«Թուրքիան և Ադրբեջանը ևս գիտեն, որ Իրանը կտրուկ հայտարարություններից այն կողմ չի անցնի». Տիգրան Դավուդյան

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Տիգրան Դավուդյանը

– Պարո՛ն Դավուդյան, իրանական կողմը շարունակում է ամենատարբեր մակարդակներով հայտարարել, որ իրենք չեն հանդուրժելու տարածաշրջանում սահմանային որևէ փոփոխություն։ Որքանո՞վ կարող է Իրանի այս դիրքորոշումը չեզոքացնել թուրք-ադրբեջանական տանդեմից եկող պատերազմի վտանգը Հայաստանի դեմ։

Իրանի Իսլամական Հանրապետության կտրուկ հայտարարությունները թուրք-ադրբեջանական տանդեմին զսպելու, լրջորեն զգուշացնելու, զգաստացնելու և չեզոքացնելու դեր ունեն։ Թեհրանը դեռ 44-օրյա պատերազմի օրերից հայտարարել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանումը Իրանի կարմիր գիծն է, և նրանք սահմանային որևէ փոփոխություն չեն հանդուրժելու։

Այդ կարևոր հայտարարությունը կատարել են ԻԻՀ արտաքին գործերի նախկին և ներկա նախարարները, ապա պետության առաջնորդ պարոն Խամենեին, որը Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների ներկայությամբ հայտարարեց, որ Իրան-Հայաստան հազարամյա բանուկ ճանապարհը չպետք է որևէ փոփոխություն կրի։ Նման հայտարարություն կատարեցին նաև Իրանի նախագահը՝ Հայաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցի ժամանակ, ապա նաև ռազմական ղեկավարներն ու Իրանի իսլամական խորհրդարանը։

– Եթե Ադրբեջանի ոտնձգությունները շարունակվեն Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ, Իրանը կոնկրետ գործողությունների կդիմի՞, որո՞նք կլինեն այդ գործողությունները։

– Հայաստանի սուվերեն տարածքի հանդեպ Ադրբեջանի ոտնձգությունները շարունակվելու դեպքում Իրանի ռազմական միջամտությունը ռեալ չեմ համարում․ միջազգային ու տարածաշրջանային պայմանները, Իրանի ներքին վիճակը և միլիոնավոր ազերի՝ թյուրքախոս ատրպատականցի քաղաքացիների առկայությունը նման զարգացումը բացառում են։

Խնդիրը տարբեր կլիներ, եթե մենք Իրանի հետ կամ Իրանի ու Ռուսաստանի հետ երկկողմ կամ եռակողմ ռազմական համագործակցություն ունենայինք: Ուկրաինայում նման փորձ ունեն Իրանն ու Ռուսաստանը, և Թեհրանը Մոսկվային է տրամադրել արդիական անօդաչու թռչող սարքեր։ Պետք է հիշել նաև, որ մենք մի այլ ռազմական դաշինքի անդամ ենք, և դա ՀԱՊԿ-ն է։

Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունը, որ ոչ մի հայտարարություն իրենց չի խանգարելու նպատակներին հասնելու, վերաբերում է նաև Իրանի՞ն։

– Այո՛, Թուրքիան և Ադրբեջանը ևս գիտեն, որ Իրանը կտրուկ հայտարարություններից այն կողմ չի անցնի: Անշուշտ Իրանը թե՛ Ադրբեջանում և թե՛ Թուրքիայում ունի մեծ թվով համախոհներ, որոնց միջոցով կարողանում է նաև այդ երկրներում խնդիրներ ստեղծել․ Իրանն օգտվում է շիա զենքից, իսկ Ադրբեջան-Թուրքիա տանդեմն էլ օգտվում է Իրանի թյուրքալեզու քաղաքացիների լծակից և փորձում է խլրտումներ առաջացնել այդ երկրում։

Իրանն ունի 16 հարևան և հիմա զգում է, որ իր հարևաններից երկուսը՝ Թուրքիան և Ադրբեջանը, փորձում են վտանգել իր սահմանները և դա ծառայեցնել Իրանի ոչ բարեկամ երկրների շահերին։

– Պարո՛ն Դավուդյան, Իրանն իսկապե՞ս ունի Ադրբեջանին ճնշելու լծակներ։

– Իմ կարծիքով՝ ճնշման այդ լծակները քաղաքական և տնտեսական են լինելու, բայց ոչ ռազմական։

– Ճի՞շտ են լուրերը, որ Իրանը զորք է կուտակել իր սահմանների երկայնքով։

– Այո՛, Իրանը արդեն մի քանի անգամ է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների լարվածությանը զուգահեռ, իր հյուսիսային սահմանների երկայնքով զորք է կուտակում: Կարծում եմ՝ դա հիմնականում անում է իր սահմաններն անառիկ մնալու համար։ Արաքսի հարավային ափն ամբողջությամբ թյուրքալեզու համայնքներ են, որոնց մի մասը էթնիկ-մշակութային կապվածություն ունի սահմանի այն կողմի հարևանների հետ, և դա մտահոգում է կենտրոնական իշխանությանը։

– Սահմանների անխախտելիության մասին Իրանի դիրքորոշումը որքանո՞վ կարող է նպաստել Հայաստանի շահերին։ Հայաստանն ի՞նչ քաղաքականություն վարի, որպեսզի կարողանան այդ դիրքորոշումը օգտագործել ի նպաստ իրեն։

– Իրանի հայտարարությունները Հայաստանի շահերին համընթաց են և նպաստում են մեր դիրքորոշմանը։ Հայաստանի համար շատ կարևոր է, որ իր չորս հարևաններից մեկը նման կտրուկ կեցվածքով հայտարարում է մեր սահմանների անխախտելիության մասին։ Իրանը իսլամական աշխարհի կարևոր դերակատարներից է, և իր հավասարակշռված կեցվածքը մեզ օգնում է նաև, որ չեզոքացնենք Ադրբեջանի հետ ունեցած մեր հիմնահարցին կրոնական երանգ տալու փորձերը։

– Ադրբեջանը կգնա՞ լայնամասշտաբ պատերազմի՝ ըստ ձեզ։

Այս հարցով բավարար ուսումնասիրություն չունեմ, բայց, կարծում եմ՝ միջազգային հանրության ճնշումը նման զարգացումներ թույլ չի տա։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am