«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը
– Պարո՛ն Ղուկասյան, ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների երեկվա մոսկովյան հանդիպումը։ ՀՀ արտգործնախարարի՝ այդ հանդիպմանը չմասնակցելու որոշումը ճի՞շտ էր։
– Հանդիպման նպատակը ողջ աշխարհին ասելն էր, թե Արցախի շրջափակում չկա, որովհետև գլխավոր ուղերձը, որն արեցին Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները ըստ էության դա էր։ Ադրբեջանն այսօր իր գործողությունների համար գտնվում է սուր քննադատության տիրույթում, ու այդ հանդիպումն անհրաժեշտ էր երկուսին էլ, որ ցույց տային իրենց համերաշխությունը։
Սա նախադեպ է՝ բացարձակ խաբեության վրա արտաքին քաղաքականությունը ձևավորելու հարցում, Ռուսաստանի արտաքին քաղաքականությանը դա բնորոշ է, Ուկրաինայի հետ կապված ճգնաժամում հերքում է ակնհայտ փաստերը։ Ադրբեջանի համար էլ դա նորություն չէ, ու բացարձակ լկտի խաբեության վրա արտաքին քաղաքականություն են վարում։
Բնականաբար, Արարատ Միրզոյանն այդ «շաբաշին» չէր կարող մասնակցել, ակնհայտ էր, որ եթե ՀՀ արտգործնախարարն էլ միանար այդ հայտարարությանը, դա ընդհանրապես ֆարս կլիներ։
– Իսկ չէ՞ր կարող գնալ ու ցույց տալ հակառակը, իրողությունը։
– Կարծում եմ՝ ոչ, որովհետև այս շրջափակումը համատեղ պրոյեկտ է բոլոր այն ուժերի, որոնք պայքարում են 44-օրյա պատերազմի արդյունքը օրինականացնեն, ու գլխավոր խնդիրը ռուսական զորքերին միջազգային մանդատի տրամադրումն է, ինչի համար այդ ամբողջը կազմակերպված է։ Տեսնում ենք, որ Արցախի ու Հայաստանի իշխանություններն էլ դեմ չեն դրան։ Ու այստեղ ցավալի է, որ Արցախի մեր հայրենակիցները կեղտոտ քաղաքական խաղի պատանդը դարձան։
– Այդ ամենին զուգահեռ Արարատ Միրզոյանը երեկ ակտիվ հեռախոսազրույցներ ունեցավ արևմտյան ներկայացուցիչների հետ, սա ի՞նչ է նշանակում։
– Արցախի շրջափակումը լրջագույն խնդիր է, ու ԱՄՆ-ն, Ֆրանսիան որոնում են լուծման միջոցներ՝ ինչպես քանդել այդ քաղաքական նախագիծը։ Առաջին հերթին, իհարկե, այստեղ Ադրբեջանն է հանդես գալիս որպես պատասխանատու կողմ, բայց և Հայաստանի դիրքորոշումը նույնպես կարևոր է, և իրավիճակը մեր իշխանությունների համար իսկապես ցավալի է, որովհետև նրանք կողմ են հանդես գալիս ռուսական զորքերին մանդատ տրամադրելու, ուստի հիմա պիտի զսպվածություն ցուցաբերեն այն փաստի նկատմամբ, որ հենց ռուսական կողմն է այս ամբողջ իրադարձությունների ճարտարապետը։
Հասկանալի է, որ Լաչինի միջանցքը արտատարածքային ճանապարհ է, ու առանց ռուս զինվորների թույլտվության Ադրբեջանի որևէ քաղաքացի չէր կարող անցնել, այսինքն՝ այս ամենը տեղի ունեցավ հենց ռուսական զինվորական ղեկավարությամբ, բնականաբար՝ քաղաքական որոշման արդյունքում։
– Պարո՛ն Ղուկասյան, իսկ միջանցքի բացումը մոտ ապագայում հնարավոր համարո՞ւմ եք, ու ինչի՞ դիմաց կլինի դա։
– Իմ կարծիքով՝ կոշտ միջոցներ են ձեռնարկվելու Ադրբեջանի դեմ, որպեսզի ստիպեն դադարեցնել իր գործողությունները։ Ռուսաստանի նկատմամբ անհնար է որևէ ավելի միջոց գործադրել, քան այն, ինչ անում է Արևմուտքն այսօր, այսինքն՝ Ռուսաստանն այստեղ մի կողմ է, որն այլևս կորցնելու բան չունի, բայց Ադրբեջանն ունի կորցնելու բաներ, ու, բնականաբար, հենց այդ կետերի վրա էլ դրվելու է շեշտը, որպեսզի հարկադրեն Ադրբեջանին դադարեցնել այդ ֆեյք քաղաքացիական ակցիան։ Այդ հարկադրանքը լինելու է Եվրամիության, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կողմից։
– Հայաստանի իշխանությունները ստեղծված իրավիճակին համարժե՞ք են գործում։
– Ակնհայտ է, որ լուրջ հակասություն կա․ ո՞նց կարելի է միջազգային հանրությունից պահանջել մանդատ տրամադրել ռուսական կողմին, երբ ռուսական կողմը հեշտությամբ դիմում է այսպիսի քայլերի։ Հայաստանի իշխանությունները հայտնվել են մի վիճակում, երբ Ռուսաստանին քննադատել չեն կարող, իսկ ճակատագրից բողոքել, ինչը անում են, ևս պետք է զուսպ անեն, որպեսզի հենարան չտան Արևմուտքին՝ այդ կոշտ գործիքները Ադրբեջանի դեմ կիրառելու։ Արդյունքում՝ իշխանության այս գործողությունները ո՛չ Հայաստանում, ո՛չ Արցախում չեն կարող ընկալվել։
– Բայց Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահն ու այլք ասում են, որ, ըստ էության, ռուսական կողմը ևս չի կատարում նոյեմբերի 9-ի իր պարտավորությունները։ Սա բողոք չէ՞։
– Դա ճակատագրից բողոքելն է, որովհետև այդ դեպքում ո՞րն է Հայաստանի քաղաքական քայլը, եթե Ռուսաստանը չի կատարում իր պարտավորությունները։ Հայաստանը պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Արցախում միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայելու խնդրանքով, բայց տեսանք, որ այնտեղ Հայաստանը չհամարձակվեց այդ հարցը բարձրացնել, ու ստեղծվեց երկիմաստ դրություն՝ Հայաստանն ու Արցախը տուժող կողմ են, բայց իրավիճակի վրա իրապես ազդելու որևէ քաղաքական կամք այս իշխանությունները չեն կարող դրսևորել, որովհետև դա կնշանակի ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունների էական փոփոխություն, ընդհուպ փլուզում։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am