«ՄԱԿ-ում Փաշինյանն արձանագրեց, որ իշխանության «խաղաղության դարաշրջանի» կոնցեպտը մեռելածին էր». Սուրեն Սարգսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը

– Պարո՛ն Սարգսյան, ինչպե՞ս եք գնահատում ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթը, որտեղ նա քննադատեց ոչ միայն Ադրբեջանին, այլև որոշ դաշնակիցների։

Ճիշտ եք նկատում, վարչապետի ելույթում, ինչպես նաև վերջին շաբաթների ընթացքում իշխանական քաղաքական ուժերի խոսույթում ակներև երևում են կսմիթներ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, և սրանք, իհարկե, նորություն չեն։

Վարչապետը բազմիցս խոսել է մեր ռազմավարական դաշնակցի դիրքավորման մասին, մանավանդ վերջին սրացումների ֆոնին։ Այնպես որ, ես այստեղ առանձնապես զարմանալի ոչինչ չեմ տեսնում։ Նույն խոսույթն է, ձևակերպվել է և՛ մեր պաշտոնյաների կողմից Հայաստանում, ինչպես նաև արդեն ՄԱԿ-ի ամենաբարձր ամբիոնում վարչապետի կողմից։

– Ինչպե՞ս եք գնահատում ԱՄՆ-ի կողմից եկած մեսիջները, արձագանքը։

– ԱՄՆ-ի կողմից եկող մեսիջները չափազանց կարևոր են, մանավանդ Բլինքենի և Բայդենի ձևակերպումները, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղին։ Սա կարևոր է հասկանալ, որովհետև կարծես թե իշխանությունների խոսույթն էապես տարբերվում է ամերիկյան իշխանությունների խոսույթից։

Եվ զարմանալին այն է, որ ամերիկյան իշխանությունների ձևակերպումները և խոսքերն առավելապես կրում են պրոհայկական բնույթ և առնվազն կարող են Հայաստանի կողմից ճիշտ փաթեթավորմամբ աշխարհին ներկայացնել։ Եվ ցավալի է, որ Հայաստանի իշխանություններն ավելի քիչ հայամետ դիրքավորում ունեն իրենց հայտարարություններում և արտահայտություններում, քան օտար պետությունների ղեկավարները։

Պարո՛ն Սարգսյան, տեսակետ կա, որ հայկական հայտը աշխարհին ներկայացնելու հարմար առիթն ու հարթակն օգտագործելու փոխարեն Փաշինյանը ձեռնամուխ էր եղել ՄԱԿ-ում այն մսխելուն։ Որքանո՞վ է դա այդպես։

– Վարչապետը ՄԱԿ-ում խոսել է այն իրողություններից, որոնք կան, այդ թվում՝ պետք է հաշվի առնենք, որ այդ իրողությունները ձևավորվել են Հայաստանի իշխանությունների կողմից տարվող սխալ քաղաքականության հետևանքով։

Մասնավորապես, ՄԱԿ-ում Փաշինյանն իր ելույթով երեք կարևոր իրողություն արձանագրեց. առաջին՝ իշխանության «խաղաղության դարաշրջանի» կոնցեպտը մեռելածին էր, երկրորդ՝ իշխանությունը տապալել է Հայաստանի պաշտպանության կազմակերպումը, երրորդ՝ իշխանությունը տապալել է դիվանագիտությունն ու բանակցային ողջ գործընթացը:

– Բայդենի կողմից Միրզոյանին հանդիպելը բացառիկ է համարվում։ Ընդհանրապես, Փաշինյանի և Միրզոյանի՝ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումները ինչպե՞ս եք գնահատում։

Բայդենը Միրզոյանի հետ չի հանդիպել, չպետք է ներկայացնել դա որպես հանդիպում։ Բայդենի և Միրզոյանի առանձնազրույցը տևել է ընդամենը 30 վայրկյան։ Ինչ է իրականում տեղի ունեցել․ ընդունելություն է կազմակերպել Միացյալ Նահանգների նախագահը ՄԱԿ ժամանած պատվիրակությունների ղեկավարների համար։

Որպես Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչ՝ գնացել է Արարատ Միրզոյանը և ոչ Նիկոլ Փաշինյանը, և չգիտեմ, թե ինչու է այդպես եղել, բայց ասեմ, որ այդ հանդիպմանը ներկա են եղել շուրջ 150 պետությունների ներկայացուցիչներ, որոնց հերթով դիմավորել և ողջունել է անձամբ Միացյալ Նահանգների նախագահը։ Այնպես որ, Արարատ Միրզոյանի հետ նրա շփումը տևել է 25-30 վայրկյան։

– Պարո՛ն Սարգսյան, ի վերջո մենք կարողացա՞նք հստակեցնել մեր ակնկալիքները ԱՄՆ-ից։

– Ես չեմ կարծում, որ մենք կարողացել ենք հստակեցնել մեր անելիքները Միացյալ Նահագներից, ավելին՝ մենք չգիտենք մեզնից ինչ ակնկալիքներ ունենք, մեր հարևաններից, մեր տարածաշրջանից, մեր գործընկերներից, դաշնակիցներից և իհարկե, նաև գլոբալ խաղացողներից։

– Հայ-ամերիկյան օրակարգը ձախողվա՞ծ է, թե՞ դեռ կարելի է ակնկալել կոնկրետ գործողություններ։

– Միշտ էլ ինչ-որ բաներ կարելի է ակնկալել, նոր օրակարգի ձևավորման անհրաժեշտությունը եթե մենք ճիշտ գնահատենք, որովհետև այսօր օրակարգը այնքան հարուստ չէ, որքան իրականում կարող էր լինել և որքանով պոտենցիալ կա։

Բայց դրա համար անհրաժեշտ է քաղաքական կամք, որը պետք է դրսևորի Հայաստանը, որովհետև գերտերությունների հետ շփումներում սովորաբար փոքր պետություններն են գլոբալ նախաձեռնություններով հանդես գալիս, որոնք կարող են գլոբալ գերտերության կողմից ընդունվել կամ մերժվել, բայց առաջարկներ անողը պետք է մենք լինենք, և եթե մենք կարողանանք այդ առաջարկները ադեկվատ ներկայացնել և հիմնավորել, բնականաբար, կարող ենք ձևավորել նոր  ակտիվ օրակարգ, որը չի պտտվի բացառապես ամերիկյան օգնության կամ ԱՄՆ-ից ստացվող աջակցության տրամաբանության ներքո։

Մանե Հարությունյան

MediaLab.am