«Չենք էլ մտածում հեռանալ ստեղից». Գետավանում ադրբեջանցիների սադրանքից հետո իրավիճակը հանգիստ է

Արցախի Գետավան համայնքում օրերս ադրբեջանցիների հրահրած սադրանքը, որը վերաճել էր հայ երիտասարդների հետ քաշքշուկի, չի կրկնվել: Համայնքի ղեկավար Արարատ Զաքարյանն ասում է՝ այդ դեպքից հետո ադրբեջանցիներն անցել են տարածքով, սակայն ոչ մի սադրանք ու վեճ չեն գրանցվել:

«Էդ օրը ադրբեջանցիները հարձակվել էին 2-3 դպրոցական երեխայի վրա, վեճ էր առաջացել, տեղացիները օգնել էին երեխեքին: Հիմա ամեն ինչ նորմալ ա»,- «Մեդիալաբին» ասում է Գետավանի գյուղապետ Արարատ Զաքարյանը:

Արցախի ոստիկանությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Մատաղիս-Քարվաճառ երթուղով հերթական անգամ կազմակերպվել էր ադրբեջանական բեռնատարների շարասյան երթևեկությունը: Բեռնատար մեքենաներից բացի շարասյան մեջ եղել է մեկ մարդատար ավտոմեքենա` քաղաքացիական հագուստով 4 ադրբեջանցիներով:

Տեխնիկական պատճառներով շարասյունը կանգ է առել Մարտակերտի շրջանի Գետավան համայնքում, որից հետո մարդատար մեքենայի ադրբեջանցիները դուրս են եկել մեքենայից և սկսել սանձարձակ ու սադրիչ վարք դրսևորել տեղում գտնվող հայ երիտասարդների նկատմամբ: Այդ հողի վրա առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում նշված ադրբեջանցիներին միացել են նաև բեռնատար մեքենաների վարորդները և բռնություն գործադրել հայ երիտասարդների նկատմամբ: Վեճը դադարեցնելու նպատակով նույն տեղանք են ներկայացել նաև երիտասարդների հարազատները, որի ընթացքում կողմերը քաշքշել են միմյանց: Միջադեպի մասնակիցները ստացել են թեթև մարմնական վնասվածքներ: Վնասվել է նաև ադրբեջանական մարդատար ավտոմեքենան:

Հաղորդվել էր, որ, ըստ նախնական տեղեկությունների, քաղաքացիական հագուստով անձինք Ադրբեջանի զինված ուժերի և ռազմական ոստիկանության ծառայողներ են, այնինչ ռուս խաղաղապահների միջնորդությամբ և ուղեկցությամբ նշված երթուղու պարբերաբար կիրառումը պետք է ունենար միայն հումանիտար նպատակներ:

Գյուղապետն ասում է, որ շինարարություն իրականացնող ադրբեջանցիները շաբաթական երեք անգամ անցնում են իրենց գյուղի միջով, սակայն նման սադրանք առաջին անգամ է եղել: «Չորեքշաբթի ու շաբաթ-կիրակի օրերին անցնում են տարածքով, գնում են Քարվաճառ, շինարարություն են անում»,- նշում է նա:

Զաքարյանի խոսքով՝ իրենց գյուղով թշնամի երկրի քաղաքացիների անցնելը տհաճ է, բայց վախեր չունեն. «Խնդիրն էն ա, որ իրանց մենք համարում ենք թշնամի, պատերազմ ա եղել, եկել սպանել են մեր հարազատներին, երկար տարիներ սերմանվել ա թշնամություն, ու հիմա անհնար ա միասին ապրել: Բայց մեկ ա՝ թող իրանք վախենան, մենք ոչ մի խնդիր չունենք: Այնպես չէ, որ մենք վախենում ենք ու մտածում ենք հեռանալ տարածքից, ո՛չ, նման բան չի կարող լինել: Նույնիսկ չենք էլ մտածում»:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am