«Կարող ենք կանգնել փաստի առաջ՝ հերթական ռազմական ագրեսիայի տեսքով, եթե Ալիևը տեսնի, որ Արևմուտքի արձագանքը սուր չէ». Անդրիաս Ղուկասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը

Պարո՛ն Ղուկասյան, Իլհամ Ալիևը հայտարարել է, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը չի կայանա, որովհետև Նիկոլ Փաշինյանը համաձայն է այդ հանդիպմանը՝ պայմանով, որ Ֆրանսիայի նախագահը ներկա լինի, ինչին դեմ է Ալիևը: ՀՀ արտգործնախարարությունն էլ ի պատասխան ասել է, որ Հայաստանը պատրաստ է հանդիպելու դեկտեմբերի 7-ին՝ նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների ու ձևաչափի համաձայն: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:

– Ըստ էության տապալվեց կողմերի հանդիպումը Բրյուսելում, ու Ադրբեջանը հիմա փորձում է հասկանալ՝ կարո՞ղ է ինքն այդ հանգամանքը, որ Հայաստանը այդ հանդիպման կայացման համար առաջ է քաշել նախապայման, ստեղծելով խնդիր՝ օգտագործել հերթական ռազմական էսկալացիան կազմակերպելու և հիմնավորելու համար:

Մյուս կողմից՝ տեսանք, որ ՀԱՊԿ գագաթնաժողովը Ադրբեջանին տալիս է վստահություն, որ իր թիկունքին լինելու է նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի լուռ համաձայնությունը: Հիմա խնդիրն այն է, թե ինչպես կարձագանքի Արևմուտքը, եթե Ալիևը տեսնի, որ այդ արձագանքը սուր չէ, մենք կարող ենք կանգնել փաստի առաջ՝ հերթական ռազմական ագրեսիայի տեսքով:

Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը, ինչպես ասում է Իլհամ Ալիևը, նման նախապայման առաջադրել, ի՞նչ էր տալու Մակրոնի ներկայությունը:

– Ես Հայաստանի իշխանությունների ու Ռուսաստանի ղեկավարության գործողությունները միշտ համատեղ եմ դիտարկում: Ե՛վ Ռուսաստանի, և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի իշխանությունների շահն էր տապալել բրյուսելյան հանդիպումը: Հայաստանը կտրուկ դեմ է միջազգային խաղաղարար ուժերի տեղակայմանը Արցախում, Ադրբեջանը ևս երջանիկ չէ Արևմուտքի պահանջներից՝ դուրս բերել ադրբեջանական ու ռուսական զորքերը Արցախի տարածքից: Այստեղ համատեղ դիվանագիտական խաղ է գնացել, որում Հայաստանն առաջ է քաշել նախապայման, որից հրաժարվել է Իլհամ Ալիևը, ու կարծես ամեն ինչ պտտվում է Մակրոնի անձի շուրջը:

Սա ևս Ռուսաստանի գիծն է, որը Մակրոնին համարում է սադրիչ պետություն արցախյան հարցում: Պատերազմի սպառնալիքը գործիք է, որը որպես շանտաժ կիրառում են Ռուսաստանն ու Ադրբեջանը դիվանագիտական հակամարտության մեջ: Թե դեպի ո՛ւր կգնան զարգացումները, էապես կախված է ԱՄՆ-ի, Եվրամիության և Ֆրանսիայի դիրքորոշումներից:

Բոլորը հասկանում են, որ Հայաստանի իշխանությունները գործում են Ռուսաստանի պատվերով, որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձում է դա քողարկել, բայց տեսանք, որ նույնիսկ ՀԱՊԿ գագաթնաժողովում Լուկաշենկոն ուղիղ բացահայտեց, որ Նիկոլ Փաշինյանը լիովին համաձայն է, որ ՀԱՊԿ-ը պետք է ՆԱՏՕ-ի դեմ համատեղ քաղաքականություն իրականացնի, ու տեղ չթողեց Նիկոլ Փաշինյանին երկու տախտակի վրա խաղալ:

Իհարկե Փաշինյանը կուզեր պահպանել այդ հնարավորությունը, բայց իր ռուս ու բելառուս գործընկերները չեն թողնում այդ հնարավորությունը, նա պետք է բացահայտ կանգնի Կրեմլի կողքին ու մինչև վերջ գնա այդ ճանապարհով, ու, ինչպես Լուկաշենկոն ասաց՝ մնա փլատակների տակ, Լուկաշենկոյի հետ միասին:

