Մեր կողքին ապրող մարդիկ. Տիտանը

2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ 26-ամյա ռազմական բժիշկ Տիտան Ասատրյանը Շուշիից դուրս եկած վերջին մարդկանցից մեկն է: Տիտանի հետ հանդիպեցինք պատերազմից երկու տարի անց, երբ նա արդեն չի ծառայում բանակում, և երբ «պատերազմ» բառը մեզանում վախենալու չափ սովորական է դառնում։ 

Նախկին ռազմական բժիշկը նոր է վերադարձել ԱՄՆ-ի Տեխաս նահանգում տեղակայված ԱՄՆ զինված ուժերի բժշկական գերազանցության կենտրոնի (ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության համարժեքն է) կապիտանների կարիերայի դպրոցից, որտեղ սովորել է «Բուժծառայության կազմակերպում, մարտավարություն և առաջնորդություն»։

Պատերազմի ավարտից մի քանի ամիս էր անցել, երբ հանդիպեցի Տիտան Ասատրյանի հետ: Սպիտակ մարզական վերնազգեստն ու դեմքի գույնը ձուլվել էին իրար՝ գունատ էր ու մի քիչ ընկճված: Երկու տարի է անցել այդ օրից, որից հետո շատ բան է փոխվել բոլորիս կյանքում, իսկ նրա կյանքում՝ ընդհուպ բանակից դուրս գալ։ 

Միայն մի բան է հստակ՝ ինքը բժիշկ է, բայց հիմա արդեն հանրային առողջության ոլորտն է հետաքրքրում։ Երկու Տիտանների՝ երկու տարվա ընդմիջման միջև մի մեծ սահմանաբաժան կա՝ աշխարհընկալման, մոտեցման, անգամ՝ հուզականության: Կռվից հետո հայրենիքի հանդեպ սերը սկսել է քննարկման առարկա դարձնել, չափել, սահման դնել, հայրենիքի համար զոհվելն ու ապրելը գցել-բռնել: 

Ռազմական ուսապարկ հիշեցնող պայուսակով է եկել հանդիպման, որի մեջ մարզվելու պարագաներն են: Կատակում եմ, թե մեկ է՝ ոչ մի կերպ չի ուզում հրաժարվել ռազմական աքսեսուարներից անգամ առօրյա կյանքում։ 

ԱՄՆ-ում զինվորական ծառայություն անցնելուց հետո սկսել է ուշադիր լինել մարմնի հանդեպ, հոգ տանել ու գնահատել: Մեր պատկերացրած, տեսած ռազմական բժիշկների կերպարի մեջ Տիտանը ոչ մի կերպ չի տեղավորվում՝ մարզված է, հագուկապը՝ ժամանակակից, անգամ՝ թինեյջերական, սանրվածքը՝ առավել քան թրենդային: 

Տիտանի մեջ մի պարզ ու մաքուր բան կա, որ հաճախ կարելի է տեսնել միայն երեխաների մեջ, ինչը դժվարացնում է հավատալ անցյալում նրա հետ կատարված իրողությանը՝ ընդամենը 26 տարեկանում լինել ռազմական բժիշկ, այն էլ՝ պատերազմի ժամանակ։ 

Հիմա մենք հանգիստ նստած սրճում ենք, ու եթե չլինեն մեր՝ մերթ-մերթ բորբոքված հիշողությունները, տաք աշունը մոռանալ կտա թե՛ պատերազմը, թե՛ մեր դժվարամարս ներկան։ Մենք որոշել ենք պատերազմից չխոսել, նախ՝ որովհետև արդեն չգիտենք էլ ո՛ր մեկից սկսել, երկրորդ՝ որովհետև ուզում ենք ապրելուց խոսել, իսկ «պատերազմ» ու «ապրել» բառերը դժվար համատեղելի են անգամ այն դեպքում, երբ մյուսները զոհվում են հանուն մեր ապրելու։ Տիտանի համար պատերազմը շարունակվող, կենցաղի անբաժան մասը դարձած երևույթ է, որը նրա կենսակերպի մի մասն է՝ այնքա՜ն սովորական ու առօրյա։ 

