկայացուցիչների հրավիրելու են, քաջալերելու են, որպեսզի նրանք գնան հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, որովհետև դա բխում է ԱՄՆ-ի տարածաշրջանային շահերից, այսինքն՝ չկա լուրջ և հագեցած երկկողմ օրակարգ:

Իհարկե համագործակցության որոշակի ծրագրեր կան, Կանզասի ազգային գվարդիայի հետ կա համագործակցության համապատասխան ծրագիրը, որը 2000-ականների սկզբից է գործում: Կան ուսումնական, նաև այլ տեսակի ծրագրեր, բայց գլոբալ առումով հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը բարձր մակարդակի վրա չի գտնվում, վերջին տարիներին էլ բարձր մակարդակի հանդիպումներ պաշտպանության նախարարների միջև չեն եղել:

Դա նշանակում է, որ օրակարգային լուրջ հարցեր չկան, որոնց շուրջ կարող են բարձր մակարդակի հանդիպումներ և քննարկումներ ծավալվել: Ես կարծում եմ, որ այս անգամ ԱՄՆ պետքարտուղարի հետ ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպում պետք է լինի, հակառակ պարագայում իմաստ չէր ունենա նրա մեկնելը:

Նորից եմ ուզում կրկնել, որ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև երկկողմ ռազմական խոր համագործակցություն չկա: Մեր պաշտոնյաները գնում են ԱՄՆ, Ամերիկայից իրենց պաշտոնյաները գալիս են Հայաստան, որպեսզի իրենց աջակցությունը հայտնեն ՀՀ իշխանություններին հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում, որը բխում է Վաշինգտոնի տարածաշրջանային շահերից:

– Այսինքն՝ կոնկրետ հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր վերականգնո՞ւմն է, որ շարժում է ԱՄՆ-ի հետաքրքրությունը:

– ԱՄՆ-ի համար սկզբունքային նշանակություն ունի տարածաշրջանում Ռուսաստանին բալանսավորելը կամ տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելը: ԱՄՆ-ն, բնականաբար, համարում է, որ երբ որ տեղի ունենա հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, այդ ժամանակ հնարավոր է Ռուսաստանին բալանսավորել, իսկ բալանսավորել կարող է միայն Թուրքիայի միջոցով, որովհետև տարածաշրջանում ԱՄՆ-ն ներկայացված է հենց Թուրքիայի կողմից որպես ռազմավարական դաշնակից:

Սա ԱՄՆ-ի համար առաջնահերթություն է, և եթե նկատել եք, հայ-ամերիկյան շփումներն միշտ ակտիվացել են այն ժամանակ, երբ հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկար է եղել: Դա վերաբերում է և՛ 1994-ին Լևոն Տեր-Պետրոսյանի այցին, և՛ Քի Վեսթում Ռոբերտ Քոչարյանի ու Հեյդար Ալիևի հանդիպմանը, և՛ վերաբերում է ֆուտբոլային դիվանագիտությանը, և դա վերաբերում է նաև այսօրվա իրողություններին:

– Այս հանդիպումներն ի՞նչ կարող են տալ կողմերին:

– Երկկողմ որևէ ակնկալիք չպետք է ունենալ, որովհետև հայ-ամերիկյան երկկողմ օրակարգ ոչ ռազմական, ոչ քաղաքական, ոչ էլ տնտեսական դաշտում չկա, այսինքն՝ հարաբերությունների համար պետք է մշակել նոր, ավելի լուրջ ու խոր օրակարգ, որը մենք չունենք: Հայ-ամերիկյան օրակարգ չկա որպես այդպիսին, խնդիրներ չկան, լուրջ հարցեր չկան: ԱՄՆ-ն իր տարածաշրջանային քաղաքականությունը վարում է՝ հաշվի առնելով այն, որ իրեն տարածաշրջանում պետք են ոչ թե առանձին երեք պետությունները, այլ ընդհանուր Հարավային Կովկասն է կարևոր: ԱՄՆ-ի համար Հարավային Կովկասը հարևան է Թուրքիային, որն իր ռազմավարական դաշնակիցն է, հարևան է Իրանին, որն իր ախոյանն է, և հարևան է Ռուսաստանին, որն իր հիմնական հակառակորդն է: Դա է ԱՄՆ-ի պատկերացումը մեր տարածաշրջանի մասին:

– ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ միջուկային էներգիայի քարտուղարի փոխտեղակալ Քեթրին Հաֆֆի հետ: Ինչպե՞ս եք սա գնահատում:

– Ես կարծում եմ՝ սրանք արարողակարգային հանդիպումներ են, նկարվելու հնարավորություն է: Որովհետև, եթե հիշում եք, երբ Արարատ Միրզոյանը գնաց Վաշինգտոն, համագործակցության հուշագիր ստորագրվեց ատոմային էներգետիկայի ոլորտի վերաբերյալ, որի տակ իրականում որևէ օրակարգային բան չկար, նման համաձայնագրեր ԱՄՆ-ն ստորագրում է ամենատարբեր երկրների հետ, այդ թվում՝ աֆրիկյան զարգացող պետությունների հետ: Այս առումով որևէ լուրջ անելիք կամ հեռանկար այս ոլորտում չկա: Թող անցնի որոշ ժամանակ, և կտեսնենք, որ այստեղ որևէ լուրջ հեռանկարային ծրագրեր լինել չեն կարող:

– Հայաստանն ինչպե՞ս պետք է ավելի հետաքրքիր դառնա ԱՄՆ-ի համար:

– Հայաստանն ԱՄՆ-ի համար կարող է հետաքրքիր դառնալ՝ օգտագործելով մի քանի հնարավորություն: Դրանցից ամենակարևորը դրական բիզնես միջավայր ձևավորելն է, որ ԱՄՆ-ն կարողանա խոշոր ներդրումներ անել Հայաստանում:

– Իսկ այն, որ ԱՄՆ-ն Մինսկի խմբի իր համանախագահին է փոխում, սա և՞ս արարողակարգային է:

– ԱՄՆ-ն Մինսկի խմբի նոր համանախագահ է նշանակել, որը բավականին պրոֆեսիոնալ ու բանիմաց դիվանագետ է: Նա ոչ միայն համակարգելու է Մինսկի խումբը որպես ԱՄՆ ներկայացուցիչ, նաև Վրաստանի հետ կապված կոնֆլիկտներն է կարգավորելու, և ամբողջ տարածաշրջանին է միտված նրա պաշտոնավարումը: Սա բխում է իմ առաջին ասած մտքից, որ ԱՄՆ-ն այստեղ տարածաշրջանային շահեր ունի:

Մանե Հարությունյան

MediaLab.am