Կողմերը կարող են գնալ դասական ճանապարհով՝ իրավիճակի սրման: Հիմա շատ դժվար է հաշվարկել՝ ինչ դասավորություն կստեղծվի, ես անձամբ կանխատեսում էի, որ Բրյուսելի հանդիպումը տապալվելու է, բայց ի՛նչ է լինելու դրանից հետո, հիմա կանխատեսել շատ դժվար է, էապես դժվար է կանխատեսել Արևմուտքի քայլերը:

Պարո՛ն Ղուկասյան, ձեր խոսքից ստացվում է, որ Ադրբեջանի ղեկավարը և՞ս ռուսական կողմի համաձայնությամբ է հրաժարվել Նիկոլ Փաշինյանի առաջարկից:

– Իհարկե, Ադրբեջանի, Ռուսաստանի, Հայաստանի ղեկավարությունները մեկ քաղաքական թիմ են, որը գործում է համատեղ, համաձայնեցնելով միմյանց հետ բոլոր քայլերը, այդ թվում՝ ռազմական հարձակումները:

– Իլհամ Ալիևը նաև հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքի» կայացման հարցում իրենց չեն կարող խանգարել ինչպես Հայաստանը, այնպես էլ Իրանը: Որքանո՞վ է իրատեսական Ալիևի այս հայտարարությունը:

– Իմ կարծիքով՝ դա բլեֆ է: Իրանը որևէ դերակատարություն չի կարող ունենալ, Իրանի հոգևոր ղեկավարությանը բնորոշ է կտրուկ ու ամպագոռգոռ հայտարարություններով լի արտաքին քաղաքականությունը, բայց իրենք գործնականում չունեն հնարավորություններ անել այն, ինչ հայտարարում են:

Չնայած ասացիք, որ դժվար է կանխատեսել՝ Արևմուտքն ինչ դիրքորոշում կորդեգրի, բայց նկատի ունենալով վերջին իրադարձությունները, Հայաստանի իշխանությունների գործողությունները, Արևմուտքն ավելի շատ հակված է օգնելո՞ւ Հայաստանին, թե՞ ընդհակառակը:

– Արևմուտքը Ռուսաստանին դիտարկում է որպես թշնամու, մեզ՝ որպես Ռուսաստանի դաշնակցի: Նիկոլ Փաշինյանի անձնական խնդիրն այն էր, որ տպավորություն ստեղծեր, թե ինքը հլու-հնազանդ ու հավատարիմ կարգադրություններ կատարող գործիչ չէ Մոսկվայի համար, որպեսզի իր համար ինչ-որ միջանցք բացեր Ռուսաստանի փլուզումից հետո՝ փլատակների տակ չմնալու համար: Հիմա կարևոր խնդիրը դա է, որ հուզում է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին:

Փաշինյանը համարում է, որ ինքն ունի բավարար ռեսուրսներ, որպեսզի փլատակների տակ չմնա, այսինքն՝ իր անձնական շահը դա է, իսկ Արևմուտքը վերջնագիր է ներկայացրել Ադրբեջանին ու Հայաստանին, պահանջելով, որ Արցախի նկատմամբ անվտանգության մանդատը Ռուսաստանից փոխանցվի Ֆրանսիային, ինչի հետ երկու կողմն էլ չի կարող համաձայնել, քանի որ իրենց քաղաքական եղբայրը դրան դեմ է:

Խնդիրն այն է նաև, որ այդ ռեսուրսը՝ Արցախում ներկայությունը, Վլադիմիր Պուտինն ինքն է ուզում վաճառել Արևմուտքի վրա: Ռուսական զորքերի ներկայության նպատակն Արցախում փոխանակում կատարելն է՝ Արցախ Ղրիմի դիմաց:

Ռուսաստանը պատրաստ է Արցախից, Աբխազիայից, Օսեթիայից դուրս գալու, եթե Արևմուտքը Ղրիմը ճանաչի Ռուսաստանի մաս: Բնականաբար, Արևմուտքն էլ գտնում է, որ հարկավոր է ճնշել Փաշինյանին ու Ալիևին, որպեսզի նրանք առանց Ռուսաստանի համաձայնեն իրենց պահանջի հետ՝ անվտանգության երաշխավորի հարցում: Հիմա տեղի է ունենում այդ գլխավոր դիվանագիտական ու քաղաքական ճակատամարտը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am