«Թշնամու ամեն հարձակում յուրաքանչյուրիս պետք է հիշեցնի, որ մեր ամենօրյա կյանքը պետք է իմաստ ունենա։ Մեր ոչ մի օր հերթականը չպետք է լինի, իրավունք չունենք հերթական օր ապրել։ Մենք պիտի աշխատենք սահմանել բարձր նշաձողեր ու, հա՛, ոտք մեկնել աշխարհի հետ։ Դու նկատե՞լ ես, որ մենք՝ որպես ազգ, միշտ խեղճացած ենք մեզ որևէ հզոր պետության հետ համեմատելու համար։ Հզոր երկրի վրա հարձակվելու համար երկա՜ր, շա՜տ երկար են մտածում, ու չափազանց մեծ հանդգնություն պիտի ունենալ անգամ մտածելու մասին»։ 

Գիտեմ, որ պատերազմի ժամանակ Տիտանը օրագիր էր պահում, որտեղ մի էջին գրի էր առնում տեղի ունեցածը, մյուսին՝ յուղաներկով ու գուաշով նկարում։ Նրա արած աշխատանքները Ֆեյսբուքում եմ տեսել, հանդիպման ժամանակ ցույց տվեց մի քանի գործ։ 

Նկարով գրելու ու արտահայտվելու կերպը փոխվել է․ եթե պատերազմից առաջ նրա արած կերպարները բավական դրական հույզեր են փոխանցում, ապա պատերազմի ընթացքում, երբ նա հանգստի մի քանի հազվագյուտ րոպեներ էր ունենում ու դա նվիրում ոչ թե քնին, այլ նկարելուն, մոխրագույն են, մի քիչ էլ՝ հուսահատեցնող, բայց դա էլ է ժամանակավոր։ Հարցնում եմ՝ գրածներդ կարդացե՞լ ես, պատասխանում է, որ չի փորձել, բայց գուցե արժի։ 

«Որոշեցի իմ մեջ ուժ գտնել ու վերընթերցել երկու տարի առաջ ինքս ինձ ուղղված նամակը։ Կյանքում շատ Շուշիներ կան, միշտ պետք է նպատակ դնել, սառնասիրտ լինել, գնալ առաջ․․․ դու վերածնվել ես.․․ դա պետք է իմաստ ունենա։ Այսպես եմ գրել, ու սա այն քիչ մտքերից է, որի հետ մինչև օրս համամիտ եմ։

Ամեն մի հայ պետք է մտածի աշխարհահռչակ լինելու մասին, դա միակ ձևն է մեր երկիրը ուժեղացնելու։ Պատկերացրու՝ մեր մեջ ծնվում են մարդիկ, որոնցից ամեն մեկն ունի մեծ երազանք, ամեն մեկն ունի այս երկրի անունը աշխարհով թնդացնելու կամք, մեզ ո՞վ կարող է բան ասել, ո՞վ կարող է հանդգնել»։ 

Տիտանը հազիվ է փրկվել պատերազմի ժամանակ։ Մի պահ անգամ ցանկացել է մոր հետ խոսել, բայց հիշել է, որ իր զինվորներից մեկը մահվանից առաջ զանգել էր մորը, ու որոշել էր, որ եթե ինքն էլ զանգի, ուրեմն հրաժեշտ է տալիս։ Նա չի ուզում հենց այնպես փրկված լինել․ եթե կարողացել է հաղթել պատերազմին, ուրեմն մի վայրկյան էլ իրավունք չունի ձեռքերը ծալած նստել, պիտի անդադար առաջ շարժվել ու գրավել աշխարհը։ Վերջին արտահայտությունը փոքր-ինչ հռետորական է հնչում, բայց ամեն բան սկսվում է երազանքներից, որոնց վրա երբեմն ուրիշները, որ երազել չեն համարձակվել, չարախնդում են։ 

«Գիտե՞ս՝ ԱՄՆ-ում ինչ եմ սովորել, մի բան, որ չկար մեր բանակում: Ցանկացած հարց, որ վերաբերում է ռազմական ոլորտին, այնտեղ քննարկվում է նախապես: Նրանք մի արտահայտություն ունեն՝ ոչ թե արձագանքել իրավիճակին, այլ նախարձագանքել։ 

