Դժվար է միանշանակ պնդել, թե որքան հեռու կգնա Իրանը, քանի որ նաև շատ լավ տնտեսական հարաբերություններ ունի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ. Արմեն Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Արմեն Վարդանանը

Պարո՛ն Վարդանյան, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի վերաբերյալ իրանական կողմն ի՞նչ դիրքորոշում ունի: Ի՞նչ ակնկալիքներ պետք է ունենալ Իրանից:

– Իրանի դիրքորոշումն արդեն մեկ տարուց ավելի է՝ շատ հստակ է. Իրանը հայտարարում է, որ չի հանդուրժելու իր սահմանի մոտ որևէ փոփոխություն, իսկ ավելի կոնկրետ՝ Հայաստանի սահմանների փոփոխություն, որը կարող է Իրանի համար խնդիրներ ստեղծել: Այս մասին մեկ տարուց ավելի է խոսում է Իրանի և՛ նախագահը, և՛ գերագույն առաջնորդը, և՛ արտգործնախարարը և այլք:

Իրանը շատ հստակ ասել է, որ եթե Ադրբեջանը հանկարծ միջանցք ստանա Սյունիքի ճանապարհով, ապա դա նշանակում է, որ Հայաստանի հարավը կտրվելու է Իրանից, ու վերջինս խնդիրներ է ունենալու Հայաստանի միջոցով դեպի Վրաստան ու այնտեղից էլ այլ երկրներ դուրս գալու հարցում:

Տեղեկությունները, որ իրանական կողմը Հայաստանի հետ սահմանին ռազմական տեխնիկա և ուժ է կուտակել, իրականությանը համապատասխանո՞ւմ են:

– Անկեղծ ասած, չգիտեմ, որովհետև տեղեկություններ կան, որ դրանք նախորդ տարվա զորավարժությունների կադրեր են, ամեն դեպքում չեմ բացառում, որ իրենք զորք տեղակայած լինեն սահմանին ու մեսիջներ հղեն Ադրբեջանին, մանավանդ որ դրա փորձն արդեն կա անցած տարի, երբ Սյունիքի հատվածում էլի սրացումներ եղան:

Իսկ Իրանը կկարողանա՞ ճնշել ադրբեջանաթուրքական տանդեմը, պարո՛ն Վարդանյան:

– Դժվար է միանշանակ պնդել, որովհետև նախկինում երբեք նման իրավիճակ չենք ունեցել, որ Իրանը Հայաստանի սահմանի հետ կապված՝ բաց տեքստով սպառնալիքներ ու զգուշացումներ հղի այլ երկրների: Նման նախադեպ չենք ունեցել ու չենք կարող ասել, թե որքան հեռու կգնա Իրանը, որովհետև պետք է հաշվի առնել նաև այն, որ Իրանը նաև շատ լավ տնտեսական հարաբերություններ ունի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ:

Ռուսաստանի Դաշնությունը դե՞մ է Հայաստանի տարածքով միջանցքի տրամադրմանը Ադրբեջանին, թե՞ ոչ:

– Կարծում եմ՝ դեմ չէ, այլ ընդհակառակը՝ տակից խրախուսում է Ադրբեջանին, որ մինչև վերջ գնա ու հասնի միջանցքի բացմանը, ու, ըստ այդ սցենարի, ինչպես միշտ, ռուսական կողմը պետք է գա ու «փրկի» մեզ՝ կանգնեցնի ադրբեջանցիներին, բայց ստանա միջանցք իր վերահսկողության ներքո, որը Ռուսաստանի ձեռքին Հայաստանի ու Ադրբեջանի վրա լրացուցիչ ճնշման լծակ կդառնա:

Ռուսաստանը երբեք թե՛ պաշտոնապես, թե՛ ոչ պաշտոնապես չի հայտարարել, որ կողմ է միջանցքի տրամադրմանը, բայց գաղտնի աջակցում է Ադրբեջանին, ու վստահ եմ, այդ մասին շատ լավ գիտի նաև Իրանը, ու պատահական չէ, որ ամիսներ առաջ՝ Իրանում Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ղեկավարների հետ հանդիպմանը այաթոլլահ Խամենեին նույն տեքստն ասաց, այսինքն՝ իրենք էլ շատ լավ գիտեն,որ Ռուսաստանը խրախուսում է Ադրբեջանին, որ վերջինս այդ միջանցքը ստանա:

Հայաստանի Հանրապետության քայլերը որո՞նք պետք է լինեն, եթե հաշվի առնենք վերջին օրերի զարգացումները՝ տարբեր երկրների դիրքորոշման առումով:

– Միանշանակ պետք է աշխատենք Իրանի ու Արևմուտքի հետ, որովհետև մենք այլ դաշնակիցներ չունենք, գոնե այս հարցում: Այդ աշխատանքները տարվում են, բայց ես այնպիսի տպավորություն ունեմ, որ Արևմուտքում դեռևս այնքան էլ լուրջ չեն վերաբերվում Ադրբեջանի ու Ռուսաստանի այս հանդգնությանը, որ կարող են ռազմական ճանապարհով միջանցք ստանալ: Իրանում ավելի լուրջ են վերաբերվում դրան:

Որոշ փորձագետներ նշում են, որ Ադրբեջանը պատրաստվում է ավելի լայնածավալ պատերազմի, նաև Նախիջևանի կողմում է հսկայական կուտակումներ արել: Նման սցենարն իրատեսական համարո՞ւմ եք, ու այդ պարագայում Իրանից լուրջ միջամտություններ ակնկալե՞նք:

– Լրիվ իրատեսական է, որ Ադրբեջանը կփորձի զենքի ուժով ստանալ այդ միջանցքը: Ինչ վերաբերում է իրանական կողմին, կարծում եմ՝ իրենք էլ ինչ-որ պատասխաններ կտան: Դա կարող է լինել զենքի տրամադրման միջոցով կամ դիվանագիտական ճանապարհով: Իրենք ամեն ինչ անելու են, որ այդ միջանցքը չլինի:

Այս պահին կարո՞ղ ենք միանշանակ պնդել, որ Ադրբեջանը չի ստանա այդ միջանցքը:

– Այսպես պատասխանեմ՝ Հայաստանը չի ստորագրելու այն փաստաթղթի տակ, որը կենթադրի միջանցք Հայաստանի տարածքով, նույնիսկ եթե ուժով վերցնեն՝ Հայաստանը չի ստորագրելու, որպեսզի չլեգիտիմացնի դա:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am