«Եթե Ռուսաստանի լուրջ մասնակցությունը չլինի, որևէ հայ-ադրբեջանական համաձայնություն պարզապես անիմաստ կլինի». Արմեն Բաղդասարյան

Լուսանկարը՝ media.am

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը

– Բրյուսելյան հանդիպումից հետո, ինչպես կանխատեսվում էր, Նիկոլ Փաշինյանը մեկնում է Ռուսաստան, որտեղ մասնակցելու է միջազգային համաժողովի, և այդ շրջանակում էլ տեղի է ունենալու Փաշինյան-Պուտին հանդիպումը: Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը, ստացվում է, որ Բրյուսելից հետո Մոսկվան, փաստորեն, անտարբեր չմնա՞ց:

– Կարծում եմ՝ այսպես թե այնպես, առանց Ռուսաստանի անմիջական մասնակցության կոնկրետ մեր տարածաշրջանում հնարավոր չէ որևէ լուրջ հարց հիմնավոր լուծել: Դրա համար էլ, բնականաբար, քանի որ նաև մրցակցություն կա Ռուսաստանի և Արևմուտքի միջև մեր տարածաշրջանի հարցում, կանխատեսելի էր այդ հանդիպումը:

Կանխատեսելի է նաև, որ Նիկոլ Փաշինյանը պետք է իր բոլոր քայլերը, նախնական համաձայնությունները Ադրբեջանի հետ, որոնք ձեռք է բերել Բրյուսելում, համաձայնեցնի Ռուսաստանի հետ, որովհետև ամեն դեպքում Ռուսաստանն է, որ ապահովում է Արցախի անվտանգությունը, Ռուսաստանն է, որ պետք է երաշխավորի հայ-ադրբեջանական կարգավորման առանցքային հարցերը, այսինքն՝ սահմանների սահմանազատում, կոմունիկացիաների բացում և այլն: Եվ եթե Ռուսաստանի շատ լուրջ մասնակցությունը չլինի այդ հարցում, որևէ համաձայնություն պարզապես անիմաստ կլինի:

– Ձեր նշած մրցակցող կողմերից որի՞ն կհաջողի հայ-ադրբեջանական գործընթացն ավարտին հասցնել: Ի վերջո, տեսանելի՞ է, որ խաղաղության համաձայնագիր կնքվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև:

– Ո՛չ, տեսանելի չէ, և ես չեմ էլ կարծում, թե կկնքվի այդ համաձայնագիրը, որովհետև Ադրբեջանը չափազանց բարձր գին է պահանջում մեզանից դրա համար, և իմ տպավորությունն է, որ Հայաստանի իշխանությունները չեն պատրաստվում վճարել այդ գինը:

Ավելին ասեմ, եթե անգամ այդ համաձայնագիրը կնքվի, ապա միևնույն է, այդ «խաղաղության դարաշրջան» ասվածը չի բացվելու, որովհետև հաղորդակցության ուղիները, ես վստահ եմ՝ չեն բացվելու: Այսինքն՝ Հայաստանը գործնականում մնալու է շրջափակման մեջ, իսկ այդ դեպքում չի կարելի խոսել «խաղաղության դարաշրջանի» բացման մասին:

– Այսինքն՝ անգամ խաղաղության համաձայնագիր կնքելուց հետո Հայաստանի համար լուրջ հնարավորություններ չե՞ն բացվելու:

– Այո, կարծում եմ, որ այդպես է, որովհետև Ադրբեջանն ակնկալում է, որ այդ համաձայնագրի ստորագրմամբ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հրաժարվի տարածքային պահանջներից և վերջնականապես հրաժարվի Արցախի հարցին իր մասնակցությունից, իսկ մեր ակնկալիքն այն է, որ հաղորդակցության ուղիները բացվեն, Հայաստանն ապաշրջափակվի:

Բայց քանի որ Ադրբեջանը ճանապարհների բացելը պայմանավորում է իրենց ասած «Զանգեզուրի միջանցքով», այսինքն՝ նրանց ճանապարհները չեն պետք, նրանց սուվերեն միջանցք է պետք, և քանի որ Հայաստանը ոչ մի դեպքում, կարծում եմ՝ դրան չի համաձայնի, հետևաբար, եթե անգամ երկու երկրների միջև փաստաթուղթ ստորագրվի, միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչեն և այլն, միևնույն է՝ այդ ճանապարհները չեն բացվելու կամ բացվելու դեպքում շատ արագ ինչ-որ սադրանքների հետևանքով փակվելու են: Ի վերջո, չպետք է մոռանալ, որ այդ ճանապարհները մենք չենք փակել, Ադրբեջանն է փակել և կարծես բացելու մտադրություն չունի:

– Իշխանության ներկայացուցիչներն այս օրերին անընդհատ անդրադառնալով խաղաղության պայմանագրին, հայտարարում են, որ իրենք տրամադրված են և տեսնում են դրա հնարավորությունը և այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում: Որտեղի՞ց այս վստահությունը:

– Ես գիտեմ, որ վստահություն չկա, որովհետև դա ասելով հանդերձ՝ ԱԳ նախարարը հայտարարում է, որ Ադրբեջանն ավելի շատ միտված է նոր պատերազմի, քան այդ նոր համաձայնագրին, այսինքն՝ Ադրբեջանը փորձում է ձախողել դա: Եթե սա ասում է ԱԳ նախարարը, նշանակում է, որ իշխանությունները լավ էլ հասկանում են, որ Ադրբեջանն ընդամենը բանակցությունների իմիտացիա է իրականացնում, իսկ իրականում ունի մեկ գերխնդիր՝ վերջնականապես հայաթափել Արցախը:

Նրանք համարում են, որ դա ընդամենը ժամանակի հարց է, որովհետև 2,5 տարի հետո ռուս խաղաղապահները դուրս են գալու: Նրանէ իրենց առջև այդ նպատակն են դնում և մինչ այդ ուզում են խաղաղության համաձայնագրով միջազգայնորեն արձանագրել, որ Հայաստանն այդ հարցերի հետ այլևս որևէ կապ չունի, այսինքն՝ անգամ իրավունք չպետք է ունենա միջազգային ատյաններում բարձրացնել Արցախի խնդիրը:

– Ադրբեջանի նախագահն իր հերթին հայտարարում է, որ մի քանի ամսից տեղի կունենա այդ խաղաղության համաձայնագրի կնքումը: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Հայաստանն ընդունում է Բաքվի առաջ քաշած 5 կետերը, և դրանց առարկություններ չկան:

– Հայաստանի իշխանությունները պաշտոնապես ասում են, որ ընդունում են այդ 5 կետերը, պարզապես իրենք էլ օրակարգի հավելյալ կետեր են առաջարկել, որոնք Ադրբեջանը պարզապես անտեսում է, բանի տեղ չի դնում: Սա է խնդիրը:

Այնպես չէ, որ այդ 5 կետերը ՀՀ իշխանությունները ինչ-ինչ պատճառներով անընդունելի են համարում: Կրկնում եմ, եթե անգամ փաստաթուղթ ստորագրվի, միևնույն է՝ մեզ համար առանցքային կետերը մնալու են թղթի վրա: Ավելի կոնկրետ՝ Հայաստանի ապաշրջափակման հարցը, միևնույն է՝ մնալու է թղթի վրա, որովհետև Ադրբեջանն ասելու է, որ Հայաստանի տարածքով ճանապարհներ է ուզում, և ինչ ռեժիմով աշխատեն այդ ճանապարհները, նույն ռեժիմով կաշխատի Հայաստանն Արցախին միացնող միջանցքը: Այսինքն՝ այդ ճանապարհը կփակվի, և Արցախը կհայաթափվի, կամ էլ իրենք Հայաստանի տարածքով սուվերեն միջանցք են պահանջում: Ես դրա համար եմ ասում, որ այդ համաձայնությունները կմնան թղթի վրա, եթե անգամ ստորագրվեն:

– Ըստ էության, առանց Արցախի կարգավիճակի հստակեցման այդ պայմանագիրը բավականին խնդրահարո՞ւյց է լինելու:

– Իհարկե, որովհետև այդ պայմանագրում ընդհանրապես Արցախի կարգավիճակի մասին խոսք չկա:

– Մենք տեսնում ենք, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Արևմուտքը մեծ շահագրգռություն ունեն Հայաստան-Ադրբեջան հակամարտության կարգավորման հետ կապված: Ի վերջո, ով ինչ շահեր է հետապնդում այս տարածաշրջանում, և ում կհաջողվի լուծել հարցը:

– Ես համաձայն չեմ, որ երկուսն էլ լուրջ շահագրգռություններ ունեն: Այստեղ մենք պետք է տարանջատենք. Արևմուտքը շահագրգռություն ունի, որպեսզի Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորվեն, որովհետև այդ դեպքում այստեղ Ռուսաստանի դիրքերը կթուլանան, և վաղ թե ուշ կբարձրանա Հայաստանիտարածքից ռուսական ռազմակայանները դուրս բերելու հարցը:

Այդ հարցում Ռուսաստանի դիրքորոշումը հակառակն է. նրանք շահագրգռված չեն, որ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն, որովհետև նրանց պետք է կառավարելի լարվածություն, որը կերաշխավորի իրենց մշտական ռազմական ներկայությունը առնվազն Հայաստանում, ցանկալի է՝ նաև Արցախում:

Այսինքն՝ այդ հարցում Ռուսաստանի և Արևմուտքի շահերը չեն համընկնում: Արցախի հարցում նույնպես չեն համընկնում, որովհետև Արցախի հարցում Ռուսաստանին պետք է, որ այնտեղ լինի հայկական բնակչություն, իսկ Արևմուտքին դա առանձնապես չի հետաքրքրում, որովհետև եթե Արցախում չլինի հայկական բնակչություն, չեն լինի նաև ռուս խաղաղապահներ: Այսինքն՝ մենք ունենք երկու հարց, և երկուսի դեպքում էլ Ռուսաստանի և Արևմուտքի շահերը չեն համընկնում:

Մանե Հարությունյան

MediaLab.am