Ուզում եմ, որ մենք էլ սովորենք սա, հարյուր քայլ առաջ արդեն կանխատեսենք, թե ի՞նչ կարող է լինել։ Մենք այնպիսի տարածաշրջանում ենք ապրում, որ դա պարտադիր է, դա հրամայական է»: 

Մարդիկ ջրբաժան են ստեղծել միմյանց միջև՝ խոր, անհատակ ջրբաժան: Տիտանը ընկերներ ունի, որոնց հետ քաղաքական հայացքները կարող են չհամընկնել, բայց դա երբևէ չի կարող ազդել իրական հարաբերությունների վրա: Այնինչ բակերից սկսած մինչև դպրոցներ տեսնում է մարդկանց, որոնք ընկերությունն էլ կարող են ոտնատակ տալ հանուն քաղաքական հայացքների։ 

«Մենք ընդամենը մեկ հարցում պետք է նույն կերպ մտածենք՝ հզոր պետություն ունենալու, մնացած դեպքերում ամեն մեկս կարող ենք տարբեր կարծիքներ ունենալ»։ 

Բանակում մի բան է հասկացել՝ ամեն մարդու չպետք է շնորհել պաշտոն և ուրիշների վրա ազդեցություն ունենալու կարողություն։ Ծանր պատասխանատվություն է գիտակցել, որ քո անձնական շահերն էլ հաճախ ստիպված ես լինելու մի կողմ դնել հանուն ուրիշների, ամեն մարդու բան չէ պաշտոնը։ «Հանուն» բառը լիքը ծառայողներ չեն հասկանում, հետևաբար չափազանց զգույշ պետք է լինել հատկապես ռազմական ոլորտի պատասխանատուներ ընտրելիս։ 

Նա գիտի, որ ամենադժվարը նաև սառնասիրտ ու աչալուրջ մնալն է, երբ պատերազմ է, երբ չգիտես՝ որ մեկին փրկել։ Հիշում է, որ առաջնագծում թեժ մարտ էր, ու տեսավ, որ մի մարդ գոռում է՝ բժի՜շկ, փրկի տղուս, անգամ չգիտեր՝ իր որդի՞ն էր, թե՞ պարզապես դիմելաձև էր։ Արագ հեռացրել է, խոստացել, որ կփրկի, եթե այլևս չխանգարի, գոռոցներով ոչ մեկին չես օգնի։ Տղային փրկել են կյանքի գնով․․․

«Պատերազմում դժվար է բացատրել, որ դու էլ ես մարդ, դու էլ զգացմունքներ ունես, որ դու էլ ես նայում վիրավոր զինվորներին ու մտածում, որ ամեն մեկը պիտի տուն վերադառնա։ Պատերազմում դժվար է նաև գիտակցել, որ մենք՝ հայերս, ծայրահեղությունից ծայրահեղություն ենք։ Մեր մեջ ծայրահեղ խիզախներն ու նվիրվյալներն են, նույն տեղում՝ ծայրահեղ թուլամորթներն ու տգետները»։ 

Տիտանը սկսել է առավել հաճախ ինքն իրեն հարց տալ՝ իսկ հայրենիքի համար զոհվո՞ւմ են, թե՞ ապրում։ Մարդը, որը գնացել է ու պատահական զոհվել, այսօր ավելի հերոս է, քան այն մարդը, որը ոտքով-ձեռքով հետ է եկել։ 

«Տպավորություն է, թե մեղավոր եմ հետ գալուս համար»։ 

Դժվա՛ր է, ծանր է չկարողանալ տուն վերադարձնել բոլորին, բայց պատերազմն արդարացնում է բոլորին տուն չվերադարձնելու ծանր բեռը։ Տիտանն ասում է, որ երբ ինքն ու խիղճը օրագրի էջերում հանդիպում են, պարզ ու բաց է նայում նրա աչքերին, որովհետև ամեն ինչ արել է, որ տուն դառնան։ 

Կուշանե Չոբանյան

Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյան

MediaLab.am