«Զատուլինի տիպի մարդկանց Հայաստանի ներսում են թևեր տալիս, այդ թևեր տվողների թևերը պետք է ջարդել, որպեսզի այդ մարդիկ Հայաստանի ներսից չսնուցվեն». Նորայր Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանը

Պարո՛ն Նորիկյան, երեկվանից ակտիվ քննարկվում է ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելելու մասին լուրը: Զատուլինն ասել էր, որ այդ մասին ինքը տեղեկացել է նամակի միջոցով, որը ստացել է ՀՀ ԱԺ արտաքին կապերի վարչության պետից: Այս մասով իրավական գնահատական եմ խնդրում, խորհրդարանն ունի՞ նման լիազորություններ:

– Հայաստանի տարածք մուտքի վիզայի տրամադրման, մերժման, չեղարկման իրավակարգավորումները կարգավորված են «Օտարերկրացիների մասին» օրենքով: Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի Գ և Զ ենթակետերի համաձայն՝ օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) մերժվում է, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչվում կամ մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվում է, եթե՝ գ) գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է՝

1. վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը,

2. իրականացնել ահաբեկչական գործունեություն,

3. սահմանով ապօրինաբար (առանց համապատասխան թույլտվության) տեղափոխել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրանյութեր, հոգեներգործուն նյութեր կամ

4. իրականացնել մարդու թրաֆիքինգ կամ շահագործում, պետական սահմանի ապօրինի հատում կամ անօրինական միգրացիայի կազմակերպում: Զ) Գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ:

Միայն այս վավերապայմանների առկայության դեպքում է հնարավոր իրավասու մարմնի կողմից արգելել օտարերկրացու մուտքը Հայաստանի տարածք: Այդ իրավասու մարմինը ոչ թե Ազգային ժողովն է, այլ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, որը նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ սույն հոդվածի 1-3-րդ մասերում նշված անձանց մասին տվյալները ներառում է ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկ:

Դատելով մամուլում հրապարակվող տեղեկություններից՝ կարող եմ արձանագրել, որ Զատուլինի՝ Հայաստանի  մուտքի վիզայի տրամադրման արգելքը կարող է լինել բացառապես վերը նշված հոդվածներով պայմանավորված, որովհետև նույն օրենքի տրամաբանությամբ, այդ իրավակարգավորումները պարզապես վերաբերելի չեն այդ անձին:

Ինչ վերաբերում է նրան անցանկալի անձ (persona non grata) ճանաչելուն, ապա հարկ եմ համարում ընդգծել, որ «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի տրամաբանության լույսի ներքո անցանկալի անձ կարող է հայտարարվել Հայաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնող որևէ օտարերկրյա պետության աշխատակից։

Հետևաբար, վերը նշվածի հիմքով՝ Կ․ Զատուլինը հայտարարվել է ոչ թե անցանկալի անձ (persona non grata), այլ՝ որպես օտարերկրացի, նրա մուտքը արգելվել է Հայաստանի տարածք, քանի որ նա Հայաստանում դիվանագիտական գործունեություն չի իրականացնում։

Ազգային ժողովը նման իրավասություն չունի, ենթադրում եմ, որ ԱԺ համապատասխան վարչության պետի կողմից ծանուցվել է Զատուլինը, բայց կոնկրետ մուտքի արգելք տրամադրող սուբյեկտը ոչ թե խորհրդարանն է, այլ ԱԱԾ-ն:

Իսկ ձեր քաղաքական գնահատականը ո՞րն է:

– Մեզ որևէ արդյունք չի տալու այս հակաարևմտյան և հակառուսական հիստերիան: Պետք է առաջնորդվենք հետևյալ տրամաբանությամբ՝ որևէ որոշում բխո՞ւմ է Հայաստանի պետական շահերից: Եթե որևէ անձ վտանգում է Հայաստանի ինքնիշխանությունը, պետականությունը, միանշանակ պետք է ոչ միայն նրա մուտքն արգելել, այլև նրա գործունեությունը, բայց ես ակնկալում եմ, որ պետք է տրվեր սպառիչ հիմնավորում, որ որևէ մեկի մոտ որևէ կասկած չմնա:

Կոնկրետ Զատուլինի մասով չեմ կարծում, որ պետք է ֆետիշացնել այս ամենը, կարծում եմ, որ սա չի կարող այնքան մեծ ազդեցություն ունենալ Հայաստան-Ռուսաստան ներկա հարաբերությունների վրա, առավելևս՝ երբ հիմա նայում ենք, Ռուսաստանից եկող արձագանքները կա՛մ աննշան են, կա՛մ ընդհանրապես չկան:

Մենք պետք է չափից դուրս հավասարակշիռ քաղաքականություն վարենք, իհարկե, վտանգի դեպքում պետության խնդիրն է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, բայց, կրկնում եմ, որ այդպիսի որոշում կայացնողները պետք է հավելյալ տեղեկատվություն տրամադրեն նպատակահարմարության, պահի ճիշտ ընտրության և անխոցելի հիմքերի մասին:

Պարո՛ն Նորիկյան, իսկ այն պատճառաբանությունը, որով արգելել են Զատուլինի մուտքը Հայաստան, որքանո՞վ եք հիմնավոր համարում:

– Կարծում եմ, որ Հայաստանի իշխանություններին մեղադրողը, դատափետողը հայ ժողովուրդն է, Հայաստանի քաղաքացին է: Որքան էլ հարգանք ունենանք օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ, այնուամենայնիվ, դիվանագիտական էթիկա գոյություն ունի, ու որևէ օտարերկրացու հարիր չէ, որ բնութագրումներ տա Հայաստանի որևէ իշխանության վարքագծին: Հայաստանը որբի գլուխ չէ, որ ով ուզենա, Հայաստանին դասեր տա, անկախ նրանից, թե ով է իմ երկրի ղեկավարը:

Բայց մեկ ուրիշ բան ասեմ. այդ տիպի մարդկանց Հայաստանի ներսում են թևեր տալիս, այդ թևեր տվողների թևերը պետք է ջարդել, որպեսզի այդ մարդիկ Հայաստանի ներսից չսնուցվեն:

Օրինակ՝ Զատուլինին ո՞վ կամ ովքե՞ր էին թևեր տալիս:

– Հայտնի շրջանակներ, ընդհանրապես, բոլոր քաղաքական ուժերն ու անհատները, որոնք սպասարկում են օտարերկրյա պետության շահ, նսեմացնում են մեր ինքնիշխանությունը, ինձ համար ուղղակիորեն քաղաքական աղբանոցում հայտնվելու ենթակա սուբյեկտներ են, ով ուզում է լինի:

Պարո՛ն Նորիկյան, իսկ նորմա՞լ է, որ նման տեղեկությունը  Հայաստանում իմացվում է վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակից»:

– Անկեղծ ասած, ես դրանում հավելյալ հնչեղություն հաղորդելու ենթատեքստ եմ տեսնում, որովհետև վերջին շրջանում «Հայկական ժամանակը» դարձել է այսպես կոչված հավաստի աղբյուր՝ տեղեկատվություն տարածելու առումով՝ դրանով հավելյալ ուշադրություն հրավիրելով իր վրա:

Ինձ համար կարևորը բովանդակությունն է. բովանդակային առումով Հայաստանն ի՞նչ խնդիր է լուծել, արդյոք այս որոշումները կայացվում են Հայաստանի պետական շահը հաշվի առնելո՞վ՝ կարևորը սա է: Ես ակնկալում եմ հիմնավորումներ լսել, կոնկրետ գործողություններ թող մատնանշեն:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am