«Թուրքիան չունի այն շահագրգռությունը, ինչ ունեն Հայաստանի իշխանությունները հարաբերությունների կարգավորման հարցում». Անդրանիկ Իսպիրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը

– Պարո՛ն Իսպիրյան, Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը A Haber-ին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց կա, որ «Փաշինյանը լավ է տանում այս գործընթացը՝ չնայած սփյուռքի հակազդեցությանը և ճնշումներին»: Ձեր գնահատմամբ՝ իսկապե՞ս թուրքական կողմը հիացած է հայկական կողմի կատարած աշխատանքներով հարաբերությունների կարգավորման գործընթացում, թե՞ նման հայտարարությունները դիվանագիտական նպատակով են արվում:

– Հարցազրույցին հետևել եմ ու կարող եմ ասել, որ ադեկվատ հարցազրույց էր, ասաց այն, ինչ կա իրականում: Ընդհանուր հարցազրույցից հինգ րոպեն էր, որ անդրադարձ կատարվեց հայ-թուրքական հարաբերություններին՝ լրագրողի հարցին ի պատասխան, ես ուզում եմ մեջբերել լրագրողի հարցը, որովհետև մեր մամուլում այն տեղ չգտավ, բայց ուշագրավ էր:

Լրագրողը հարցը ձևակերպեց այսպես. «Հայաստանի իշխանությունները ջերմորեն փորձում են հարաբերությունները կարգավորել, իսկ Թուրքիան որևէ ժեստ չի՞ ուզում անել Հայաստանի նկատմամբ»:

Մամուլի խոսնակը, բնականաբար, թուրքական դիվանագիտությանը համապատասխան, սկսեց այլ բաների մասին խոսել, Հայաստանի վարչապետի հասցեին գովեստի խոսք ասաց, որ «չնայած ինքն ունի ներսում ընդդիմադիրներ, որոնք դեմ են հարաբերությունների կարգավորմանը, վարչապետին ճնշում են սփյուռքից, որ Թուրքիայի հետ առանց նախապայմանների պետք չէ բանակցել, բայց ինքը, չնայած դրան, կարողանում է առաջ գնալ ու Թուրքիայի հետ հարաբերությունների գործընթացում առաջընթաց կա»:

Հետաքրքրական է հարցազրույցի այս հատվածը, որովհետև փաստացի Թուրքիան համապատասխան չի արձագանքում Հայաստանի իշխանությունների նախաձեռնություններին: Նախագահի խոսնակը ևս կրկին ընդգծեց, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն ուղիղ կապ ունի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ, որքան էլ փորձեն դա ներկայացնել որպես առանձին գործընթացներ, սրանով փորձեց լրագրողին հասկացնել, որ Թուրքիան իմաստ չի տեսնում Հայաստանի նկատմամբ որևէ ժեստ անելու՝ անկախ նրանից, որ գնահատում է վարչապետի անկեղծությունը այս գործընթացում ներդրած ջանքերի համար:

– Այսինքն՝ թուրք լրագրողի ասած ժեստը կլինի այն ժամանակ, երբ Ադրբեջանի հետ Հայաստանը կարգավորի՞ իր հարաբերությունները:

– Դա ժեստ չի լինի, դա կլինի գործընթացի տրամաբանական շարունակություն, ժեստ կլիներ, երբ Թուրքիան ուղղակի բացեր սահմանը, ինչպես փակել է:

– Կարո՞ղ ենք եզրակացնել, որ Թուրքիան այնքան էլ շահագրգռված չէ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ՝ ի տարբերություն վերջինիս:

– Բնականաբար, Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում չունի այն շահագրգռությունը, ինչ ունեն ՀՀ իշխանությունները, սա ի սկզբանե է եղել: Եթե շահագրգռություն ունենար, վաղուց սահմանը բացած կլիներ, դեռևս հարաբերությունների կարգավորման առաջին փորձի ժամանակ:

Կրկնում եմ՝ Թուրքիան սահման չի բացի, որովհետև այս հարաբերությունների կարգավորումը ևս ընթանում է նախապայմաններով, որքան էլ կողմերը հակառակն են հայտարարում: Այս գործընթացում փաստացի որևէ առաջընթաց չկա, բացի հանդիպումներից ու զրույցներից, այլ առաջընթաց չկա: Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը նաև շեշտեց, որ սահմանի բացումը պետք է հենց Հայաստանին, թեև ես չեմ կարծում, որ Հայաստանին այսօր պետք է, դա պետք է Թուրքիային ու Ադրբեջանին, բայց Թուրքիան, տեսնելով, որ Հայաստանը տրամադրված է հարաբերությունների արագ կարգավորմանը, փորձում է դրա դիմաց ստանալ մաքսիմումը:

Պարո՛ն Իսպիրյան, իսկ հայկական կողմի այդ տրամադրվածությունն ինչո՞վ է պայմանավորված, ի՞նչ էական բան է տալու Հայաստանին Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը:

– Հարաբերությունների կարգավորման նախորդ փորձի ժամանակ մասնագետները, տնտեսագետները, քաղաքագետներն ու այլք հաշվարկում էին Հայաստանի օգուտներն ու վնասները Թուրքիայի հետ սահմանի բացումից: Դեռ այն ժամանակվանից թմբկահարվում է տնտեսական գործոնը, բայց դեռ այն ժամանակ մասնագետները չստացան այնպիսի արդյունք, որի համար արժեր գնալ սահմանի բացմանը, այսինքն՝ տնտեսական էֆեկտը սպասվածից քիչ էր, երբ հաշվարկներն արվեցին: Իհարկե նորմալ է, որ բոլոր հարևանների հետ ունես բաց սահմաններ, բայց այսօր, երբ պատերազմում կրած պարտությունից հետո մենք բավականին ծանր վիճակում ենք, բավականին վտանգավոր է թուրքական ազդեցության մեծացումը Հայաստանում բոլոր առումներով:

Թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է պնդել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի կյանքի կոչման անհրաժեշտությունը, ինչին համառորեն հակադարձում են Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները, երեկ արտգործնախարար Արարատ Միրզոյանը կրկին նշեց, որ այդ մասին խոսք լինել չի կարող, որ չկա նման պայմանավորվածություն…

– Թուրքական կողմն այդ թեման մշտապես արծարծում է թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ ու ընդհանրապես: Ես հուսով եմ, որ դա իրականություն չի դառնա, ու իշխանություններին կհաջողվի կանխել նման սցենարի իրականացումը հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով:

Բայց այդ հայտարարությունները, որոնք արվում են թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից՝ չնայած հայկական կողմի հերքումներին, ի՞նչ նպատակ են հետապնդում:

– Շատ բաներ կան, որոնք նոյեմբերի 9-ի հայտարարությունում չկան, բայց նրանք, տեսնելով հայկական կողմի թույլ վիճակը, օգտվում են առիթից ու փորձում են ստանալ մաքսիմումը: Անընդհատ արվող հայտարարություններով փորձում են ճնշում բանեցնել, սահմանային ագրեսիաներով ճնշումը մեծացնել ու ստանալ իրենց ուզածը:

Բայց պետք է նկատի ունենալ, որ թուրքին որքան զիջես, այնքան ինքը պահանջելու է, կանգնելու է միայն այն ժամանակ, երբ ուղիղ հարվածես դեմքին, թուրքին կանգնեցնելու այլ տարբերակ չկա, զիջելով՝ ուղղակի հանձնելու ես լրիվ, ինչքան զիջես, այնքան առաջ է գալու:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am