«Ընդդիմության ներսում միասնականություն չկա, հետևաբար վստահ եմ, որ միասնական թեկնածուով հանդես չեն գա». Անի Խաչատրյան

Լուսանկարը՝ Sputnik Արմենիա

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը

Տիկի՛ն Խաչատրյան, տարածված տեսակետ կա, որ ուղիղ մեկ տարի հետո կայանալիք Երևանի ավագանու կամ քաղաքապետի նախընտրական քարոզարշավի մեկնարկը տրված է: Դուք՝ որպես ավագանու անդամ, ունե՞ք նման տպավորություն:

– Գիտեք, ես առհասարակ կարծում եմ, որ ընտրություններում նախընտրական քարոզարշավի մեկնարկը տրվում է ընտրությունների կամ քվեարկության հենց հաջորդ օրվանից: Քարոզարշավի մեկնարկը տալու համար հիմա շատ շուտ է: Դրա մեկնարկի ժամկետը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որից հետո քաղաքական ուժերը սկսում են աշխատել:

– Դա՝ պաշտոնապես…

– Այո՛, պաշտոնապես: Բայց մինչ այդ հիմա կան քարոզչական տարրեր, այդ թվում՝ քաղաքապետի թեկնածու առաջադրելու մասին հայտարարություններ և այլն: Դա այդքան էլ լավ չէ, ճիշտ է: Օրենքով դեռ երկար ժամանակ կա:

Մենք, «Հանրապետություն» կուսակցությունը համեստաբար լռում է:

– Մասնակցելո՞ւ եք ընտրություններին:

– Այո՛, մենք մասնակցելու ենք Երևանի քաղաքապետի ընտրություններին, իսկ թե ո՛վ է լինելու քաղաքապետի մեր թեկնածուն, ովքե՛ր են լինելու ցուցակում, այդ մասին դեռ վաղ է հայտարարել: Ամեն ինչ ժամանակին կլինի:

– Հնարավո՞ր է իշխանական թիմի հետ որոշեք դաշինքով մասնակցել ընտրություններին:

– Չեմ կարծում, թե իշխանությունը դաշինք կկազմի: Կարծում եմ՝ իշխանությունը ընտրություններին կգնա միայնակ, սեփական ուժերով: Առհասարակ, «Հանրապետություն» կուսակցությունը, եթե նայեք, իր քաղաքական պատմության ընթացքում երբեք դեմ չի եղել դաշինքների: Այս դեպքում էլ մենք քաղաքական խորհրդում, համագումարում կքննարկենք, կորոշենք որևէ ձևաչափով մասնակցության հարցը: Բայց շատ վաղ է նման բաների մասին խոսելը: Հայաստանի Հանրապետությունում ամեն օր քաղաքական իրավիճակ է փոխվում:

– Բայց այն, որ կմասնակցեք ընտրություններին, հաստա՞տ է:

– Այո՛, «Հանրապետություն» կուսակցությունը մասնակցելու է Երևանի քաղաքապետի ընտրություններին:

– Տիկի՛ն Խաչատրյան, իշխանական թեկնածուն հանդիպումներ է ունեցել ավագանու խմբակցությունների հետ, պատրաստվում է առաջադրվել Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում, արդյոք սա նախընտրական քարոզչության շրջանակներո՞ւմ չէ:

– Տիգրան Ավինյանը հանդիպել է ոչ միայն «Իմ քայլը» խմբակցության անդամների, այլ նաև Երևանի ավագանու մյուս խմբակցությունների հետ: Դուք գիտեք, որ Ավինյանը հավակնում է Երևանի փոխքաղաքապետի պաշտոնին, և երևի կհիշեք՝ մեր խմբակցությունը նախորդ անգամ բարձրաձայնել էր, որ փոխքաղաքապետի թեկնածուները, բացի իշխող խմբակցությունից, պարտավոր են հանդիպել նաև մյուս խմբակցությունների հետ: Ի տարբերություն մնացած փոխքաղաքապետների, Տիգրան Ավինյանը գնաց այդ քայլին:

– Ի՞նչ տպավորություններ ունեք, ի՞նչ քննարկվեց այդ հանդիպմանը:

– Դա ընդամենը հանդիպում էր, որի ժամանակ քննարկված հարցերը չեմ կարծում թե հանրայնացնելու կարիք կա: Ես կդժվարանամ մեր քննարկումների հետ կապված տպավորություններ ասել, որովհետև քաղաքային խնդիրների շրջանակներում մենք մի թիմ ենք եղել, շատ հարցերում մեր տեսակետները համընկնում են:

– Հավանաբար գիտեք, որ փողոցում պայքարող ընդդիմության ներկայացուցիչ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ևս չի բացառել իր առաջադրվելու ու ընդդիմության միասնական թեկնածուով հանդես գալու հնարավորությունը: Ի՞նչ եք մտածում այդ մասին:

– Ես համոզված եմ, որ ընդդիմությունը միասնական թեկնածուով հանդես չի գալու, որովհետև տեսանելի է, ակնհայտ է՝ ինչ է կատարվում նրանց շարքերում,օրինակ՝ Արթուր Վանեցյանն առանձնացավ այդ թիմից: Ընդդիմության ներսում միասնականություն չկա, հետևաբար վստահ եմ, որ միասնական թեկնածուով հանդես չեն գա: Առավել ևս՝ Ռոբերտ Քոչարյանի որդու հետ միասին:

Առհասարակ, Քոչարյան ընտանիքը վաղուց պետք է քաղաքական դաշտից հեռացած լիներ, բայց քաղաքականություն վերադառնալու անարդյունավետ ինչ-որ ճիգեր են արվում: Ռոբերտ Քոչարյանը պաշտոնավարել է, և նա այլևս անելիք չունի մեր երկրի քաղաքական դաշտում:

– Դա հասկանալի է, բայց խոսքը նրա որդու մասին է:

– Նա՝ առավել ևս: Ես նկատի ունեմ նաև որդուն: Այո՛, տեսնում ենք նրա որդուն հանրահավաքներին, բայց նաև տեսնում ենք ժողովրդի տված գնահատականը, որը 2000-ը (նկատի ունի հանրահավաքների մասնակիցների թիվը – հեղ.) չի գերազանցում:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am