«Խաղաղության գաղափարին իհարկե հավատում եմ, բայց ոչ այն խաղաղության, որի մասին խոսում է իշխանությունը». Գագիկ Գինոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ազգագրական պարերի մասնագետ, հասարակական գործիչ, պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը

– Պարո՛ն Գինոսյան, 2020-ի 44-օրյա պատերազմից անցել է երկու տարի, եթե փորձենք վերլուծել՝ ի՞նչ դասեր եղան այդ օրերը մեզ համար, և ինչ ունենք այսօր:

– Շատ դժվար է ասել, որովհետև հիմա էլ նույնն է՝ արդեն թշնամին ներխուժում է Հայաստանի Հանրապետության տարածք և որևէ կերպ չի պատժվում: Եվ դա այն դեպքում, երբ սեպտեմբերի 13-14-ից առաջ Թուրքիան, Ադրբեջանը հայտարարեցին Գյանջայում համատեղ զորավարժություն անցկացնելու մասին: Այնտեղ, որը ընդամենը 70 կմ է հեռու Հայաստանի սահմանից: Ու սա ազդակ չէ մեզ համար, և մենք պատրաստ չենք կռվի:

Բացի այդ, սեպտեմբերի վերջին դեպքերից 2-3 օր առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է պատրաստվածության համար մեկ աստիճանի մասին:

Այդքանից հետո չենք փորձում բարձրաձայնել հասնող վտանգի մասին, աշխարհի ուշադրությունը հրավիրել դրա վրա:

– Այսինքն՝ նկատի ունեք, որ 2020-ի արհավիրքից հետո չկարողացա՞նք պատրաստվել, դասեր չքաղեցի՞նք:

– Գոնե իշխանությունները դասեր չեն քաղել: Եթե դեպքերից 3 օր առաջ Ադրբեջանը պաշտոնապես հայտարարում է, որ պատրաստություն համար մեկ աստիճան է տրված, զինված ուժերը բերված են մարտական պատրաստության, ու մի քանի օր անց 7.5 կմ խորությամբ մտնում են Հայաստանի տարածք, բա որ չհայտարարա՞ծ մտնեին: Ի՞նչ կլիներ Հայաստանի վիճակը, եթե անակնկալ խփեին:

Եթե ինձ հակադարձեք, որ Հայաստանը պատրաստ էր, գիտակցված արձագանք է եղել, ես ձեզ հետ չեմ համաձայնի. բոլոր դիրքերում կորուստներ ունենք, նաև՝ տարածքային, աղաղակող ավերածություններ: Փաստ է, որ մենք հայրենիքի մաս ենք կորցրել, Ջերմուկից թշնամին մի քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում:

– Իսկ ինչո՞ւ պատրաստ չէինք, հնարավորություններ չկա՞ն, թե՞ պարզապես չեն կարողանում:

– Իշխանությունն ինքը պետք է պատասխանի այդ հարցին, քանի որ ես չգիտեմ՝ իրենց մտքին ինչ կա: Պատրաստ չեք, մի ստանձնեք ազգի գոյության պատասխանատվությունը: Կներեք, ամեն մեկը որ գա, որոշի՝ ինքն է տնօրինելու, ասի՝ պատրաստ չէինք, խաղաղություն էինք քարոզում, բայց չստացվեց, մենք պարտվեցինք, բայց մեղավորը մենք չենք և այլն, ո՞ւր կհասնի: Հրապարակեք մեղավորների ցուցակը, իմանանք՝ ով ինչ է արել: Օդում ամպեր պտտեցնելով հո չի:

Ես չեմ կարծում, որ տարածաշրջանի լավագույն ինժեներական միտքն ունեցող ազգը նման վիճակի առաջ կարող էր կանգնել: Ուղղակի ամոթ է այն, որ 2015 թվականին մեծագույն հանճար Կարեն Վարդանյանը հայտարարում էր՝ եկեք ստեղծենք ԱԹՍ-ների բանակ, բայց 2016-ին շարունակում ենք ծաղրել անօդաչուների դերը, իսկ 2020-ին ասում, որ թշնամու օդուժը շատ ավելին էր, քան մերը, դե 2022-ին էլ պատրաստ չլինե՞լ, երբ քո մտավոր ներուժը տասնապատիկ ավելի է, քան ադրբեջանցունը:

– Գուցե գերագնահատվա՞ծ է այդ մտավոր ներուժը:

– Դուք երբևէ հետաքրքրվե՞լ եք՝ ինչու ադրբեջանցին ունի, թեկուզ ոչ իր ստեղծած «Բայրաքթար», իսկ Հայաստանը չունի «Կարեն Վարդանյան» անունով անօդաչու: Ընդ որում, իրենց անօդաչուների բոլոր մասերը բերվում են դրսից, նույնիսկ՝ մասնագետները: Բայց իրենք դա կարողանում են անել, իսկ մենք չենք կարողանում: Հիշեք՝ 2020-ի զոհերի գերակշիռ մասը անօդաչու սարքերից էին: Մենք ջանք չենք թափում օդը փակել, անգամ եթե ռուսը, ամերիկացին մեզ չեն վաճառում:

Այսքան ժամանակ մենք ուղղակի արձանագրում ենք, որ նրանք օդուժով հաղթում են: Թուրքը կարողանում է, մենք չենք կարողանում: Սա ծաղր է մեր ամբողջ ազգի հանդեպ:

Ես կասեի՝ ոչ թե հայը չի կարողանում, այլ մենք ունենք ապիկար իշխանություն կամ չուզող իշխանություն, որը խաղալիք է ինչ-որ մեկի ձեռքին:

– Իշխանությունն ու դրա առանձին ներկայացուցիչներ պարբերաբար խոսում են խաղաղության դարաշրջան բացելու գաղափարի իրականացան մասին: Դուք հավատո՞ւմ եք դրա իրականացմանը:

– Իհարկե հավատում եմ: Բայց ոչ այն խաղաղությանը, որի մասին խոսում է իշխանությունը, նրանք աղերսում են այդ խաղաղությունը: Նժդեհն ասում էր. «Ընկեցիկին, մուրացիկին և անկյալին անկելանոց են նվիրում և ոչ խաղաղ հայրենիք»:

Այդ մարդիկ, որոնք խաղաղություն են քարոզում, իրենք չեն հավատում, որովհետև գորշ գայլի և բորենու միջև դողացող սրտով, դողացող վերջույթներով նստած նապաստակը չի կարող խաղաղություն քարոզել, նա ընդամենը աղերսում է խաղաղություն:

Ես գիտեմ Նժդեհի բանաձևը՝ ինչպես են վաստակում խաղաղություն: Նա ասում էր՝ ուզում եք ներել թուրքին, նախ հաղթեք: Այո՛, հնարավոր է խաղաղություն, եթե մենք այնքան հնարամիտ լինենք, որ հաղթող զորք, ուժեղ բանակ ստեղծենք և մի օր կարողանանք մեր բանակը բերել այն վիճակին, որ ինքը կջախջախի թուրքին էլ, ադրբեջանցուն էլ: Պետք լինի՝ ռուսին էլ: Ինչպես Նժդեհն էր վարվում: Ով կգա հայրենիքի վրա, պետք է ընկնի:

Եթե ուզում եք խաղաղություն, դարձեք էնպիսին, որը ստիպում է խաղաղություն, պարտադրում է, որովհետև ուժեղի արգասիքն է խաղաղությունը: Ներելը թույլի քծնանքն է:

Այն, ինչ այսօրվա իշխանությունն անում է, վստահաբար պետք է ասեմ՝ խաղաղության կոչ չէ, աղերս է, և դա խաղաղություն չէ, այլ ստրկության փաստաթուղթ՝ ընդամենը չկոտորվելու, մեր տարածք չներխուժելու մասին: Դա ինքնախաբեություն է, կամ ազգին են խաբում:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am