«Լաչինի միջանցքի փակումը քաղաքական օպերացիա է, որին մասնակցում է Հայաստանը՝ ոչինչ չանելու տեսքով». Արմեն Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը

Պարո՛ն Բադալյան, ստեղծված իրավիճակում, երբ ադրբեջանական կողմը փակել է Հայաստանն ու Արցախը կապող միակ ճանապարհը, և՛ Հայաստանի, և՛ Արցախի իշխանության ու խորհրդարանական ընդդիմության գործունեությունը, միմյանց հետ համագործակցելու կարողությունն ինչպե՞ս եք գնահատում:

– Հայաստանում ընդդիմությունը Արցախի հետ կապված իրականացնում է իր պատկերացումներին համապատասխանող քաղաքականություն ու դրա վերաբերյալ փորձում է իր ուժերի սահմանների չափով գործողություն անել, որը տվյալ պահին կարող է լինել ընդամենը հայտարարություն ընդունելն Ազգային ժողովում, որի հիմքում պետք է լինեն ընդդիմության տեսլականները Արցախի վերաբերյալ: Բայց քանի որ իշխանությունների տեսակետն Արցախի վերաբերյալ 180 աստիճանով տարբերվում է ընդդիմության պատկերացումներից, բնականաբար, նրանք Արցախի հարցում համագործակցել ուղղակի չեն կարող, ինչի ապացույցը մենք տեսանք երեկ խորհրդարանում:

Ընդդիմությունը համարում է, որ Արցախի Հանրապետությունը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, իսկ իշխանությունը համարում է, որ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի կազմում, այս պարագայում համագործակցությունը բացառված է:

Իշխանությունը կարող է անել քայլեր, որոնք կնպաստեն այդ շրջափակման վերացմանը, բայց չի անում, որովհետև նրա գիծն է՝ Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում, ելնելով սրանից՝ իրենք մեղքի սլաքներն ամբողջությամբ ուղղում են Ռուսաստանի կողմը:

Արցախի ընդդիմությունն ու իշխանությունը կարող են համատեղ բազմաթիվ հայտարարություններ անել, բայց քանի դեռ այնտեղ լիարժեք իշխանափոխություն տեղի չի ունեցել, քանի դեռ նախագահը չի փոխվել, որը միանշանակ պատասխանատվություն է կրում ստեղծված իրավիճակի համար, այնքան, որքան ՀՀ վարչապետը, բնականաբար, ստեղծված իրավիճակից դուրս գալու քայլեր ԼՂ ղեկավարությունը չի ձեռնարկելու, բացի ինչ-որ կոչեր անելուց:

Եթե նրանք ուզում են լուրջ փոփոխություններ, պետք է սկսեն նախագահի հեռացումից: Քանի դեռ նախագահում է այն մարդը, որի մեղքով ստեղծվել է այս ճգնաժամը, ուրեմն այս իրավիճակը ձեռնտու է նաև ԼՂ մյուս քաղաքական ուժերին: Քաղաքականության մեջ չկա բարեգործություն, կա՛մ-կա՛մ է:

Ձեր տպավորությամբ՝ Արցախում հիմա փաստացի իշխանությունն ո՞վ է՝ Ռուբեն Վարդանյա՞նը, թե՞ Արայիկ Հարությունյանը:

– Նախագահը, որովհետև ուժայինները ենթարկվում են նրան: Ճիշտ է, արտգործնախարարությունն էլ հանձնված է պետնախարարի լիազորությանը, բայց կարևորը ուժային կառույցներն են ու նախագահի այդ կնիքը:

Լաչինի միջանցքի շուրջ ծավալվող իրադարձություններն ինչպե՞ս են հանգուցալուծվելու:

– Չի բացառվում, որ դա ինչ-որ քաղաքական օպերացիա է, որը լրիվ ուրիշ նպատակներ ունի: Չի բացառվում, որ սրա նպատակը հենց ԼՂ-ում գտնվող ռուս խաղաղապահների վարկաբեկումն է, ու առաջին փուլում նպատակ ունեն այդ տարածքում միջազգային, իհարկե՝ Ադրբեջանին բարեկամ երկրների, կառույցի ներկայացուցիչների ընդգրկել:

Քանի որ Ադրբեջանին չի հաջողվում Արցախից միանգամից հեռացնել ռուս խաղաղապահներին, երկքայլանի կոմբինացիա են իրականացնում՝ ստեղծել ճգնաժամային իրավիճակ, որից հետո այդտեղ կմտցնեն միջազգային դիտորդական ինչ-որ խումբ, որը ժամանակի ընթացքում կընդլայնվի ու միգուցե փոխարինի ռուս խաղաղապահներին:

Պարո՛ն Բադալյան, իսկ ձեր ասած այդ քաղաքական օպերացիայում Հայաստանը մասնակցություն ունի՞:

– Բնականաբար կա՝ ոչինչ չանելու տեսքով: Ոչինչ չանել նշանակում է ներգրավված լինել, որովհետև չեմ կարծում, որ այդ գործողությունը միակողմանի անում է Ադրբեջանը՝ առանց Հայաստանի լուռ համաձայնության, որովհետև այն, ինչ լսում ես իշխանական պատգամավորներից, հակառակը չես կարող մտածել:

Տեսակետներ էլ կան, թե սա ռուս-ադրբեջանական համատեղ ծրագիր է, որի նպատակը «Զանգեզուրի միջանցքը» պոկելն է: Իշխանական պատգամավոր Գագիկ Մելքոնյանն էլ ասում է, թե Ռուսաստանը վերջնաժամկետ է ներկայացրել իրենց, որ մտնեն Միութենական պետության կազմի մեջ, իրենք հրաժարվել են, որից հետո էլ Ռուսաստանը փակել է Լաչինի միջանցքը:

– Չեմ կարծում, որովհետև այդ միջանցքը ռուսներին պետք է, որ իրենց վերահսկողության տակ լինի, իսկ ադրբեջանցիներին ու թուրքերին դա բնավ պետք չէ: Իսկ միութենական պայմանագիրը չի համապատասխանում իրականությանը, որովհետև դա հերքվել է, ու, ճիշտն ասած, Ռուսաստանին հիմա Հայաստանի հետ միութենական պայմանագիր կնքելը ընդհանրապես պետք չէ:

Պարո՛ն Բադալյան, ընդդիմությունը երեկ կրկին հանրահավաք էր հրավիրել ու փողոց դուրս եկել: Այս կերպ բեկում կկարողանա՞ն մտցնել ստեղծված իրավիճակում:

– Ո՛չ, որովհետև փորձը ցույց տվեց, որ 200 հոգով բեկում մտցնել չի լինում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am